Տեղի ունեցավ Անի Բոշյանի գործով առաջին դատական նիստը
19:21, June 19, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հունիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, սկսվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Անի Բոշյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Անի Բոշյանը 2014 թ. նոյեմբերի 12-ին տարվել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժին, որտեղ ենթարկվել է հոգեբանական ճնշումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որի ազդեցությամբ, քննիչի թելադրմամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, իսկ այնուհետև, 2014 թ. նոյեմբերի 23-ին դեղահաբերի մեծ քանակություն ընդունելու միջոցով ինքնսպանության փորձ է կատարել: Ա. Բոշյանի դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վարույթը սակայն հետագայում կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Հիշյալ որոշման օրինականությունը ստուգելու նպատակով բողոք է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան:
2015 թ. հունիսի 19-ի բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Բոշյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և վարույթն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ն. Բարսեղյանը:
Բողոքի քննության շրջանակներում Ա. Սաքունցը ներկայացրեց դեպքի նկարագրությունը և գործի դատավարական նախապատմությունը, նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումները մանրամասն նկարագրված են բողոքի հիմնավորումներում /կից տեսեք դիմում-բողոքը/: Ա. Սաքունցն անդրադարձավ Ա. Բոշյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնում կիրառված ճնշումներին, սպառանալիքներին, որի ազդեցությամբ տուժող Ա. Բոշյանը ինքնասպանության փորձ է կատարել: Տուժող Ա. Բոշյանի ներկայացուցիչը նշեց, որ նախաքննության ընթացքում նույնիսկ դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել՝ ինքնասպանության հասցնելու մասով, ինքնասպանության հասցնելու հարցն ընդհանրապես քննության առարկա չի դարձել վարույթն իրականացնող մարմնի կողմից, իսկ Հ. Բոշյանն այդպես էլ տուժող չի ճանաչվել:
Այդպիսով, Ա. Սաքունցը դատարանից պահանջեց վերացնել Ա. Բոշյանի և Հ. Բոշյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Բացի այդ, Ա. Սաքունցը վարույթն իրականացնող մարմնից նախաքննության նյութերը ստանալու միջնորդություն ներկայացրեց դատարանին, նշելով, որ դրանց ծանոթանալուց հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա դիմումի լրացում ներկայացնել դատարան:
Վարույթն իրականացրած Ն. Բարսեղյանն առարկեց բողոքի դեմ և միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ առարկություններն առարկայական ներկայացնելու համար:
Դատարանը, հաշվի առնելով բողոքաբերի ներկայացուցչի և վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, որոշում կայացրեց բողոքի քննությունը հետաձգելու մասին: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թ. հունիսի 26-ին, ժամը 13:00-ին: