ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ԱԱԾ գործը ՀՀ վարչական դատարանում
19:34, April 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թվականի հունվարի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանին, ՀՀ Կառավարության 2014թ. փետրվարի 27-ի թիվ 303Ն որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի շրջանակներում» իրականացված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:
ՀՀ ԱԱԾ-ն մերժել է կազմակերպության հարցումը՝ հիմնավորելով այն հետևյալ կերպ. «…Ձեր հարցմանը վերաբերող մնացած տեղեկատվությունը պարունակում է ծառայողական գաղտնիք համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Ձեզ տրամադրվել չի կարող»: Այնինչ, հարցված տեղեկատվությունը իր բնույթով և գործողություններով չի կարող դիտվել որպես ծառայողական գաղտնիք:
ՀՀ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 2-րդ մասի համաձայն՝ «Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկատվություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը», մինչդեռ վերը նշված պահաջվող տեղեկատվությունը վերաբերում է ընդամենը կազմակերպական և ընթացակարգային հարցերին, որոնց հրապարակայնությունը ՀՀ անվտանգությանը որևէ վնաս չի կարող հասցնել:
Ղեկավարվելով վերոգրյալից և ներկայացնելով անհրաժեշտ փաստական հանգամանքներ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թ. մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ խնդրելով՝ պարտավորեցնել ՀՀ ԱԱԾ-ին տրամադրել 26.01.2015թ-ին հայցված տեղեկատվությունը:
ՀՀ վարչական դատարանը 18.03.2015թ-ի որոշմամբ վարչական գործով հայցադիմումն ընդունել է վարույթ:
2015թ-ի ապրիլի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ վարչական դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխանը և լիազորագիր, որով ՀՀ ԱԱԾ-ի աշխատակից Մխիթար Մկրտչյանին լիազորել է՝ հանդես գալու ՀՀ դատարաններում, որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ «Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ հայցով տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին վարչական գործը քննելիս:
Դատական առաջին նիստի օրը դեռևս նշանակված չէ: