Մաքսատան պատը հավասարազո՞ր է մամուլին կամ ինտերնետին
18:08, May 15, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ.-ի մայիսի 5-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ Ֆինանսների նախարարության Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումը Վարչական բողոքը մերժելու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի փետրվարի 26-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարություն կազմակերպություն դիմած քաղաքացի Մ. Գ.-ի խնդրի լուծման շրջանակներում:
ՀՀ Ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել հարցման բոլոր կետերով, բացի մեկից (մաքսային մարմինների տեղեկատվական բազայի կրկնօրինակ), պատճառաբանելով, որ «/…/ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային մարմնի բազայում առկա արժեքների ցանկն ամփոփ տարբերակով հրապարակվում և ներկայացվում է ՀՀ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը՝ դրա համար հատուկ հատկացված վայրում/…/»:
2015թ.-ի ապրիլի 10-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վարչական բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խնդրելով ՀՀ ֆինանսների նախարարության անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ և հանձնարարել վեջինիս տրամադրել կազմակերպության պահանջած տեղեկատվությունը:
Կազմակերպության բողոքը քննության էր առնվել 2015թ.-ի մայիսի 5-ին ժամը 16:00-ին:
Բողոքի քննության նիստին կազմակերպության ներկայացուցիչ Արայիկ Զալյանը ներկայացրել էր վարչական բողոքը, որից հետո Ֆինանսների նախարարության աշխատակիցը ներկայացրել էր նախարարության դիրքորոշումն այն մասին, որ իրենք չեն խուսափել տեղեկատվություն տրամադրելուց, այլ մատնանշել են տեղեկատվության գտնվելու վայրը: Մինչդեռ, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:
2015թ.-ի մայիսի 5-ի որոշմամբ Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովը գտնում է, որ Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվությունը իր բնույթով հանդիսանում է հրապարակված տեղեկություն և Ֆինանսների նախարարությունը իր պատասխան գրությունում նշել է տվյալ հրապարակման միջոցի և վայրի մասին:
Մինչդեռ ըստ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝
հրապարակում է համարվում «/…/տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ՝ Ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելը»։
Տվյալ դեպքում մաքսատան պատը չի հանդիսանում մամուլ, զանգվածային լրատվություն կամ ինտերնետ և հարցված տեղեկատվությունը ՀՀ ՖՆ-ի կողմից մատնացույց չի արվել վերոհիշյալ տեղեկատվության փոխանցման միջոցներով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի փոխում իր դիրքորշումը և պատրաստվում է հերթական հայցադիմումը ներկայացնել Վարչական դատարան: