Արթուր Սաքունց. «Պաշտպանության նախարարը պետք է զերծ մնար դատական ատյաններով բողոքարկելուց»
14:44, June 4, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին օրերին համացանցում բուռն քննարկվում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի անձնական կյանքը: Լրատվական որոշ կայքեր նույնպես զերծ չմնացին ուշադրության կիզակետում հայտնվելու լավագույն հնարավորությունից և օր օրի թարմացնում ու նոր տեղեկատվություն են տրամադրում հետաքրքրասեր հանրությանը:
Այսպես, «Հրապարակ» օրաթերթը մայիսի 21-ին հրապարակել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված, որտեղ գրված է, թե Ռուզաննա Խաչատրյանը, 2002 թ. վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, որի հետևանքով մարդ է մահացել։ Հրապարակումից հետո, պատմության գլխավոր հերոսը՝ Ռ. Խաչատրյանը, հայտարարել է, թե հոդվածն ակնհայտ սուտ է և զրպարտություն. «Վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցությունները չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ»,- ասել է նա: Այնուհետև, դեպքերը նոր ընթացք են ստացել. ՊՆ նախարարը կնոջը զրպարտելու համար թերթից պահանջել է հերքում տալ և ներողություն խնդրել։ Չբավարարվելով այդքանով` վերջինը դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Նույն հայցով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել նաև Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այս առիթով արդեն արտահայտել է իր կարծիքը՝ նշելով, որ այդ աղմկահարույց տեղեկատվությունը վերցրել են այլ աղբյուրից և ներկայացված տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում սկզբնաղբյուրը, այլ ոչ թե դրանցից օգտվողը, կամ դրանք տարածողը. «Իսկ տեսակետ, կարծիք հայտնելը չի կարող պատժվել օրենքով։ Տեսակետ, կարծիք հայտնելու ազատությունն ամրագրված է Սահմանադրությամբ և մարդու անօտարելի իրավունքն է»,- ասել է նա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում՝ գնահատելով իրավիճակը կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցի կողմից նմանատիպ (զուսպ, զգայուն) թեմաներով հրապարակումներ անելն իրավական հարց չէ և չի կարելի իրավական դաշտ տանել. «Դա ավելի շատ լրատվամիջոցների խնդիրն է՝ ի՞նչ բառապաշարով, լեզվական ի՞նչ ոճով ներկայացնել նյութը: Այսինքն՝ սա լրատվական միջոցի պատասխանատվությունն է իր ընթերցողի առջև՝ որակի, պրոֆեսիոնալիզմի տեսակետից և դա չի կարող իրավական դաշտում քննարկվող հարց դառնալ: Եվ դա ավելի շատ ընթերցողի պահանջներից է բխում՝ նախապատվություն տա՞լ այս կամ այն լրատվամիջոցին կամ հրապարակմանը, թե՞ ոչ»,- ասաց նա՝ նշելով, որ լրատվամիջոցի նկատմամբ իրավական ուժ կիրառել, նշանակում է սահմանափակել տեղեկատվությունը, ինչն անհարկի միջամտություն է: «Ուստի, ես չեմ ընդունում և գտնում եմ, որ դատարանը պետք է կարծիքի արտահայտման, տեղեկություն փնտրելու, տարածելու ազատության իրավունքը ճանաչի և չբավարարի հայցը: Եթե նույնիսկ տեղեկությունը օբյեկտիվ չէ, միևնույն է, ամեն դեպքում տեղեկատվություն է»:
Իրավապաշտպանի խոսքով՝ եթե կան հրապարակումներ, որոնք վերաբերում են տվյալ պաշտոնատար անձին և նպատակ ունեն բացահայտելու, գնահատալու նրա այս կամ այն գործունեությունը, նաև անձնական որոշ խնդիրներ, ապա պետք է շատ ավելի զուսպ լինել սեփական պահանջներում և գիտակցել, որ դա իր պաշտոնից բխող այն դառը պտուղն է, որը ինքը պետք է նաև քաղի, այսինքն՝ պետք է անտեսի, քանզի նրան ոչ ոք չի ստիպել գնալու այդ պաշտոնին: «Դա եղել է իր ընտրությունը, հետևաբար, եթե նա ընտրություն է կատարել հանրության խնդիրները լուծելու՝ վերցնելով որոշակի լիազորություններ և գործառույթներ, ապա պետք է նաև պատրաստ լինի այդ հանրության ամենածայրահեղ գնահատականներին, այդ թվում նաև այդ վիրավորական գնահատականներին արժանանալու»,- դիտարկեց մեր զրուցակիցն` ընդգծելով, որ Պաշտպանության նախարարը պետք է զերծ մնար և չգնար դատական ատյաններով բողոքարկելու և լրատվական միջոցի նկատմամբ դատական պրոցես սկսելու:
Թե ինչ ընթացք կստանա այս դեպքը, Սաքունցը դժվարացավ կանխատեսել. «Հայաստանում շատ դժվար է կանխատեսել դատարանների վարքագիծը: Դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պարագայում, հատկապես, երբ գործում առկա է իշխանության ներկայացուցչի շահը (կարևոր չէ անձնական, թե գործնական) հուսալ, որ կարող է տեղի ունենալ արդարադատություն, ես շատ կասկածում եմ: Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ այստեղ լրատվական միջոցի պաշտպանության խնդիրը կա: Եթե Հայաստանի դատարանը չպաշտպանի տեղեկատվության ազատության իրավունքը, ապա այդ հարցը պետք է բարձրացնել Եվրոպական դատարնում»,- ասաց Ա. Սաքունցը:
Աղբյուրը՝ www.mamul.am