«Սյունիքի մարզը անկախ եւ ինքնուրույն միավոր է, եթե Լիսկայի մտքով անցնի, կարող է առանձնացնել այդ մարզը»
09:47, June 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին շրջանում Սյունիքի մազպետի եւ նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունների մասին «Ասպարեզի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-Պարոն Սաքունց, վերջին օրերին Դուք այցելել էիք Սյունիքի մարզ, խոսել նաեւ մարդկանց հետ, ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Գորիսում:
-Պետք է ասեմ, որ Սյունիքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է հանդիսանում հիմնական խոչընդոտող գործոնը առկա խնդիրների լուծման համար: Ինքը սպառնալիք է թե արդարադատության, թե՛ արդարության, թե՛ մարդու իրավունքների առումով: Հետաքրքիրն այն է, որ քաղաքացիների խնդիրներն առաջ են գալիս ոչ թե որպես մարզպետ նրա գործողություններից, այսինքն՝ օրենքով սահմանված իր գործառույթների հետեւանքով, այլ գործ ունենք պաշտոնի չարաշահման դասական օրինակի հետ, երբ ինքը կատարում է այնպիսի գործողություններ, որոնց իրավասությունը չունի. այդ գործողությունները վերաբերում են առողջապահության, կրթության, համայնքային ենթակայության այլ բնագավառներին, որոնք մարզպետի իրավասության ոլորտները չեն: Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումով՝ ՀՀ առաջին դեմքը՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, որպես գործիք է օգտագործում, սպառնալիք ՀՀ քաղաքացիների դեմ: Մարդիկ լավ հասկանում են, որ վտանգավորը մարզպետը չէ, այլ նրան հովանավորող անձը՝ Սերժ Սարգսյանը: Եւ բոլոր այն հանցագործությունները, որոնք կատարվել ու կատարվելու են Սյունիքի մարզում, քանի դեռ մարզպետն է Լիսկան, դրանցում անձամբ Սերժ Սարգսյանն է պատասխանատվություն կրում:
-Սյունիքի մազպետ Սուրիկ Խաչատրյանը բազմիցս է հայտարարել, որ մարզում վախի մթնոլորտ չկա եւ այդ մասին հիշատակողներին մշտապես կոչ է անում այցելել Սյունիք եւ համոզվել: Մարդիկ խոսու՞մ են այդ մասին, թե՝ ոչ:
-Աչքակապություն է եւ սուտ, քանի որ, հատկապես, Գորիս քաղաքի որեւէ քաղաքացի չէր ուզենա Սյունիքի մարզպետի կամ նրա հովանավորյալ որեւէ անձի հետ գործ ունենալ. սա փաստ է: Մարդիկ խուսափում են նույնիսկ իրենց արդարացի պահանջը ներկայացնել, քանի որ գիտակցում են՝ դա հղի է վտանգներով: Կարծում եմ՝ մեկ բան փոխվել է. սյունեցիները հասկացել են, որ ոչ Լիսկան, ոչ էլ նրա գործիքները վտանգավոր չեն, վտանգն այն անպատժելիությունն է, որ մշտապես հովանավորում է Լիսկային, եւ այդ հովանավորողը Սերժ Սարգսյանն է: Մարդիկ, որոնց հետ ես հանդիպել եմ, հստակ այդպես էլ ընկալում են, քանի որ համարժեք պատասխանը տալու դեպքում կարող են տուժել ոչ թե Լիսկայից, այլ նրա հովանավորներից: Լիսկան զրո է, բացարձակ որեւէ ազդեցություն կամ նշանակություն չունի սյունեցիների համար, այլ՝ միայն իր ստրուկների համար, ինչպես ինքն է հանդիսանում ստրուկը Սերժ Սարգսյանի ձեռքին, նմանապես իր ստրուկները ունի, որոնց միջոցով եղանակ է ուզում ստեղծել, բայց դա մեկ վայրկյանում հօդս է ցնդելու, եթե վերանա Սերժ Սարգսյանի հովանավորությունը:
