Խուդոյաններն ընդդեմ ՀՀ ոստիկանության գործի դատաքննությունը շարունակվում է
17:07, April 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն2015 թ. ապրիլի 20-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, շարունակվեց ՀՀ ոստիկանության դեմ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործով ներգրավված վկաների ներկայությունն ապահովելու նպատակով:
2015 թ. ապրիլի 20-ի դատական նիստին հարցաքննվեցին գործով ներգրավված վկաներ, հայցվորների հարևաններ Գրետա Ֆիդանյանը, Անի Ֆիդանյանը և Վահագն Սիմոնյանը:
Գործով հարցաքննված վկա Գ. Ֆիդանյանը հայցվորի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի հարցերին ի պատասխան հայտնեց, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին, առավոտյան 07:00-07:30-ի սահմաններում Հ. Մակարյանը լացելով եկել է իրենց բնակարան, հայտնել, որ իրենք նստացույցի են եղել, և Վ. Պուտինի գալու պատճառով իրենց հեռացրել են նստացույցի վայրից: Վկան նշեց, որ Հ. Մակարյանի հետ եղել է մեկ երիտասարդ, ով անընդհատ ասել է, որ Հ. Մակարյանը տուն գնա, իսկ Հ. Մակարյանը պնդել է, որ տուն կգնա միայն ամուսնուն՝ Ա. Խուդոյանին բերելուց հետո: Վկան նշեց, որ քաղաքացիական հագուստով երիտասարդին նախկինում չէր հանդիպել, չէր ճանաչում: Ըստ վկայի՝ Հ. Մակարյանն իրենց բնակարանում, իսկ երիտասարդը՝ բակում, մնացել են շուրջ 20-30 րոպե, որից հետո հեռացել են: Հնչեցված հարցին ի պատասխան վկան նշեց, որ նույն օրը հայցվորներն այլևս չեն եկել իրենց բնակարան, որևէ օգնություն չեն խնդրել, իսկ դեպքի մանրամասների մասին հետագայում չեն խոսել, չեն փորձել պարզել՝ ինչ էր տեղի ունեցել: Միաժամանակ, վկան հայցվոր Հ. Մակարյանի հարցին ի պատասխան նշեց, որ նախկինում Հ. Մակարյանը երբեք իրենց տուն չէր գնացել:
Այնուհետև հարցաքննվեց Գ. Ֆիդանյանի թոռնուհին՝ Անի Ֆիդանյանը: Վերջինս, նույնպես նշեց, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին, մոտավորապես 08:00-08:30-ի սահմաններում, երբ իրենք ընտանիքով քնած են եղել, Հ. Մակարյանը եկել է իրենց տուն, նրա հետ անծանոթ երիտասարդ է եղել, ով քաղաքացիական հագուստ է կրել: Վկան նշեց, որ 2013 թ. դեկեմբերի 2-ին նա այլևս հայցվորներին չի տեսել, հայցվորներն իրենից բջջային հեռախոս չեն վերցրել:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև գործով վկա Վահագն Սիմոնյանը: Վերջինս նշեց, որ տեղյակ է Ա. Խուդոյանի բնակարանային խնդիրների մասին, դրանց մասին տեղեկացել է հայցվորից: Հայցվորների ներկայացուցչի հարցերին ի պատասխան նա հայտնեց, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին, մոտավորապես 16:00-18:00-ին Ա. Խուդոյանը եկել է իր բնակարան՝ շան համար կեր տանելու նպատակով: Նա նշեց, որ հայցվորին ուղեկցել են երկու երիտասարդներ, ովքեր կանգնած են եղել հեռվում: Վկան ցուցմունքում նշեց, որ Ա. Խուդոյանը չի հայտնել, թե ովքեր են երիտասարդները, չի հայտնել նստացույցի վայրից իրեն և իր ընտանիքի անդամներին հեռացնելու մասին: Վկան հայտնեց նաև, որ իր և Ա. Խուդոյանի խոսակցությանը որևէ այլ անձ ներկա չի գտնվել: Վ. Սիմոնյանը հայտնեց, որ շան կերը վերցնելուց հետո Ա. Խուդոյանը հեռացել է երիտասարդների հետ: Վկան նշեց, որ երիտասարդները քաղաքացիական հագուստ են կրել և չգիտի՝ նրանք ոստիկաններ են, թե ոչ: Հայցվորների ներկայացուցիչը հարցրեց վկային, թե արդյոք 2014 թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին որևէ անձ այցելել է իր բնակարան և ներկայացել որպես հայցվորների ներկայացուցիչ: Հարցին վկան դրական պատասխան տվեց, նշեց, որ իր բնակարան են այցելել երիտասարդ տղա և աղջիկ, աղջիկը ներկայացել է որպես Ա. Խուդոյանի ներկայացուցիչ և խնդրել պատմել դեպքի մանրամասները: Վ. Սիմոնյանը նշեց սակայն, որ իր բնակարան այցելած անձինք չեն ներկայացել, անուն ազգանուն չեն հայտնել: Հայցվորների ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ աղջիկն ինքն է եղել: Վկան նախ հստակ չկարողացավ նշել, սակայն այնուհետև ասաց, որ իր բնակարան այցելած անձն ավելի բարձրահասակ էր: Այնուամենայնիվ, վկան հայտնեց, որ անծանոթներին պատմել է դեպքի վերաբերյալ իրեն հայտնի մանրամասները:
Գործով ներգրավված վկաների հարցաքննությունն այսքանով ավարտվեց:
2015 թ. ապրիլի 20-ի դատական նիստը հետաձգվեց դատարանի պահանջով դեպքի առթիվ հայցվոր Հ. Մակարայանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման և դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտերի պատճենները դատարան ներկայացնելու համար:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թ. մայիսի 5-ին, ժամը 16:00-ին: