Պատերազմի մեջ գտնվող երկրի 10 հազար երիտասարդ ՀՀ քաղաքացի հետախուզման մեջ է
22:41, May 1, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՈչ պաշտոնական տվյալներով՝ 2003 թվականից ի վեր շուրջ 10 հազար 27 տարին չլրացած հայ երիտասարդ գտնվում է արտերկրում՝ հետախուզման մեջ՝ խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից: Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու առաջարկ է անում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ դրանով հնարավորություն ընձեռելով նրանց վերադառնալ հայրենիք:
Օրերս էլ ՀՀ կառավարության կողմից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով: Նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
ԱԺ-ում այդ նախագծի քննարկման ժամանակ սփյուռքի նախարարն առաջարկեց, որ մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը ծառայությունից խուսափողները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից:
«Առաջարկվում է, որ մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը ծառայությունից խուսափողները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները մուծեն, ու խնդիրը կարգավորվի»,- ասաց Հակոբյանը:
Նախարարը ընդգծեց, որ այդ երիտասարդները Հայաստան չեն կարողանում գալ այդ արգելքի պատճառով, իսկ եթե քրեական հետապնդումը դադարեցվի, ապա նրանք կկարողանան հայրենիք վերադառնալ, վճարել անհրաժեշտ տույժերն ու տուգանքները և դառնալ լիարժեք քաղաքացի:
ԱԺ-ում քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ միայն 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում 950-ից ավելի մարդ է վերադարձել հայրենիք, և հատուկ հաշվում մուտքագրվել է 800 միլիոն դրամից ավելի գումար: Իսկ եթե օրենքի գործողության ժամկետը մեկ տարով երկարացվի, ապա այն 2014 թվականին և հաջորդ տարիներին կհանգեցնի հատուկ հաշվում լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքերի:
Նշենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և ուղղվում ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռք բերման ծախսերի ֆինանսավորմանը:
Զինվորական գործերով զբաղվող իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը կողմնակից է քրեական հետապնդման դադարեցմանը, քանի որ անտրամաբանական է, որ արտերկրում գտնվող մարդիկ բացակայության պատճառով քրեական հետապնդման տակ հայտնվեն:
«Քանի որ շատ կան դեպքեր, երբ մարդիկ պարզապես հնարավորություն չունեն վերադառնալու: Այս առումով շատ եմ կարևորում այս նոր նախագիծը»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցում մեկ շատ կարևոր հարց կա, թե ինչու են երիտասարդները խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից:
«Այստեղ պետության պարտավորության հարցը կա: Պետությունը պարտավոր է իր զինված ուժերում այնպիսի պայմաններ, վիճակ ստեղծել, որ մարդը չխուսափի: Մարդկանց մոտ ոչ կանոնադրական խախտումների վերաբերյալ կասկածները պետք է փարատվեն: Վստահեցնում եմ, որ դա առաջնային պատճառներից մեկն է, որ երիտասարդները խուսափում են ծառայությունից»,- նկատեց իրավապաշտպանը:
Սաքունցի խոսքով՝ եթե անգամ քրեական հետապնդման արգելքն էլ հանվի, ապա Հայաստան վերադարձողների թիվը մեծ չի լինի, քանի որ Հայաստանում առ այսօր չկա օրինականություն, արդարադատություն, ինչի պատճառով էլ հենց մարդիկ հեռանում են երկրից:
Իրավապաշտպանը հիշեցրեց. ժամանակին երբ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար էր, ԱՄՆ-ի կառավարության հետ որոշակի բանակցություններ էր տանում, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի բանտերում, վերադառնան Հայաստան և ազատվեն պատասխանատվությունից:
«Այդ ժամանակ խոսքը թվով 7500 դատապարտյալի մասին էր, բայց պատկերացրեք՝ որևէ մեկը Հայաստան վերադառնալու ցանկություն չհայտնեց: Ես սա ուղղակի որպես ցուցանիշ եմ բերում՝ մարդիկ գերադասում էին նստել Ամերիկայի բանտերում, քան լինել ազատության մեջ՝ Հայաստանում: Այստեղ խոսքը վերաբերում է կյանքի որակին: Հայաստանը գրավիչ չէ մարդկանց համար»,- ընդգծեց Սաքունցը:
Ինչ վերաբերում է տուգանքի չափին, որը կազմում է շուրջ 5 հազար ԱՄՆ դոլար, ապա իրավապաշտպանի խոսքով՝ դա շատ մեծ գումար է, քանի որ քաղաքակիրթ շատ այլ երկրներում գումարի այդ չափը որոշվում է միջին աշխատավարձի համեմատությամբ:
«Բայց եթե նայենք Հայաստանի պայմանները, կենսամակարդակը, ապա այն խիստ անհամաչափ է: Ես հասկանում եմ, որ գումարի այդ չափը սահմանելիս աշխատել է այն տրամաբանությունը, որ անձը արտերկրում գտնված ժամանակ առավել ապահովված է եղել, սակայն որևէ հիմք չկա այդպես կարծելու: Եթե անձը բնակվում է արտասահմանում, դա դեռ չի նշանակում, որ նա ապահովված է»,- ասաց Սաքունցը:
Ինչ վերաբերում է գումարը տնօրինող կառույցին, որն այս դեպքում ՊՆ-ն է, ապա մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ էլ առաջ են գալիս որոշակի կոռուպցիոն ռիսկեր՝ այն իմաստով, որ ՊՆ-ի ծախսերի մի մասը հրապարակային չէ, ու հայտնի չէ, թե ինչպես և ինչ ճանապարհով են ծախսվում այդ գումարները:
Աղբյուրը՝ www.1in.am