Կոստանյանը պետք է քրեական գործ հարուցի եւ խափանման միջոցի հարց որոշի Ա. Մովսիսյանի նկատմամբ
13:01, June 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հունիսի 3-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ:
Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքից:
Կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է.
«Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ»:
Դատախազություն ներկայացված հաղորդման մեջ իրավապաշտպան կազմակերպության ձեւակերպումն այսպիսին է.
«Գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Մովսիսյանի կողմից արված կոչերն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ: 2015 թ. ապրիլին հարուցվել էր քրեական գործ ՀԽ անդամների նկատմամբ ՀՀ ՔՕ 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն հիմքով, որ վերջիններս մտադրվել են զանգվածային անկարգություն հրահրել, եւ որը դիտվել է հանցագործության նախապատրաստություն, սույն դեպքում սպառնալիքը հնչեցվում է իշխանություն ունեցող անձի, ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից եւ առավել քան իրական է»:
Իրավապաշտպան կազմակերպությունը դիմում է ՀՀ դատախազ Կոստանյանին՝ Առաքել Մովսիսյանի նկատմամբ հարուցել քրեական գործ վերջինիս կողմից կատարված կոչերի եւ սպառնալիքների հիման վրա»:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ դատախազությունից արդեն իսկ հաստատել են՝ ստացել են կազմակերպության դիմումը եւ 10-օրյա ժամկետում որոշում են կայացնելու քրեական գործի հարուցման մասին:
«Քրեական գործի հարուցման հիմքեր կան եւ ոչ միայն Շմայսի, այլ նաեւ Ս. Սարգսյանի կողմից արված բազմաթիվ հայտարարություններում, այլ պաշտոնյաների կողմից արված հայտարարություններում եւս: Բայց մենք տեսնում ենք, որ քրեական գործեր չեն հարուցվում: Պաշտոնատար անձանց նկատմամբ վերապահումներով են գործում: Այդ իսկ պատճառով մենք հարկ համարեցինք գրավոր դիմել, մենք որոշեցինք դիմել վերապահումների տեղ չթողնելու համար»,- ասաց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանն ասում է, որ դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել եւ խափանման միջոցի ընտրություն կատարել, քանի որ ԱԺ պատգամավորը հրապարակավ ասել է իր մտադրությունների մասին:
Հիշենք, որ նման մի հայտարարություն արել էր ժամանակին մեկ այլ ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը: Նա, ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանի մասին արտահայտվելով, ասել էր, որ նրան պետք է ողջ-ողջ այրել խարույկի վրա:
«Այո, ճիշտ եք հիշում, դա բողոքարկեցինք, քրեական գործի հարուցման պահանջ ներկայացրինք: Խաչիկ Ասրյանը բացատրել էր, որ ինքը փոխաբերական իմաստով է ասել, ոչ թե անձամբ է այրելու: Իսկ այս դեպքում Շմայսը հայտարարում է, որ գլխատելու, բռնաբարելու է, դրա փոխաբերական իմաստը ո՞րն է»:
Իրավապաշտպանի կարծիքով պետք է հարուցել քրեական գործ, ՀՀ դատախազը պետք է դիմի խորհրդարան, որպեսզի կարողանա բացատրություն վերցնել ԱԺ պատգամավորից եւ հասկանա, թե ինչու է այդպես ասել Ա. Մովսիսյանը, արդյոք նման մտադրություններ ունի, եթե ոչ, ապա ինչ է մտածել, որ նման կերպ է արտահայտվել:
«Ի վերջո, ես, որպես ՀՀ քաղաքացի, պետք է իմանամ՝ Շմայսը վտանգավո՞ր է, թե՞ վտանգավոր չէ: Ինչքանո՞վ է պատրաստակամ իր մտադրություններն իրականացնելու հարցում»:
Ըստ Սաքունցի՝ այս դեպքում Կոստանյանը հավասարապես պատասխանատվություն է կրում, նա պիտի ապացուցի՝ հովանավորում է նման հայտարարություններ անող Ա. Մովսիսյանի՞ն, թե՞ պաշտպանում է ՀՀ օրենքը:
«Եթե բռնաբարելու կամ գլխատելու փորձ արեց Առաքել Մովսիսյանը, տվյալ դեպքում պատասխանատվություն կկրի նաեւ Կոստանյանը: Հատկապես, որ պետք է ի նկատի ունենալ, որ խոսում ենք մի անձի մասին, ով Հոկտեմբերի 27-ի գործով ներգրավված է եղել: Ճիշտ է՝ հերքվեց նրա անմիջական մասնակցությունը, բայց ներգրավված եղել է քրեական գործում: Բացի այդ, չմոռանանք, որ Առաքել Մովսիսյանը հանդես էր գալիս նաեւ որպես ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կատարած անձի հովանավոր՝ ասելով, որ ճիշտ են արել, որ Արամ Մանուկյանին ծեծել են:
Այնպես որ, վստահ չեմ, որ Առաքել Մովսիսյանը չի անի այն, ինչի մասին հայտարարում էր, իսկ դրա պատասխանատուն Գ. Կոստանյանն է»:
Աղբյուրը՝ www.galatv.am