Տեղի ունեցավ Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստ
16:40, June 15, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հունիսի 12-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տարոն Սիրադեղյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր տեսաձայնագրությունների դիտումն ապահովելու համար:
2015 թ. հունիսի 12-ի դատական նիստը կայացավ հայցվոր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանի, պատասխանող ու միաժամանակ հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի և վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ: Մինչ տեսաձայնագրությունները դիտելը, պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը փորձեց պարզել, թե արդյոք հայցվոր կողմը դատարան է ներկայացրել ոստիկանության բաժնում բերման ենթարկված անձանց հաշվառման կարգը սահմանող հրամանը: Ա. Դեմիրխանյանը դատարանին ներկայացրեց հրամանը, որն ուժի մեջ էր մտել 2014 թ. հունիսի 21-ին, սակայն 2 ամսյա ժամկետում շարունակել էր գործել նախորդ հրամանը: Հիշյալ հրամանով փոփոխվել էր գրանցամատյանի վարման կարգը, մասնավորապես, ըստ նոր հրամանի, անձի վերաբերյալ տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են նրա ներկայությամբ, նշվում են նաև մարմնական վնասվածքները, որից հետո անձը ստորագրում է գրանցամատյանում:
Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ դատարան ներկայացվել է հաշվառման գրանցամատյանի համապատասխան էջի պատճենը, որը հնարավորություն չի տալիս հասկանալ՝ արդյոք այն նույնական է բնօրինակի հետ, թե ոչ, իսկ գրառումները չեն կատարվել պատասխանողի ներկայությամբ, ուստի միջնորդեց պահանջել հայցվոր կողմին ներկայացնել գրանցամատյանի բնօրինակը, նշելով, որ դրա հետ համեմատությունից հետո միայն հնարավոր կլինի տվյալ փաստաթուղթը գործին կցել որպես գրավոր ապացույց:
Հայցվորի ներկայացուցիչն առարկեց միջնորդության դեմ, նշեց, որ պատճենը ներկայացվել է ոստիկանության համապատասխան բաժնի կնիքով, ինչը հավաստում է, որ ներկայացված տվյալները բնօրինակի հետ նույնական են:
Նախագահող դատավորն առաջարկեց պատասանող կողմին հետաձգել միջնորդությունը, և ձերբակալման ժամերի հետ կապված դատաքննության փուլում ճշտումներ կատարելուց հետո, գրանցամատյանի գրառումների հավաստիությունը ճշտելու անհրաժեշտության դեպքում կրկին անդրադառնալ միջնորդությանը:
Պատասխանող կողմի համաձայնությունից հետո դատական նիստի ընթացքում կողմերը դիտեցին ԶԼՄ-ներով հրապարակված տեսաձայնագրությունները:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Դեմիրխանյանն առաջարկեց դիտել այն հատվածը, որտեղ Սարյան փողոցում նստած հավաքի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցներից մեկը պահանջ է ներկայացնում՝ բացել ճանապարհը: Դատավորի հարցին, թե արդյոք այդ ձայնագրություններում պատասխանողը երևում է, Ա. Դեմիրխանյանը նշեց, որ ինքը չի կարողացել տեսնել պատասխանողին, սակայն համոզվածություն հայտնեց, որ Տ. Սիրադեղյանն այնտեղ է եղել և լսել է ոստիկանի պահանջը: Այս հատվածի դիտման ընթացքում, սակայն, պարզ չերևաց, թե ում կողմից է հնչում «բացեք ճանապարհը» արտահայտությունը, իսկ հայցվորի ներկայացուցիչը մեկ անգամ ևս համոզվածություն հայտնեց, որ դա հնչել է ոստիկանության աշխատակցի կողմից:
Պատասխանող և միաժամանակ հակընդդեմ հայցվոր կողմի առաջարկությամբ դատաքննության ընթացքում դիտեցին հավաքի սկզբնական հատվածը, որտեղ հավաքի կազմակերպիչներից մեկը բարձրախոսով ներկայացնում էր հավաքի նպատակները, որից հետևում է, որ այն խաղաղ բնույթ է կրել, այն հատվածը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները շղթա կազմում և սահմանափակում հավաքի մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքը: Այնուհետև դիտեցին հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից հակընդդեմ հայցվորի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու հատվածները, Սարյան փողոցում նստած հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու և ձերբակալելու հատվածները:
Տեսաձայնագրությունները դիտելուց հետո կողմերն իրենց դիրքորոշումները ներկայացրեցին դրանց վերաբերյալ, որից հետո Տ. Սիրադեղյանի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց գործով 4 անձի որպես վկա ներգրավվելու և դատաքննության ընթացքում հարցաքննելու վերաբերյալ: Առաջին անձն, ըստ նեկայացուցչի, կարող էր վկայել այն մասին, որ հավաքի ընթացքում Տ. Սիրադեղյանը ոստիկանության շղթան չի ճեղքել, իսկ մյուս վկաները կարող էին տեղեկություններ հայտնել ձերբակալման իրական ժամերի մասին:
Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ոստիկանության կենդանի շղթան շրջանցելը նույնպես նշանակում է ոստիկանության շղթան ճեղքել, և չի վիճարկում ոստիկանության շղթան շրջանցելու փաստը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը հրաժարվեց տվյալ վկային դատարան հրավիրելու միջնորդությունից, սակայն միջնորդությունը պնդեց մյուս մասերով:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել և նշանակել մեկ այլ հերթի, միաժամանակ, նշեց, որ ներկայացված միջնորդության վերաբերյալ դատարանի կողմից մինչ դատական նիստը որոշում կայացնելու դեպքում, վկաները նույնպես կծանուցվեն դատական նիստի օրվա և ժամի մասին:
Սույն գործով դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկությունները կհրապարակվեն դատական ծանուցագիրը ստանալուց հետո: