«Այսօր Հիմնադիր խորհրդարանը, վաղը կարող է լինել Քաղաքացիական պայմանագիրը» (տեսանյութ)
11:50, April 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրդյո՞ք չեն խախտվել Մարդու իրավունքները Հիմնադիր խորհրդարանի 7 անդամներին ձերբակալելիս. «Քանի որ ըստ էության հետաքննության փուլ է, ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն անելու գործերի հետ կապված»,-նշեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Իսկ որպես իրավաբան ինչպե՞ս է գնահատում երեկվա դեպքերը Հովհաննես Մանուկյանը. «Որպես իրավաբան, ցանկացած նման պատասխան գնահատվելու է պատասխան մարդու, որն այսօր երկրի արդարադատության նախարարն է»։
Նախարարը անմեղության կանխավարկածի խախտում չի տեսնում, երբ քննչական կոմիտեն նշել էր, թե կանխվել են զանգվածային անկարգությունները. «Անձ հիշատակված չէ»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է՝ հիմնադիր խորհրդարանի անդամներին առաջադրված մեղադրանքը հորինված է եւ կեղծ. «Հիմնականում այն անձանց ձերբակալեցին, որոնք ըստ Սերժ Սարգսյանի կարծիքի՝ որոշակի դերակատարում կարող էին ունենալ հասարակական կամ քաղաքական այդ շարժման իրականացման համար»,- ասաց Արթուր Սաքունցը։
Ըստ Սաքունցի՝ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը պահելու համար է դիմում ուժի եւ բռնության գործադրմանը. «Այսօր Հիմնադիր խորհրդարանը, վաղը կարող է լինել քաղաքացիական պայմանագիրը, մյուս օրը կարող է լինել նոր քաղաքացիական կամ քաղաքական շարժում։ Երբ հարց են դնում օրակարգում իշխանությունը փոխելու, միանշանակ վտանգ է ներկայացնում, նույնիսկ եթե լինում է այնպիսի հարցադրում, որը իշխանությունը չի կարող կարգավորել եւ կառավարել»։
Արթուր Սաքունցը համոզված է՝ ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու կալանքը՝ 72 ժամը լրանալուն պես: