ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թերի պատասխաններ է տալիս
19:07, June 15, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի մայիսի 29-ին տեղեկատվություն տրամադրելու հարցում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության պետին այն մասին, թե ինչ պատճառով, ինչ հիմքերով և իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա է արգելվել Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը 2015թ.-ի հունիսի 5-ին պատասխան գրությամբ հայտնել է, որ Շանթ Ոսկերչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է համաձայն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի, առանց համապատասխան կետի կամ մասի հղում կատարելու:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մատնանշված հոդվածը իր մեջ ներառում է oտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելու (ժամկետի երկարաձգման) մերժելու, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտք գործելն արգելելու կետերը, սակայն ազգային անվտանգության ծառայությունը չի պարզաբանում, թե տվյալ հոդվածի կոնկրետ որ կետի վկայակոչմամբ է Շանթ Ոսկերչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը ՀՀ արգելվել:
Ելնելով այն հանգամանքից, որ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է թերի պատասխան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է ճշտող հարցումներ ուղարկել ՀՀ ԱԱԾ-ին: