«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում հայկական կողմը սահմանափակված է քաղաքական ղեկավարության պահվածքի հետեւանքով»
10:36, May 2, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի սպանությունից գրեթե 4 ամիս է անցել, սակայն կատարված հանցագործության մանրամասները դեռեւս հայտնի չեն, վերջին շրջանում հասարակությանն այս դեպքի նախաքննության ընթացքի վերաբերյալ գրեթե ոչինչ չի ներկայացվում: ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով այս գործում ներգրավված է նաեւ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, մանրամասն ներկայացրեց իր կարծիքը գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:
Իրավապաշտպանը նշեց նաեւ, որ այնքան էլ չի վստահում գործի նախաքննության ընթացքին, ինչպես նաեւ նշանակված փորձաքննություններին: Անդրադառնալով այն հարցին, որ ՌԴ կողմն արդեն ավարտել է նախաքննության ընթացքն ու շուտով գործը դատական փուլ կթեւակոխի, մինչդեռ հայկական կողմն այս գործով դեռեւս փորձաքննությունների արդյունքները չունի, կարծիք հայտնեց. «Սա նշանակում է մկան ու կատվի խաղ, ցավալի է, բայց այս սարսափելի դեպքի հետ կապված այդ գնահատականն ենք տալու, քանի որ դա եւս մտնում է հայկական կողմի անգործության տրամաբանության մեջ»:Որպես նորություն նա նշեց այն, որ այս գործով եւս երկու նոր փորձաքննություն է նշանակվել. «Համալիր դատաձգաբանական, դատաբժշկական… սպասվում են յոթ փորձաքննությունների արդյունքներ, որ պետք է ստանանք: Ես կուզենայի Պերմյակովի կողմից հանցագործության կատարման հանգամանքին անդրադառնալ, քանի որ իր անունը շատ է շոշափվում որպես հանցագործություն կատարող անձ: Պերմյակովի հրազենի տեղում գտնվելն է, երկրորդը` նրա հագուստի տեղում գտնվելն է, այլ ապացույց չունենք, այսինքն Պերմյակովին հանցագործության վայրում չեն ձերբակալել: Բայց եթե Պերմյակովը կատարել է այդ հանցագործությունը, ապա նրա վրա պետք է լինեին կրակոցի արգասիքները, պղնձի, անտիմոնի հետքերը, որը կարող էր հայտնաբերվել, եթե ձերբակալման պահին նա հանձնվեր հայ իրավապահներին եւ նմուշներ վերցվեին իր մարմնի վրայից, սա շատ կարեւոր հանգամանք է, դրա համար ենք մենք պահանջում, որ քրեական գործ հարուցվի Պերմյակովին ձերբակալողների նկատմամբ, քանի որ նրանք հանցագործության հետքերն են թաքցրել»,-նշեց Արթուր Սաքունցը:
Ստեղծված իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, միակ շահագրգիռ կողմը կատարված աղմկահարույց սպանության բացահայտման հարցում, ՀՀ քաղաքացին է. «Փակուղին ստեղծվել է անգործության հետեւանքով, այնպես չի, որ ինչ-որ մեկը պատ է շարել ու ասել, որ այստեղից այն կողմ չպետք է գնալ, ավելի շատ ինքնափակուղի է, եւ այստեղ ավելի շատ խնդրի կրողը դառնում է ՀՀ քաղաքացին: Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր է խոսում ցեղասպանության հետ կապված, ասում է, որ քանի դեռ այդ հանցագործությունն իրավական գնահատական չի ստացել ու չի ճանաչվել, հանցագործության կրկնությունը հավանական է, հիմա Ավետիսյանների ընտանիքի սպանդի չբացահայտելը ՀՀ-ին մեղսակից է դարձնում: Հայկական կողմը սահմանափակված է քաղաքական ղեկավարության պահվածքի հետեւանքով»:
Աղբյուրը՝ galatv.am