Ինչ կատարվեց Սուրիկ Խաչատրյանի՝ պաշտոնից դուրս եկած ժամանակ
11:34, May 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից:
Սուրեն Խաչատրյանի որդին հարցաքննվեց որպես վկա և ազատ արձակվեց։ Արդյոք գործող համակարգը ի զորու կլինի՞ մեկ անգամ իրական քննություն վարել, իրական մեղավորին պատժել։
Ես չգիտեմ՝ Սուրիկ Խաչատրյանը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը պատասխանատվություն կկրի թե ոչ, դա լիովին կախված է ընդամենը մեկ անձի որոշումից՝ Սերժ Սարգսյանի անձնական որոշումից և ոչ թե ՀՀ օրենսդրության սկզբունքներից, որովհետև օրենսդրությունը հստակ հուշում է որոշակի ընթացակարգեր, մոտեցումներ, գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն իրավապահ մարմինները, ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը: Բայց մենք տեսնում ենք, որ այդ բոլոր մարմիններն օրենքով սահմանված իրենց գործառույթները ակնհայտորեն չեն կատարում կամ խիստ պասիվ են այդ գործառույթները կատարելու հարցում, որովհետև նրանց միակ խոչընդոտող գործոնը հանդիսանում է Սերժ Սարգսյանի որոշման բացակայությունը։ Հետևաբար որևէ ենթադրություն դժվար է կատարել, իսկ Սերժ Սարգսյանի կողմից արդյոք կլինի՞ որոշում, որի հիման վրա այլևս կկարողանան իրենց գործառույթներն իրականացնել իրավապահ մարմինները, քննչական կոմիտեն, դատախազությունը և այլն, չգիտեմ, որովհետև դա կախված է ոչ միայն հանրային կարծիքից, այլ նաև հենց իշխանության ներսում տեղի ունեցող հարաբերություններից։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, ինստիտուցիոնալ առումով գոյություն չունի նույնիսկ այդ հարցում պահանջներ ներկայացնելու, ԱԺ-ում հրապարակայնացնելու իրենց դիրքորոշումը, որովհետև ՀՀ քաղաքացու նկատմամբ ոտնձգություն է կատարվել, իրենք էլ քվեարկել են գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի օգտին և հիմա պահանջներ չեն ներկայացնում։
Այս պարագայում միակ գործոնը, որ կարող է Սերժ Սարգսյանի որոշման վրա ազդել, բացի հանրային դժգոհությունից և բողոքից, կարող են լինել պալատի ներսում գործընթացներ։ Ինչպես ասել եմ, մեզ մոտ քաղաքական գործընթացները փոխարինվել են պալատական գործընթացներով։ Իրականում Սերժ Սարգսյանի արքունական պալատում են որոշակի դժգոհություններ արտահայտում, դեռևս որոշակի, թեկուզ փոքր թվով նամուսներն ամբողջովին չկորցրածներ, որոնք առնվազն վատ են զգում, որ ստիպված են լինելու հանդուրժել իրենց շրջապատում այդպիսի վարքագիծ ունեցող անձնավորության։
Բայց իրականում կարևոր է այն հարցը, թե ինչով է պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը այդպես հապաղում է Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամի վերաբերյալ որոշում կայացնելուց։
Սերժ Սարգսյանը, սակայն, ոստիկանություն կատարած այցի ժամանակ նշել է, որ մեր հասարակության մեջ ոստիկանության հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ և խոսել է ոստիկանության բարեփոխումներից, նաև նշել, որ աշխատանքային քննարկումներ ենք ունենալու, որտեղ խոսելու ենք այն մասին, թե ուր է հասել ոստիկանությունը։
Սերժ Սարգսյանը գեներալի կոչում է շնորհում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, ով հանդիսանում է Գրիշա Վիրաբյանի նկատմամբ բռնություն իրականացրած անձնանցից մեկը։ Եթե Սերժ Սարգսյանի համար հանրային կարծիքը կամ բարեփոխում ասվածը նշանակություն ունենար, ապա նա պետք է խուսափեր նրան գեներալի կոչում տալուց։ Ավելի շատ հակված եմ մտածելու, որ ոստիկանությունն ինքն է խնդրել Սերժ Սարգսյանին, որ թույլ տա գոնե ձևի համար Սուրիկ Խաչատրյանի որդին այցելի ոստիկանություն կամ քննչական կոմիտե, որ գոնե արտաքուստ ցույց տան, որ ինչ-որ գործառույթ իրականացնում են, որովհետև ընդհանրապես իրավապահ մարմինների հեղինակությունը զրոյից ցածր է։ Սա իմ խորին համոզմունքն է։ Այս տեսակետից, Սերժ Սարգսյանը, կարծես, ընդառաջ է գնացել այդ խնդրանքներին ու ասել՝ լավ, ես կխոսեմ Սուրիկ Խաչատրյանի հետ, կհամոզեմ նրան, որպեսզի ապահովի իր որդու այցելությունը քննչական կոմիտե։Բայց ես վերստին ձևակերպում եմ իմ հարցը՝ ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի կողմից Սուրիկ Խաչատրյանի նման հովանավորությունը։ Ես զուգահեռ կանցկացնեի այս դեպքի և Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, հետ կապված միջադեպի հետ։ Եթե հիշում եք, Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը սպանեց բժիշտ Վահե Ավետյանին և այն ժամանակ, ըստ էության, ազատազրկման դատապարտեցին թիկնապահներին, ավելին, փորձ չարվեց բժշկի վրա գցել պատասխանատվությունը, այնպես, ինչպես Բուդաղյանի սպանության դեպքում պատասխանատվությունը գցեցին Բուդաղյանների վրա, երբ ասացին, թե ինքն է հրահրել։ Ռուբեն Հայրապետյանը, էլի Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո մանդատը վայր դրեց, նա նաև դատարանում հանդես եկավ որպես վկա։ Այսինքն՝ ինչպիսի զիջումների է գնացել Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի պարագայում, և եթե դա համեմատենք Սուրիկ Խաչատրյանի դեպքի հետ, մենք տեսնում ենք, որ այս դեպքում նման զիջումների չի գնում, Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակում է մարզպետ։ Քրեական գործն ընդհանրապես 180 աստիճանով պտտում է հակառակ ուղղությամբ, շատ կարճ ժամանակում Սուրիկ Խաչատրյանի տղայի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնում է և ազատում կալանքից։
Այսինքն՝ մենք Սերժ Սարգսյանի կողմից տեսնում ենք խտրական վերաբերմունք իր երկու ենթակաների նկատմամբ։ Նա ավելի բարյացակամ է և ավելի կարևոր ուշադրության է արժանացնում Սուրիկ Խաչատրյանին, քան Ռուբեն Հայրապետյանին։ Ինչ է, Ռուբեն Հայրապետյանն ավելի քի՞չ ծառայություն է մատուցել իրեն, իհարկե ոչ։ Այն, որ Ավան թաղամասը մշտապես քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին, ոչ պակաս ռեսուրս է։
Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվում։
Իմ վարկածն հետևյալն է. Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից դուրս գալու ժամանակ Հայաստանում կատարվեց մի հետաքրքիր դեպք։ Արձանագրվեց խոշոր քանակի, մոտ 82 կգ հերոինի առգրավումը, որն, ի դեպ, Իրանից էր տեղափոխվել Հայաստան, և հայ-վրացական սահմանին էին առգրավել։ Այնուհետև դրա մասին շատ հետաքրքիր ձևով զրույցը փակվեց։ Հետո տեղի ունեցավ հաջորդ հանգամանքը, երբ Յուրի Վարդանյանի տղային ձերբակալեցին էլի թմրանյութի հետ կապված, ու էլի Սյունիքի մարզի տարածքում էր թմրանյութի ձեռքբերումը։ Բայց դա չխանգարեց, որ Յուրիկ Վարդանյանին նշանակեն դեսպան։ Վերջին հաշվով, Հայաստանի տարածքը թմրամիջոցների ներգրավման հիմնական ճանապարհը հայ-իրանական սահմանն է, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ առգրավման առանձին դեպքեր գուցե լինեն, բայց նման մեծ քանակի առգրավում չի եղել, դա եղել է միայն այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնում չէր։ Հետո նա վերանշանակվեց այդ պաշտոնում։ Հիմա հարցադրումներ. արդյոք դերակատարում ունի՞ Սուրիկ Խաչատրյանը ՀՀ հարավային դարպասում թմրամիջոցների ներմուծման հետ կապված հարցերում։ Խոսքը ոչ թե 1-2 մլն, այլ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։
Այն, որ կարող են նման ապօրինի գործարքներ կատարել, ես պետք է հիշեցնեմ Վիկիլիքսով հրապարակված տեղեկատվությունը, որ ՀՀ տարածքով զենք է տեղափոխվել, որը գնվել էր Բուլղարիայից, իրացվել Իրանում, հետո հայտնվել Իրաքում և օգտագործվել ամերիկացի զինվորների դեմ։ Դրա մասին իր դիվանագիտական նամակներում արձանագրել էր Մարի Յովանովիչը, հրապարակվել Վիկիլիքսի կողմից։ Սերժ Սարգսյանն այն ժամանակ պաշտպանության նախարար լինելով, ընդունել էր, որ առնվազն նման մեկ դեպք կատարվել է։ Մենք հարցումներ ենք ուղարկել ԱԱԾ, Մաքսային կոմիտե, որ այդ ժամանակահատվածում ինչ զենք է ներմուծվել կամ արտահանվել Հայաստանից։ Բացարձակապես ոչինչ չի գրանցված։ Այսինքն՝ չգրանցված ապօրինի զենքի առևտրի մասին կա փաստը և իրավապահ մարմինների անգործությունը։ Իսկ ինչո՞ւ նույնը չի կարող լինել թմրամիջոցների հետ կապված։ Այսինքն՝ մենք ունենք շատ հետաքրքիր դեպք, և կարծում եմ, այդ ուղղությամբ պետք է քննություն կատարվի, թե ո՞ւր գնաց այդ 82 կգ հերոինը, ինչպե՞ս եղավ, որ այդ մեծ քանակությամբ հերոինն անցավ Հայաստանի տարածքով, ինչպես եղավ, որ առաջ չէր հայտնաբերվում, հետո հայտնաբերվեց ու հիմա նորից չի հայտնաբերվում։ Խոսքը 1-2 կգ թմրանյութի մասին չէ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էշի ականջում քնա՞ծ էին։ Այդ ինչպես հայ-իրանական սահմանն այդ քանակի թմրանյութ են անցկացնում, ու նրանք չեն կարողանում դա հայտնաբերել։ Հետո հայ-վրացական սահմանն անցկացնելիս նոր հայտնաբերում են ու առգրավում։ Նման մեծ քանակի թմրանյութերի պարագայում, եթե մի փոքր պրոֆեսիոնալ լինեին, դա պետք է թողներ հետևանք, թե ովքեր են վերազգային հանցավոր խմբավորման մասնակիցները։ Դա 1-2 վարորդի ծավալի գործ չէ։ Սա ես հիմնավոր փաստարկ եմ համարում Սուրիկ Խաչատրյանին հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի տեսակետից։ Խնդրի նման ձևակերպման օգտին ակնհայտ խոսում է Ռուբեն Հայրապետյանի և Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ խտրական վերաբերմունքը։ Սերժ Սարգսյանն ինչ է, ուրիշ մարզպետ չէ՞ր կարող նշանակել։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է հրապարակվի ու շրջանառության մեջ դրվի, որպեսզի ենթատեքստն ավելի հասկանալի լինի։
Մենք ԱԺ-ում տեսանք, թե ինչպես է գեներալ Սեյրան Սարոյանը սպառնում՝ ինչ գործ ունեք Սուրիկ Խաչատրյանի հետ։ Ձեր կարծիքով, Սարոյանի նման վարքի մոտիվացիան ո՞րն է, գուցե կռված տղերքն իրար թիկունքն են պահում։
Չէի ասի, որովհետև եթե խոսքը կռված տղերքի թիկունքը պահելու մասին լիներ, ապա շատ մեծ թվով կռված տղերք կան, որոնք ավելի մեծ ներդրում ունեն Հայաստանի սահմանների պաշտպանության գործում, և որոնց թիկունքին կանգնած չեն այդ մարդիկ։ Վոլոդյա Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների թիկունքին կանգնած չէ նույն գեներալը։ Նրանք շատ ավելի մեծ ներդրում ունեն, քան Սուրիկ Խաչատրյանը։ Այնպես որ, խնդիրը կռված տղերքի թիկունքին կանգնելը չէ։ Դրա պատասխանը շատ պարզ տվել են Սեյրան Սարոյանն ու գեներալ Մանվելը, երբ Սուրիկ Խաչատրյանի հետ գնացել են Երուսաղեմ մեղքերին թողություն տալու։ Այսինքն նրանք համատեղ մեղքերի թողություն իրականացրել են բնականաբար Սուրիկ Խաչատրյանի ֆինանսական աջակցությամբ։ Ուղղակի խորը կասկած ունեմ, որ գեներալները գումար կծախսեին, հատկապես որ, ըստ մամուլի հրապարակումների՝ գեներալ Մանվել Գրիգորյանը տարեկան ընդամենը 7000 դրամ հարկ է վճարում, այսինքն՝ ֆինանսական ռեսուրսների հետ կապված բավական զգուշավորություն ունեն։ Սուրիկ Խաչատրյանը լավ ապահովում է իրենց։
Խնդիրը բոլորի շահագրգռվածության մեջ է։ Եթե խնդիրը լիներ նույն ճակատագրով, նույն փորձառություն անցած մարդկանց մեկը մյուսին աջակցելու տեսակետից, ապա մենք ունենք ավելի ցայտուն օրինակներ, երբ այդ նույն ճանապարհն անցածների նկատմամբ նույն սրտացավությունը չենք տեսնում։ Սակայն եթե հիմա քավոր-սանիկական հարաբերություններով է պայմանավորված Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելը, դա չի նշանակում, որ դա մշտական է։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ Սուրիկ Խաչատրյանն այլևս անհրաժեշտ չէ, ապա նույն Սարոյանը նույնկերպ նրան չի պաշտպանելու։
Այս անգամ է՞լ գործը չի բացահայտվի։
Այն, որ հանրային դժգոհությունը բավական լուրջ է, փաստ է։ Զաքարյանների ընտանիքի անդամներն արդեն ցուցմունք են տվել, նաև Զաքարյանների մայրն է դիմել ՄԻՊ-ին, նաև այն փաստը, որ Բուդաղյանների արյունը չչորացած, նոր հանցագործություն է կատարվում, կարծում եմ՝ այս անգամ այդքան հեշտ չի լինելու։ Սուրիկ Խաչատրյանի որդու այցելությունը ոստիկանության բաժին ինչ-որ տեղ հենց հանրային անկառավարելի ընդվզման վախից է։ Հենց դա ստիպեց նման զիջման գնալ, որովհետև իրենց համար դա շատ ծայրաստիճան զիջում էր, որ Տիգրան Խաչատրյանն այցելի քննչական կոմիտե և ցուցմունք տա։ Անգամ չեն ասում, թե արդյոք Տիգրան Խաչատրյանի հետ փաստաբան եղել է, որքան է տևել այդ քննչական գործողությունը։ Ուղղակի կարևորն այն էր, որ տեղեկատվություն տարածեն, որ այցելել է, շատ մի վրդովվեք։ Որ ժողովուրդն էլ բավարարվի, որ նորին գերազանցությունը հարկ համարեց և հաշվի նստեց հանրային կարծիքի հետ և այցելեց քննչական կոմիտե։ Դուք պատկերացնո՞ւմ եք նման հանցագործության մեջ կասկածվող, կամ նման հանցագործության հետ կապված որևէ անձ այցելի քննչական մարմիններին առանց փաստաբանի։ Ի՞նչ երաշխիք, որ չի հարցաքննվի որպես վկա և անմիջապես չի ներգրավվի որպես կասկածյալ։ Այսինքն՝ մարդն ունեցել է նման երաշխիքներ։ Այդ մանրամասների չհրապարակումն ապացուցում է, որ այդ այցելությունը նպատակ է ունեցել հանգստացնել հանրային կարծիքը։ Դրա համար ես չեմ կարծում, որ գործն այդպես կքննվի, որովհետև անձամբ ես շատ ուշադիր հետևում եմ այդ գործին, և այդ գործով անմիջական գործողություններ իրականացնող եմ։ Նրանք անցել են չափ ու սահմանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Սա ոչ թե հոխորտանք է, զգացմունքային արտահայտություն է, ոտնձգություն, որ կատարվում է հանրության և յուրաքանչյուրիս նկատմամբ, դրա խորը գիտակցումն է և անհանդուրժողականությունը նման ոչ մարդկային վերաբերմունքի նկատմամբ, որովհետև նույնիսկ ստրուկների հետ նման կերպ չեն վերաբերվում։
Աղբյուրը՝ m.lragir.am