Ազգային Ժողովում ներկայացվել է նախագիծ զինծառայողների առողջական խնդիրների լուծման վերաբերյալ
18:09, May 11, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ գործող օրենսդրությունը չի նախատեսում արտերկրում առողջական խնդիր ունեցող զինծառայողի բուժման համար ֆինանսական աջակցություն, եթե Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ բուժման իրականացումը:
Բացառիկ դեպքերում հնարավոր է բուժումը կազմակերպել միայն ԱՊՀ երկրներում՝ ըստ ՀՀ կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2012թ. թիվ 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված 30-Ա հրամանով՝ «հիվանդին և ուղեկցողին կարող է տրամադրվել օդանավի /մեկնումի և վերադարձի/ տոմսերի ծախսերը, առանց տվյալ երկրում բուժման ծախսերի փոխհատուցման»:
2011-2014 թթ. ընթացքում կազմակերպությանը դիմել է առողջական խնդիր ունեցող 37 զինծառայող, իսկ ԶԼՄ-ներից հասանելի է եղել առողջական խնդիր ունեցող 5 զինծառայողի մասին տվյալներ: Այդ ժամանակահատվածում 47 անձանցից 7-ի բուժումը հնարավոր էր միայն արտերկրում, սակայն նրանցից ոչ մեկը, այս պահի դրությամբ, հնարավորություն չի ունեցել բուժումը ստանալու արտերկրում: Ընդ որում, նրանցից երկուսը մահացել են առողջական վիճակի վատթարացման հետեւանքով:
Այս հարցերի մասին 2015թ-ի ապրիլի 10-ին Մեդիա Կենտրոնում կազմակերպված «Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Հետաքրքիր է, որ քննարկմանը մասնակցող ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գտնում էր, որ դժվար է նման բուժման իրականացումը, ոչ միայն օրենսդրական բացի հետևանքով, այլև` անհնար է կանխատեսել, թե քանի հոգու և ինչպիսի բուժօգնություն է անհրաժեշտ ապահովել: Վերոգրյալը փաստում է, որ համապատասխան օրենսդրական կարգավորումը այլեւս անհրաժեշտություն է:
Ազգային Ժողովի 2015թ.-ի ապրիլի 18-ի նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ դրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի համաձայն նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը:
Ողջունում ենք այդ շատ կարևոր հարցի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը և հույս հայտնում, որ այն կընդունվի Ազգային Ժողովի կողմից: