Քվեարկությունը` հարթ, իսկ դրսում ակտիվ աշխատում են. ՏԻՄ ընտրությունների հիմանական առանձնահատկությունն ըստ դիտորդների
11:02, June 10, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀունիսի 7-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական առանձնահատկությունն այն է, որ տեղամասերում ամեն ինչ հարթ է, խաղաղ, սակայն դրսում` 50 մետր շառավղով և «անդին» ակտիվ աշխատանք է տարվում ընտրողների հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալավերդիում դիտորդական առաքելություն իրականացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը։
«Եվ այն աստիճանի հնազանդության են հասել բնակչության շրջանում, որ կարելի է նույնիսկ չվերահսկել տեղամասի տարածքն ու համոզված իմանալ, որ եթե բերել ես, ինչ-որ տեղ իջեցրել ես, ինքը գնալու է, ընտրի` ում ասել ես»,- նշեց իրավապաշտպանը:
Արմավիրի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Ռազմիկ Սարգսյանն էլ, որը դիտորդական առաքելություն էր իրականացրել առանձնացրեց 28/7, 28/8, 28/9 տեղամասերը, որոնք այդ օրը աչքի են ընկել:
28/8 տեղամասը բացված են հայտարարել 8.15 րոպեին, և ընտրողները դրսում սպասել են, իսկ իրենց դիտորդը պատահաբար լսել է տեղամասի հանձնաժողովի նախագահի հաճախ հեռախոսազրույցներից մի պատառիկ, որ վերջինս ասում է՝ «ոնց նկատում եմ ` դեմ քվեարկողները շատ են ինձ թվում է, պետք է լցոնում արվի, բայց այստեղ էնքան դիտորդ կա»: Հետո, տեսնելով դիտորդին, հանձնաժողովի նախագահը փոխել է թեման ու կախել հեռախոսը:
27/7 ընտրատեղամասում հաճախ են եղել կուտակումներ ու կասկածելի թվով ավելի շատ քաղաքացիներ են եկել ճամփորդական անձնագրերով: Սկզբում նրանց թույլատրվել է քվեարկել, հետո իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո դիտորդների միջնորդությամբ արգելվել է։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգողն էլ, որը դիտորդական առաքելություն է իրականացրել Աբովյանում և Ալավերդիում, հրապարակեց ամենաշատ խախտումները: Առաջին տեղում (կամ 21 տոկոս) եղել են ընտրողների փոխադրումները, երկրորդ և երրորդ հորիզոնականները 14-ական տոկոսով զբաղեցնում են ընտրողների ուղղորդումը և անձնագրերում դրված կնիքների հետ առաջացող խնդիրները: Ինչպես նկատեց բանախոսներից մեկը, սատանան մանրուքների մեջ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը օրերս հայտարարեց, որ իշխող ՀՀԿ–ի հաջողության գաղտնիքն այն է, որ ի սկզբանե իշխանություն չլինելով, համարելով, որ ամեն ինչ սկսվում է ՏԻՄ ընտրություններից, կուսակցությունը մեծ տեղ է հատկացրել դրանց, սակայն ամենակարևորը` «աչք աչքի է կպցրել» ընտրողների հետ: Այսինքն՝ «շփվում են մասսաների հետ» և դրանով լիարժեք պատկերացում են կազմում ընտրողների տրամադրությունների մասին:
Ավելին, Լեռնիկ Ալեքսանյանը նույնիսկ անկեղծացել էր, ասելով.«Չեմ բացառում … գալիս են, դժգոհում են, բողոքում են, հայհոյում … Բայց երբ աչքը կպնում է աչքին, մարդը բացատրություններ է ստանում, մարդը լիցքաթափվում, մարդը կարող է ընկալել ասածը: Սա է գաղտնիքը»։
Աղբյուրը՝ www.tert.am