Քրեական պատասխանատվության ենթարկված բժիշկներից տուժողը նոր հայցով փոխհատուցում է պահանջելու
18:47, June 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2012թ. թվականի դեկտեմբերի 31-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված ու մահացած երկու տարեկան Լիա Միսակյանի հոր՝ Գեորգի Միսակյանի կարծիքով, իր դստեր մահվան գործով բոլոր մեղավորները չպատժվեցին:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր երեխայի մահվան գործով հրապարակեց վճիռը՝ երկու մանկաբույժ երկուական տարով ազատազրկման դատապարտելով, չնայած միաժամանակ համաներմամբ նրանք ազատվեցին պատժից:
«Իմ միակ դժգոհությունն այն է, որ նրանք, որոնք 20 տոկոսով մեղավոր էին, պատժվողների կողքին չկային: Դատավճռից դժգոհություն չունեմ, որովհետեւ էս իրենց հերիք է, իրենց ղեկավարները պետք է ավելի շատ ստանան, քան իրենք»,- Aravot.am-ին ասաց Գեորգի Միսակյանը: Ի տարբերություն հայցվոր կողմի, բժիշկների պաշտպանն ասաց, որ բողոքարկելու են վճիռը, որովհետեւ համաձայն չեն դատարանի կայացրած որոշման հետ:
Իսկ Միսակյանների պաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ պատրաստվում են այս գործով նոր՝ քաղաքացիական հայցով դատարան մտնել. «Մեզ համար կարեւոր է՝ դատարանն իր մեկնաբանություններում անդրադառնալո՞ւ է, արդյոք, Արաբկիր բժշկական կենտրոնի կողմից բժշկական սպասարկման որակին, որովհետեւ դատաքննության ժամանակ անդրադարձ եղավ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին լաբորատորիայի աշխատել-չաշխատելու հարցին: Մենք գտնում ենք, որ շատ հարցեր կապված են եղել ոչ միայն բժիշկների ոչ բարեխիղճ վերաբերմունքի, այլեւ բժշկական սպասարկման որակի հետ: Մեր հայցը ուղղելու ենք ոչ միայն բժիշկներին, այլեւ հիմնարկին, չնայած իրավաբանական անձի նկատմամբ քրեական պատասխանատվության հայց չի ենթադրում մեր օրենսդրությունը, բայց քաղաքացիական հայց փոխհատուցման պահանջով ենթադրվում է»:
Աղբյուրը՝ www.aravot.am