Սաքունցը՝ Ջունգլին ազատ արձակելու մասին. «Օրը ցերեկով բեսպրեդել է»
10:47, April 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱզատամարտիկ Վահան Թումասյանին կնոջ եւ աղջկա առաջ ծեծելով սպանած Գեւորգ Սարգսյանը՝ Ջունգլը ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի երկրորդ եզրակացության արդյունքում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում կատարվածը խայտառակություն անվանեց. «Ես կարող եմ բացատրել միայն հովանավորչությամբ, որովհետեւ չեմ կարծում, որ կոռուպցիայով կամ կաշառքով հնարավոր է նման քայլ կատարել, դա պետք է լինի բավականին լուրջ իշխանական երաշխիք: Եվ դա, իհարկե՛, օրը ցերեկով բեսպրեդել է»:
Նրա խոսքերով՝ եթե նույնիսկ դատաբժշկական փորձաքննությունը նման եզրակացություն է տալիս, ապա նման ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին չպետք է ազատ արձակել, այլ պետք է միջնորդել այլ դատաբժշկական փորձաքննության. «Այսինքն՝ կասկածներ, որ այդ եզրակացությունը ավելին քան չի համապատասխանում գործի օբյեկտիվ փաստերին, շատ են: Տեղի ունեցածը խայտառակություն է»:
Արթուր Սաքունցը համարում է, որ գործը պետք է բողոքարկվի. «Այս գործը ոչ միայն պետք է բողոքարկվի վերաքննիչ ատյանում, այլ եթե այսպես շարունակվի պետք է հաղորդումներ տրվեն այդ դատաբժշկական փորձաքննության հետ կապված: Չգիտեմ, թե գործով փաստաբանն ով է եւ ինչ է պատրաստվում անել, սկզբունքորեն, եթե հարազատները ցանկություն կունենան ես ավելի անմիջականորեն կծանոթանայի գործի հանգամանքների եւ կաջակցեի գործով տուժողներին»:
Աղբյուրը՝ www.aravot.am