«…Ավելի շատ զբաղված ենք մամլիչի ազդեցությունը նվազեցնելով »
10:25, March 30, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
-Իսկ ի՞նչ փոփոխություններ կան իրավապաշտպան դաշտում եւ ու՞ր են տանում այդ փոփոխությունները:
– Չէ, փոփոխություններ չկան, այսինքն համակարգային որեւէ փոփոխություն չկա: Կա մի քանի դեպք, որոնք ուղղակի բացառություններ են: Օրինակի համար հոգեկան առողջական խնդիր ունեցողների իրավաբանական օգնություն ստանալու հարցում, եթե անձին տեղափոխում են հոգեբուժական հիվանդանոց, հանրային պաշտպանից օգտվելու հնարավորություն ունեին նրանք, ովքեր սոցիալապես անապահով էին: Նոր օրենքը թույլ տվեց, որ հոգեկան առողջական խնդիր ունեցողը իր փաստացի իրավունքների հարցով առանց մտածելու՝ գումար ունի՞, թե՞ չունի, հանրային պաշտպանի ծառայությունից կարող է օգտվել: Ուղղակի հիմա հարցը, խնդիրը լուսաբանելն է, հաճախ մարդիկ չգիտեն դա: Հոգեկան առողջական խնդիր ունեցողները շատ խոցելի են այդ թվում նաեւ հարազատները: Ավելին, հարազատները հաճախ անգամ շահագրգռված են լինում, որ տեղափոխեն, ասենք շահագրգռվածություն ունեն սեփականության կամ ժառանգության, ազատվելու խնդիր ունեն, կոպիտ ասած:
Զինված ուժերում վերջին տարիներին սկսեցինք ունենալ ժամկետից շուտ սպաների հոսք, այսինքն մարդը չի սպասում իր պայմանագրային ժամկետը լրանալուն՝ արդեն ուզում է դուրս գալ: Նկատեցինք դիմողների թվի աճը:
Մի քանի տարի առաջ անձին առանց դատարանի որոշման կալանքի տակ էին պահել, որը հետախուզվում էր ամերիկյան իրավապահների կողմից: Մենք այդ դատական գործընթացը սկսեցինք, քրեական գործ հարուցվեց, ցավոք սրտի, հետո պահանջ ներկայացրեցինք, քրեական գործը չհարուցվեց, որովհետեւ քրեակատարողական հիմնարկի պետի եւ գլխավոր դատախազի տեղակալի կողմից էր այդ ամենը եղել, չհարուցվեց, հետո դիմեցինք դատարան: Վերաքննիչ դատարանը բավարարեց, ճանաչեց, որ մարդու իրավունքի խախտում է եղել, բայց մենք կրկին չկարողացանք դատարանի որոշման հիման վրա քրեական գործ հարուցելուն հասնել, որովհետեւ անձը ընդհանրապես հրաժարվեց, ասաց՝ ես այս գրանտակերներին չեմ լիազորելու իմ իրավունքների պաշտպանությունը: Իրեն ուղղակի համոզել էին, որ պետք չէ բողոքել, թե չէ վիճակդ ավելի վատ կլինի: Ինքն էլ իր ցուցմունքներում էր նույնիսկ գրել, դատարան կամավոր դիմում էր գրել, որ չեմ ուզում, որ դրանք զբաղվեն, դրանք ովքե՞ր են, իմ իրավունքները չեն խախտվել եւ այլն:
– Ի՞նչ այլ խնդիրներ եք նկատում իրավապաշտպանության ոլորտում:
– Խնդիրն այն է, որ կա խորը անվստահություն իրավական համակարգի նկատմամբ, կա վախ, որ բողոքի դեպքում իրավիճակը կարող է ավելի վատանալ, բարդանալ: Իսկ դա մեզ դնում է շատ ավելի բարդ կացության մեջ, որովհետեւ, եթե անձը հրաժարվում է, ճիշտ է մենք ունենք գործը շարունակելու հնարավորություն, բայց եթե անձը հրաժարվել է մեր կամ այլ իրավապաշտպանների օժանդակությունից, եվրոպական դատարան հո առանց իրեն չե՞նք կարող գնալ: Ուղղակի արձանագրում ենք, թե դատական իշխանությունը ինչպիսին է, դատական մարմիններն ինչպես են իրենց պահում միջազգային պարտավորությունների կատարման տեսակետից: Անձի հրաժարվելը դեռ հիմք չէ, որ քրեական հետախուզում չիրականացվի, նաեւ, եթե անձը նույնիսկ հրաժարվում է, դու պետք է միջոցներ ձեռնարկես, որպեսզի անձը իրեն պաշտպանված զգա, հետաքրքրված լինի իր իրավունքների պաշտպանության հարցով: Իսկ իշխանությունը, պետությունը շահագրգռված չեն նման վիճակ ստեղծել: Ավելի շատ իրավունքի խախտման փաստը կոծկելու տրամաբանությունն է գերակայում, քան թե խախտված իրավունքը վերականգնելու այդ պարտավորության գիտակցումը:
Հայաստանում ֆունդամենտալ խնդիրներ կան, համակարգային կարեւոր խնդիրներ կան, առանց որոնց լուծման իրավիճակի փոփոխություն անհնար է պատկերացնել: Առաջինը դա ընտրություններն են, մինչեւ երկրում օրինական ընտրություններ չլինեն՝ ազատ եւ արդար, կապ չունի, թե ով ընտրվի, կարեւորը այն է, որ ձեւավորված իշխանությունը պատասխանատվությունը գիտակցի: Ընտրությունը պատասխանատվություն է ենթադրում, սա առաջին պայմանն է: Երկրորդը` ազատ խոսքը, այսինքն մարդը չպիտի վախենա իր կարծիքն արտահայտելուց եւ դա պետության պարտականությունն է, պետությունը պարտավոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որ բազմակարծություն ապահովվի: Օրինակ Հ1 հեռուստաընկերությունը, որը հանրային հեռուստաընկերություն է եւ հանրության փողերով է գործում, ըստ էության չի ապահովում հանրության մեջ տիրող կարծիքի բազմազանության տարածումը, ինքը շարունակում է մնալ իշխանության խոսափող, որպես պրոպագանդիստական միջոց: Բայց դա շատ կարեւոր նախապայման է, որպեսզի մենք կարողանանք որեւէ բան ակնկալել: Հարցն այն չէ, որ բոլոր խնդիրները կախարդական փայտիկով լուծվելու են, բայց որո՞նք են այն անհրաժեշտ նախապայմանները, առանց որոնց խնդիրները լուծում չեն ստանա, առանց դրանց հնարավոր չէ, որ մենք ունենանք մի գործընթաց, որ հավատաս, թե խնդիր կլուծվի: Եվ դրա համար ինչ ջանք էլ գործադրես, ձեռքբերումդ լինելու է ժամանակավոր կամ սահմանափակ կիրառություն, ազդեցություն: Երրորդը դա դատական իշխանության անկախությունն է, դատավորը պետք է անկախ լինի, այսինքն խախտված իրավունքի վերականգնման միակ ինստիտուտը դատարանն է, բայց նա անկախ չէ: Դատարանը պետք է անկախ լինի, որպեսզի իրավունքի խախտումը ճանաչի որպես այդպիսին եւ ապահովի արդար դատաքննություն: Բայց երբ ծախված է դատավորը, խախտված իրավունքը վերականգնելու հնարավորությունը չքանում է, ինքը դառնում է էլի խախտում: Առանց այս երեք կարեւոր նախապայմանի, համակարգային փոփոխությունների հավանականությունը զրոյանում է:
– Բայց որ մարդիկ սկսել են իրենց իրավունքների հարցով բողոքել՝ դա փաստ է:
– Բայց որ քաղաքացիական դրսեւորումները արդեն դառնում են, որպես քաղաքացիական նախաձեռնության ձեւեր՝ դա փաստ է: Ուղղակի, շատերը համարում են, թե ամոթ է բողոքելը: Բայց մտածողության տեղաշարժ կա, որ՝ չէ, ամոթ չէ: Գուցե եւ կոռուպցիոն մեխանիզմները օգտագործելու հնարավորությունը այսօր կրճատվել է, որովհետեւ աղքատությունն է մեծացել, մարդը փող չունի՝ խնդիր լուծելու, եւ իրավական մեթոդներին դիմում է, որպես վերջին միջոց, բայց այնուամենայնիվ, եթե նայում ենք բողոքողների ցանկը, բոլորը չէ, որ գումար չունեն, այլ արդեն կա սկզբունքային դիրքորոշման կարեւորությունը, որ չի կարելի հաշտվել անարդարության հետ: Պայքարը հետեւողական չի լինում, շարունակական չի լինում, համակարգային խնդիրներ չեն դրվում եւ այլն, դա իրապես կա:
Բայց լավ կլիներ ոչ թե դրան արձագանքող լիներ, այլ կանխարգելող: Որ մինչեւ խնդիրը հասունանալը դու մտածես, որ այդ խնդիրը գալիս է եւ դրա դեմն առնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկես: Բայց դրա համար էլ անհրաժեշտ նախապայման է, որպեսզի պատասխանատու քաղաքական համակարգ ունենաս, որովհետեւ մենք որոշում կայացնողների հետ պետք է աշխատենք, իսկ որոշում կայացնողների մեծ մասը կարող եմ ասել, որ ապրում է իր փակ համակարգերում, կոռուպցիոն շահերով եւ, կապ չունի ընդդիմություն-բան, փողն է, որոշում է միայն այդ փողը, եւ որոշիչը մարդու, քաղաքացու շահը չէ, որը միշտ շահարկվում է, օգտագործվում է: Այսինքն ունենք բավական անորոշ, ավելի ճիշտ, խառը վիճակ. խնդիրներ, բողոքող քաղաքացիներ, շատ քիչ բողոքող, շատ մեծ թվով դժգոհ, անտարբերների մի հատված եւ քաղաքական պետական համակարգ, որն ինքը լավ մանիպուլացնում է այդ ամենը կամ արհամարհած ունի, այսպիսի մի վիճակ է:
Իրավապաշտպանության համար միջոցներ են հարկավոր, որը շատ չունի այս ոլորտը: Դրա համար ստիպված ես դիմել եվրոպական փողերին, ամերիկյան փողերին, Ռուսաստանը եւ Հայաստանը իրավապաշտպաններին աջակցող չեն: Այսինքն, մարդու իրավունքների խախտման կամ վիճակի տեսակետից մարտահրավերները շատացել են նաեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելով: Բայց շատ կարեւոր է հնարավորությունների մասին խոսելը: Ճիշտ է, դեռ Եվրախորհրդի անդամ ենք, լավ է, որը ամենաարդյունավետ տարածաշրջանային կառույցն է: ԵԱՀԿ-ն ավելի խորհրդատվական մանդատ ունի, իսկ Եվրախորհուրդը իմպերատիվ, հրամայական գործիքներ ունի: Տեսնենք՝ ինչ կլինի: Բայց այս վիճակը չի կարող շարունակվել: Մենք պետք է շարունակենք տվյալների հավաքագրումը, իրավիճակի վերլուծությունը, առաջարկությունները, դատական գործընթացները, մոնիթորինգը եւ այլն: Այսինքն դու պետք է քաղաքացիական հասարակության վերահսկողությունը ստեղծես եւ ունենաս: Դա չի կարող միանգամից լինել, դա պետք է դառնա եւս մեկ համակարգ: Որովհետեւ, երբ պետական, իշխանական համակարգերը, քաղաքական համակարգերը կան ու քաղաքացիական համակարգը որպես այդպիսին ձեւավորված չէ, այդ պատճառով էլ այսպիսի խեղումներ են լինում, իրար խժռում են: Քաղաքական միտք չկա, իրավական միտք, քաղաքացիական միտքը դե չկա որպես այդպիսին: Միայն քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով են որոշակի բաներ պահպանվում:
Եվ քաղաքացիական հասարակության շատ փոքրաթիվ կառույցների միջոցով ձեւակերպվում են օրակարգային հարցեր, բայց ռեսուրսների հնարավորություն, որպեսզի դրանք արտադրվեն, մի փոքր շատ պրոբլեմատիկ է դեռ: Սակայն, դա այն հնարավորությունն է, որը այս պահին կարեւոր է պահպանելը, որպեսզի ընդհանրապես իրավիճակը էլ ավելի չվատանա: Մենք ավելի շատ զբաղված ենք մամլիչի ազդեցությունը նվազեցնելով, կարող է շատերն ասեն՝ սա եք արել, նա եք արել, բայց ես ասում եմ՝ առանձին բացառություններ են ընդամենը, դրանք ընդամենը օրինակ են այն բանի, թե ինչպիսին պետք է լինի: Մենք ռեալ կյանքով ենք ապրում, ռեալ պետության մեջ եւ պետության բովանդակությունը բարեփոխելու խնդիր ունենք: Եվ այդ տեսակետից նախադեպերը միշտ կարեւոր են, օրինակի ուժը միշտ կարեւոր է, մենք նախադեպեր ստեղծողներն ենք եւ պահողը:
Աղբյուրը՝ www.asparez.am