ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ատելության կոչերի և խտրականության սերմանման մասին
15:36, May 5, 2015 | Այլ, ՀայտարարություններՄենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խստագույնս դատապարտում ենք ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ագրեսիվ և խտրական կոչը Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ:
2015թ-ի ապրիլի 21-ին, անդրադառնալով հայկական մամուլում տպագրված նյութերին, արձանագրվել է, որ ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը LGBTnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) միշտ կոչ է անում դեմ քվեարկել այն նախագծերին, որոնք միտված են ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությանը:
Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես նշել է. «…ես կանեմ հնարավորը, որպեսզի Հայաստանում իրենք (խոսքը ԼԳԲՏ անձանց մասին է) չկարողանան իրենց մետաստազները տարածել. դա ես ասում եմ բաց և հրապարակային»:
Ստացվում է, որ ԲՀԿ նախագահը, իրականցնելով դիրքի չարաշահում և լինելով հանրային վառ կերպար, փորձ է կատարել նպաստել հասարակության շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ կարծրատիպերի ամրապնդմանը՝ վերջիններիս պիտակավորելով որպես բժշկությանը թերևս անծանոթ քաղցկեղային մի հիվանդության կրողներ, ովքեր իրենց «մետոստազները կարող են տարածել» հանրության շրջանում:
LGBTnews.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտնածը ոչ միայն վկայում է նրա՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին, այլև, լինելով պատգամավոր, տիկին Զոհրաբյանը չարաշահում է իր լիազորությունները՝ ազգային և միջազգային ատյաններում քարոզելով ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն և ագրեսիվ տրամադրվածություն, ինչը կարող է հանգեցնել նոր անդառնալի ծանր և դաժան հետևանքների:
Գտնում ենք, որ ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր տիկին Նաիրա Զոհրաբյանի նման վարքագիծը անթույլատրելի ու անընդունելի է՝ հաշվի առնելով իր պաշտոնական դիրքը, որը ավելի է բարձացնում նրա խոսքերի վտանգավոր հետևանքների առաջացումը, և պահանջում ենք՝
ՀՀ ԱԺ-ից՝
- Վերանայել Հայաստանի ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմը։
- ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցը ներկայացնել ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովին։
ԵԽԽՎ-ից՝
- Հիմք ընդունելով ԵԽԽՎ-ի ԵԽԽՎ անդամների վարքագծի կանոնանակարգի 7-րդ և 17-21-րդ կետերը՝ Նաիրա Զոհրաբյանից պահանջել բացատրություն իր վերոնշյալ խոսքերի վերաբերյալ:
Նաիրա Զոհրաբյանից ՝
- Որպես ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ հարգել ՀՀ սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով և օրենսդրությունով, ամրագրված մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները,
- Հրապարակայնորեն ներողություն խնդրել իր հայրենակից ԼԳԲՏ անձանցից՝ նրանց հասցված վիրավորանքի համար:
Հայտարարությանը միացել են՝
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
«Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Գյումրու «Առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Երիտասարդների միացյալ գույներ» ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
“Մենք հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնություն
«Իդա Նուրեդ» Երիտասարդական ՀԿ (Էստոնիա)
Առաքելություն օգնության և զարգացման ՀԿ (ԱՄՆ)
Q-HYE՝ Դերիկ Սաֆարիան (ԱՄՆ)
Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտե (Նորվեգիա)
Թիմուր Աբդուլայեվ (Ուզբեկիստան)
Նվեր Հասրաթյան (ԱՄՆ)
Փաստաբան՝ Գայանե Խաչատրյան
Սոցիոլոգ՝ Նանե Բագրատունի
Աղբյուրը՝ www.ngngo.net