Տեղի ունեցավ «Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով
17:11, April 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խտրականության արգելումԱպրիլի 17-18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԲՀՀ-Հայաստանի ֆինանասական աջակցությամբ կազմակերպեց «Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով Աղվերանում:
Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել ՀՀ ԱՆ նյարդահոգեբուժական հաստատությունների աշխատողների, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայողների, փաստաբանների, լրագրողների և իրավապաշտպանների իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների ոլորտում` հավասարության սկզբունքի, խտրականության դրսևորումների և մարտահրավերների մասին` գիտելիքների զարգացման և փորձի փոխանակման միջոցով:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և հիմնարկների, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի, նյարդահոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, փաստաբաններ, քաղաքացիական ակտիվիստներ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին խտրականություն դրսևորման ձևերը, խտրականության դեմ պայքարելու միջոցները և դրանց կարևորությունը: Ներկայացվեց խտրականության դեմ պայքարում ներպետական օրենդրությամբ և միջազգային համաձայնագրերով ամրագրված դրույթները: Պլենար քննարկումների ժամանակ զեկուցողների կողմից ներկայացվեցին Հայաստանում խտրականության ենթարկվող խոցելի որոշ խմբերի խնդիրները և նրանց հանդեպ դրսևորվող խտրականության տեսակները:
Մասնավորապես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոնիթորինգի մասնագետ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փորձագետ Մարիետա Թեմուրյանը ներկայացրեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ խտրականության դրսևորման տեսակները, առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող մոնիթորինգների արդյունքում հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրներն ու բացթողումները:
Թմրամիջոցներ գործածող անձանց խնդիրներին և նրանց նկատմամբ առկա խտրականության դրսևորումներին անդրադարձավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պացիենտների հարցերով իրավաբան Սուզաննա Ղարաղաշյանը:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին անդրադարձավ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը:
ՀՀ-ում կանանց իրավունքների խախտումներին և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին անդրադարձավ ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, իսկ ԼԳԲՏ համայնքի խնդիրները և Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման ու նրանց հանդեպ անհանդուրժողականության և խտրականության խնդրի մասին ելույթ ունեցավ «Նոր Սերունդ» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը:
Աշխատաժողովի մասնակիցները ակտիվ քննարկումների միջոցով վեր հանեցին ՀՀ-ում առկա խտրականության դրսևորման տեսակները և թիրախ խմբերը, ինչպես նաև գործնական աշխատանքի միջոցով առանձնացրին իրենց հուզող խնդիրները և փորձեցին գտնել այդ խնդիրների լուծման ուղիներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող, Եվրապայի Խորհրդի կողմից հավատարմագրված փորձագետ Անահիտ Չիլինգարյանը՝ խոսելով աշխատաժողովի մասին, նշեց, որ «Կան կարծրատիպեր, որոնք չափազանց խորը արմատներ են գցել մեր մտածելակերպի մեջ: Մենք մեր գործողությունների, մարդկանց հանդեպ վերաբերմունքի մեջ առաջնորդվում ենք այդ կարծրատիպերով, հաճախ նաև չընդունելով դա: Կազմակերպությունը փորձեց քննարկման և երկխոսության հարթակ ստեղծել մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար խոցելի մի շարք խմբերի հանդեպ խտրականության դրսևորման դեպքերը, այդ պատճառով անձանց իրավունքների խախտումները և այս ամենին հանգեցնող կարծրատիպերը քննարկելու համար:
Ակնկալում ենք, որ միջոցառումը խթան կհանդիսանա աշխատաժողովում ներգրավված անձանց և մարմինների համար առավել մեծ ուշադրություն դարձնելու իրենց աշխատանքի ընթացքում ի հայտ եկող խտրականության դրսևորումների, խոցելի խմբերի իրավունքների արդյունավետ իրացմանը»:
Այս մասին գրել են նաև աշխատաժողովի մասնակիցները՝ www.cultural.am, iravaban.net
«Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողովի վերաբերյալ հաշվետվությունը տես այստեղ