Ծանր հոգեբանական տրավմաներ վերապրած անձանց հետ աշխատանքը՝ խոչընդոտները, մարտահրավերները և վերականգնման ճանապարհը
11:09, June 8, 2015 | Հայտարարություններ, ՍեփականՍույն թվականի հունիսի 17-19 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու՝ «Ծանր հոգեբանական տրավմաներ վերապրած անձանց հետ աշխատանքը՝ խոչընդոտները, մարտահրավերները և վերականգնման ճանապարհը» թեմայով դասընթացին:
Դասընթացը նպատակ ունի բարձրացնել հոգեբանների, ընտանեկան բժիշկների, սոցիալական աշխատողների և իրավապաշտպանների մասնագիտական կարողությունները` ծանր հոգեբանական տրավմաներ վերապրած անձանց հետ աշխատանքում:
Դասընթացի շրջանակներում կներկայացվեն հետևյալ թեմաները.
– ծանր հոգեբանական տրավմաներ վերապրած անձանց հետ աշխատելու միջազգային և վրացական փորձը
– անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկված, ընտանեկան բռնություն վերապրած անձանց հետ աշխատանքը (միջամտության սկզբունքները)
– ծանր տրավմաների ազդեցությունը և հետևանքները
– երեխաների վրա ընտանեկան բռնության հետևանքը
– բուժման փուլերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կայունացման փուլի վրա
– բիո-սոցիալ-հոգեբանական մոտեցումը և մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանքը ընտանեկան բռնություն վերապրած անձանց և բռնություն գործադրողների հետ
– խնդիրների քննարկում հայկական համատեքստում՝ ինչ կարելի է անել տարբեր մակարդակներում (ծառայություններ, կարողությունների զարգացում, օրենսդրություն, քաղաքականություն/ծրագրեր, և այլն):
Դասընթացը կվարեն վրացի փորձագետներ Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) տնօրեն Լելա Ծիսկարիշվիլին և Թբիլիսիի «Իլիա» պետական համալսարանի Հոգեկան առողջության ռեսուրսային կենտրոնի հիմնադիր անդամ և նույն համալսարանի Հոգեկան առողջության մագիստրոսական ծրագրի դասախոս Նինո Մախաշվիլին:
Դասընթացը ֆինանսավորվում է Նիդերլանդների թագավորության դեսպանատան կողմից՝ Մարդու իրավունքների տուն Թբիլիսիի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքները դեպի մարզեր» ծրագրի շրջանակներում:
Դասընթացը տեղի կունենա 2015 թ. հունիսի 17-19-ին, «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Օֆելյա Զալյանին. էլփոստ՝ ozalyan@hcav.am, հեռ. 0322 42268 կամ 094 042268:
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար:
Դասընթացին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցվել ստորև: