«Բեսպրեդելը» ռուսական բազայում շարունակվում է
19:01, June 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Պարոն Սաքունց, Գյումրիում տեղի ունեցած սպանության գործին ըստ ձեզ պե՞տք է միջամտեն ռուս իրավապահները, այնպես ինչպես եղավ Ավետիսյանների սպանության գործում, երբ ռուսական կողմը եւս հարուցեց քրեական գործ, եւ կասկածյալն այդպես էլ չփոխանցվեց հայ իրավապահներին:
Ցանկացած հանցագործություն, որը կատարվել է ՀՀ տարածքում, պետք է քննվի ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Անկախ նրանից, թե այդ հանցագործության մեջ ով է մասնակից, անկախ այդ հանցագործության հետեւանքով տուժած կամ հանցագործությունը կատարած անձի քաղաքացիությունից: Հայ-ռուսական պայմանագրով, որն առնչվում է ռուսական ռազմաբազային, նշվում է, որ բազայի տարածքում կատարված զինվորական հանցագործություններով քննություն կատարելու են ՌԴ իրավապահ մարմինները: Բայց ռազմաբազայի տարածքը չի հանդիսանում Ռուսաստանի Դաշնության սեփականությունը եւ շարունակում է մնալ ՀՀ սեփական տարածքը, որի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավասությունը: Այսինքն, նույնիսկ եթե այդ հանցագործությունը կատարվեր ռուսական ռազմաբազայի տարածքում, վերստին պետք է ռուսական իրավապահ մարմինները իրենց քննության արդյունքների, ընթացքի վերաբերյալ առնվազն իրազեկեն ՀՀ իրավապահ մարմիններին, տեղյակ պահեն, հաշվետվություն տան, որովհետեւ կարող է այնպիսի հանցագործություն լինի, որը ոչ միայն անմիջականորեն ռուսական բազայի ծառայողներին վերաբերվի, այլ նաեւ ՀՀ քաղաքացիների անվտանգությանն առնչվի:Այս զինվորի մահվան գործով միանշանակ պետք է զբաղվեն միայն ու միայն ՀՀ իրավապահները: Քննության ընթացքում թե Հայաստանի իրավապահ մարմինները կհարցաքննեն ռուսական բազայի ներկայացուցիչներին, հրամանատարներին, թե ինչպես է եղել, ասում են երկու ամսվա ծառայող է, ո՞վ է հրամանատարը, ինչ հանգամանքերում եւ այլն: Բայց միանշանակ է, որ այս սպանության գործի քննությունը պետք է վարեն ՀՀ իրավապահ մարմինները: Այստեղ շատ հարցեր կան՝ ինչպե՞ս է եղել, որ երկու ամիս ծառայության մեջ գտնվող զինվորը հայտնվել է դրսում: Եթե եղել է թույլտվություն, դա էլ է տարօրինակ, որովհետեւ երկու ամսվա ծառայողին թույլ տալ դուրս գալ բազայից, այն էլ միայնակ դուրս գալ, դա անհասկանալի է: Հետո, եթե դուրս է եկել, ում հետ է եղել եւ այլն:
Այսինքն հնարավո՞ր է, որ գործի քննությունը մի շարք հարցերի վրա լույս սփռի, կապված բազայում տիրող ամենաթողության մթնոլորտի հետ:
Հիմա ես չէի ուզենա ժամանակից առաջ ընկնել, որովհետեւ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննության ավարտից հետո, երբ որ կլինի որոշակի պատկեր, այն ժամանակ ավելի հիմնավոր եզրակացություններ կանենք, հստակ ձեւակերպումներ կլինեն, թե ինչ է վերջապես տեղի ունենում: Մի բան արձանագրեմ, որ չի կարող լինել նորմալ, պաշտպանված վիճակ ( իրավունքի եւ օրինականության տեսակետից) մի զինված ուժերում, երբ որ այդ զինված ուժերում բեսպրեդելը որպես կանոն գոյություն ունի: Որովհետեւ դրա մասին են վկայում նաեւ ՌԴ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, ռուսական զինված ուժերում տիրող անմարդկային վիճակները՝ սպանության դեպքերը, ոչ կանոնադրային հարաբերությունները, խայտառակ դեպքերը: Նման վիճակում գտնվող զինված ուժերի մի առաձին ստորաբաժանումը, ինչպիսին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան է, արմատապես չի կարող տարբերվել ընդհանուր վիճակից:Ինձ ավելի շատ մտահոգում է, որ այս զինվորի սպանության հարցում կատարվի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, օրենքի պահանջների ամբողջ ծավալով, որպեսզի հնարավոր շահարկումների առաջն առնվի:
Այս գործի օբյեկտիվ քննությունը ի՞նչ կերպ կանդրադառնա, իհարկե անուղղակի, Ավետիսյանների սպանության գործի քննության վրա: Ինչպես նշեցիք, հայ իրավապահները կարող են մտնել բազա, քննություն իրականացնել, հասկանալ ինչ իրավիճակ է բազայում, եւ դա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:
Միանշանակ: Խնդիրն այն է, որ սպանվածը երկու ամսվա ծառայող է: Սպանությունը դրսում է կատարվել, բազայի տարածքից դուրս է: Թե բազայում ինչեր են կատարվում, իրավունքների պահպանության վիճակն ինչպիսին է, կոռուպցիայի մակարդակը եւ այլն, այս մասին ՀՀ իշխանությունները եւ հայ հանրությունը իրազեկված չեն, որը ճիշտ չէ: Այս սպանության գործով քննությունն այնքանով նշանակալի կլինի, որ եթե քննության առարկա դարձվեն զինծառայողների ծառայության պայմանները, բազայում տիրող իրավիճակը եւ հնարավոր վարկածները, դրանք էական նշանակություն կունենան իմանալու բազայում տիրող իրավիճակը, որը էական նշանակություն կարող է ունենալ նաեւ Ավետիսյանների ընտանիքի սպանության քննության գործում՝ հնարավոր այն տեղեկությունների տեսակետից, որը մենք կուզենայինք ունենալ: Ըստ էության այս պահին, ճիշտ է, նախաքնությունները դեռ չեն ավարտվել, բայց ես չգիտեմ, թե մեր իրավապահ մարմինները հնարավորություն ունենո՞ւմ են պատշաճ քննություն իրականացնելու: Մենք կծանոթանանք միայն նախաքննության ավարտից հետո՝ գործի նյութերին ծանոթանալու միջոցով: Կարծում եմ, քանի որ երկուսն էլ՝ եւ՛ Պերմյակովը, եւ այս զինծառայողը ռուսական բազայից են, բնականաբար, մահվան այս գործով քննությունը նշանակություն կունենա՝ հասկանալու համար բազայում տիրող իրավիճակը:
Աղբյուրը՝ www.lragir.am