-Բոլոր խնդիրները, որոնք Դուք մատնանշեցիք, արդյո՞ք ենթադրում են որոշակի լուծումներ արդարադատության տեսանկյունից, ի՞նչ հնարավորություններ կան մարզում:
-Սյունիքում մի ունիկալ համակարգ է ձեւավորվել, երբ մարզպետը, չունենալով օրենքով սահմանված լիազորություններ, բայց իշխանության թույլտվությամբ, կենտրոնացրել է մարզի տարածքում գործող պետական մարմինները՝ դատարան, ոստիկանություն, դատախազություն, հարկային տեսչութուն եւ այլն: Այս իշխանությունները Սյունիքի մարզում դե ֆակտո ստեղծել են մի մոդել, որը կոչվում է տոտալիտար կառավարմա մոդել, եւ պետական բոլոր մարմինները ենթարկվում են առաջին հերթին մարզպետին, հետո՝ կենտրոնական իշխանություններին: Իշխանության որեւէ ներկայացուցիչ չի կարող գլուխ գովել, թե ինքը իրական ազդեցութուն ունի Սյունիքի մարզում, քանի որ իրեն ենթակա կառույցները անմիջականորեն կառավարվում են մարզպետի կողմից: Սյունիքի մարզը անկախ եւ ինքնուրույն միավոր է, եթե Լիսկայի մտքով անցնի, կարող է առանձնացնել այդ մարզը: Այս տեսանկյունից Սյունիքի մարզում արդարադատության հնարավորություն ես չեմ տեսնում: Դրա համար միակ հնարավորությունը բոլոր քրեական գործերի տեղափոխումն է մարզի տարածքից դուրս, քանի որ բոլորը ենթարկվում են Սուրիկ Խաչատրյանին, իսկ նման լիազորություն նրան տվել է Սերժ Սարգսյանը: Մենք գիտենք, որ Բաղրամյան 26-ը ուղղակիորեն է ղեկավարում բոլոր պետական մարմինները, Սյունիքի մարզում այդ լիազորությունները հանձնված են մարզպետին: Նման պարագայում, այն գործերը, որոնք քննվում են, եւ որոնցում մասնակցությոն ունեն Սյունիքի մազպետը, նրա ընտանիքի անդամները, արդարադատություն ընդհանրապես հնարավոր չէ: Այս պարագայում միակ տարբերակը ոչ թե իրավական մեխանիզմներն են, այլ քաղաքացիական ընդվզումները, որոնց հնարավորությունները քիչ են Սյունիքում, չնայած՝ ես տեսնում եմ, որ պոտենցիալ կա:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված կենտրոնական իշխանության նմանօրինակ վերաբերմունքը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ:
-Ճիշտն ասած՝ փորձել եմ այդ հարցը պարզել իմ հանդիպումների ընթացքոմ, հասկանալ՝ մարդիկ ինչ կարծիք ունեն: Իհարկե, ֆինանսական ռեսուրս կա, ենթադրենք՝ ընտրությունների արդյունքների կեղծման շահագրգռվածությունը, բայց, վերջին հաշվով, այդ գործոնները առկա են նաեւ մյուս մարզերում, այս դեպքում դուրս է գալիս, որ ավելի խորքային շահեր կան, որոնք կապում են մարզպետին կենտրոնական իշխանությունների հետ, եւ մարզպետը կարող է ինքնուրույն ֆիգուր հանդես գալ: Սյունիքի մարզը Իրանին սահմանակից է, եւ կա արդյո՞ք ոչ օրինական բիզնես, որում ներգրաված են կենտրոնական իշխանությունները՝ հանձինս Սյունիքի մարզպետի: Սրանք հարցեր են, որոնց շուրջ մտքեր փոխանակելիս, ոչ ոք չի կարող հերքում ներկայացնել, մյուս կողմից էլ՝ դրանք հարցեր են, որոնց ուղղությամբ քննություն կատարելը կենտրոնական իշխանությունների ձեռքին է, սակայն բացահայտելու շահագրգռվածությունը զրո է: Խոշոր հանցագործություններ կարող են լինել, որոնք կարող են մարզպետին կապել կենտրոնական իշխանություններին:
Աղբյուրը՝ www.asparez.am