Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստը հետաձգվեց
13:38, May 13, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք2015 թ. մայիսի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Հ. Տեր-Ադամյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդի և վերջինիս ներկայացուցչի բացակայության պատճառով:
2015 թ. մայիսի 12-ի դատական նիստին տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը չէր ներկայացել, դատական նիստին մասնակցում էր վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Վերջինս տեղեկացրեց դատարանին, որ Մ. Խաչատրյանը կոտրել է ուսը և խնդրել է նիստը շարունակել իր բացակայությամբ: Դատավարության մյուս մասնակիցները՝ գործով մեղադրող Ա. Եղիազարյանը, ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանն ու Միքայել Միքայելյանը և նրանց պաշտպաններ Լևոն Պողոսյանն ու Վարդուհի Էլբակյանը չառարկեցին նիստը տուժողի իրավահաջորդի բացակայությամբ անցկացնելու դեմ:
Բացարկի միջնորդությունների բացակայությունը պարզելով՝ դատարանն անցավ դատաքննության: Նախագահող դատավոր Մ. Տեր-Ադամյանը հրապարակեց առաջին ատյանի դատարանի դատական ակտի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ու դրա դեմ մեղադրող Ա. Եղիազարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանի համառոտ բովանդակությունը:
Այնուհետև, վերաքննիչ բողոքի հիմնավորումները ներկայացնելու համար խոսքը տրվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Շուշանյանին: Վերջինս պնդեց իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ, անիմաստ համարեց ներկայացնել բողոքի բովանդակությունը, խնդրեց դատարանին ճանաչել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 13-րդ հոդվածների խախտումը ու բեկանել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը՝ գործն ուղարկելով ստորադաս դատարան:
Մեղադրող Ա. Եղիազարյանը հակիրճ ներկայացրեց վերաքննիչ բողոքի պատասխանով բերված հիմնավորումները: Նա իր խոսքում նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը օրինական է, պահպանվել են համաներում կիրառելու կանոնները: Գործի դատաքննությունը տևել է շուրջ երկուսուկես տարի, որից հետևում է, որ դատարանն իր իրավասության շրջանակներում ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար, նշանակել է երկու հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, դատարանում հարցաքննել է հայտնի բժիշկ-մասնագետների, ովքեր հայտնել են, որ ջրծաղիկի բիսցերալ ձևի դեպքում մահն անխուսափելի էր: Քաղաքացիական հայցի առկայության դեպքում համաներում կիրառելու անհնարինության դեմ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկի դեմ մեղադրողը նշեց, որ համաներման ակտով սահմանված է՝ քաղաքացիական հայցի բավարարումը պարտադիր է, երբ վնասն առաջացել է անմիջականորեն հանցագործության արդյունքում, իսկ տվյալ դեպքում մահն անխուսափելի էր և նշանակություն չունի մեկ ժամ շուտ, թե 23 ժամ ուշ կկատարվեր տեղափոխումը:
Դատավոր Ա. Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչու մեղադրողը չի հրաժարվել առաջադրված մեղադրանքից այն դեպքում, երբ պնդում է, որ պատճառական կապը բացակայում է: Մեղադրող Ա. Եղիազարյանն ի պատասխան պարզաբանեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, որի դեպքում հետևանքն էական վնասն է, որը մեղադրական եզրակացությամբ դիտարկվել է որպես ծառայության դեմ ուղղված վնաս: Դատավորը փորձեց պարզել, թե արդյոք այդ կերպ է ներկայացված մեղադրանքը մեղադրական եզրակացությամբ: Մեղադրողն ընթերցեց մեղադրական եզրակացությամբ առաջադրված մեղադրանքների նկարագրերը, պարզվեց, որ մեղադրական եզրակացությամբ չի պարզաբանվել էական վնասի բովանդակությունը:
Պաշտպանական կողմն ամբողջությամբ առարկեց ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ, ամբաստանյալ Մ. Մկրտչյանի պաշտպան Լ. Պողոսյանը նշեց, որ համաներումը կիրառվել է իր վստահորդի դիմումի հիման վրա, չնայած դատարանում չի հիմնավորվել մեղքը, սակայն հոգեմաշ վիճակի արդյունքում Մ. Մկրտչյանը դիմել է համաներում կիրառելու պահանջով: Այդպիսով, պաշտպանը խնդրեց մերժել ներկայացված վերաքննիչ բողոքը:
Մ. Միքայելյանի պաշտան Վ. Էլբակյանը նույնպես առարկեց ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ, նշեց, որ հարկադրված են դիմել համաներում կիրառելու պահանջով, բացի այդ, նա հավելեց, որ առաջին ատյանի դատարանում բազմիս նշել են, որ տուժողը պատշաճ տուժող չի եղել, ի սկզբանե դատարանը չպետք է գործը դատաքննության ընդունելու մասին որոշում կայացներ, այլ այն պետք է հետ ուղարկեր դտախազություն: Վ. Էլբակյանը նույնպես խնդրեց մերժել ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Նախագահող դատավոր Մ. Տեր-Ադամյանը հայտարարեց, որ այլ նիստեր նշանակված լինելու պատճառով անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Շուշանյանը խնդրեց հաջորդ դատական նիստն անցկացնել իր և տուժողի իրավահաջորդի բացակայությամբ:
Այսպիսով, սույն գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց նշանակվեց 2015 թ. մայիսի 21-ին, ժամը 15:00-ին: