Գայանե Առուստամյանը հարցաքննվել է
14:51, June 4, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼրագրող, հրապարակախոս Գայանե Առուստամյանին հունիսի 2-ին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:
Մայիսի 7-ին Գայանե Առուստամյանը ոստիկանին վիրավորելու համար բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Հետագայում վերջինս հայտարարել է, որ ոստիկանները իրեն բռնության են ենթարկել:
Գայանե Առուստամյանը Aravot.am-ին հայտնեց, որ քննչական գործողությունները շարունակվում են, եւ ինքն առաջին անգամ է գնացել հարցաքննության: Նա նշեց, որ իր շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը. «Արթուր Սաքունցն ինձ ուղեկցել է ՀՔԾ, որովհետեւ ես մենակ չեմ ուզում գնալ, դա ինձ համար հոգեբանական շատ լուրջ հարց է: Պարոն Սաքունցը ե՛ւ իրավական, ե՛ւ հոգեբանական աջակցություն է ցույց տալիս ինձ»:
Հարցին, թե գործի քննությունից ինչ որ սպասելիքներ ունի՞, Գայանե Առուստամյանը պատասխանեց, որ համարում է՝ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի եւ չկա որեւէ մի ատյան, որն իրեն վստահություն կներշնչի եւ կկարողանա վերականգնել իր իրավունքները. «Բայց մյուս կողմից, հանրային դիրքորոշման տեսակետից, ես չէի կարող թողնել եւ այնուամենայնիվ, արդարություն չփնտրել եւ չստիպել մեր պետական մարմիններին, որոնք ամեն դեպքում կոչված են վերականգնել արդարությունը, մարդու ոտնահարված իրավունքները: Սա ընդամենը գործողությունների ընթացակարգ է, որն ինձ համար հանրային, քաղաքացիական նշանակություն ունի»:
Նա նկատեց, որ իր գործը տարբերվում է մնացած գործերից, քանի որ մնացած դեպքերում ոստիկանները քաղաքացիների նկատմամբ բռնություն են կիրառել հանրային ակցիաների ժամանակ. «Ես սա գնահատում եմ որպես ռեժիմի խստացում, այսինքն՝ քաղաքացիներին սկսել են մենակ բռնացնել: Այստեղ կապ չունի իմ անձը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ցանկացած դիրքորոշում արտահայտելու դեպքում շատ հանգիստ կարող է բռնությունների ենթարկվել»:
Գայանե Առուստամյանը հավելեց, որ իր հետ կատարվածից հետո ոստիկանների կողմից նման սադրանքներ շատ են եղել. «Քաղաքացիները, իմ ծանոթները այդ դեպքից հետո շատ են խոսել, որ իրենց մոտ էլ են սուլել, իրենց էլ են սադրանքների ենթարկել, ուղղակի բանը չի հասել ոստիկանի կողմից նման բռնություն կիրառելուն: Մյուս կողմից էլ՝ եթե ես ոստիկանին ասել եմ էշ իր այդ սադրիչ, ոչ օրինաչափ գործողության համար, շատ լավ կլիներ, որ մեր պատկան մարմինները սրան գնահատական տային»:
Աղբյուրը՝ www.aravot.am