Փոքր քաղաքի մեծ ինտրիգները կամ քաղաքացի լինելու իրավունքը. Վարդինե Գրիգորյան
11:22, July 2, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄարդկային արժեքները, հետաքրքրությունները, շահերն ու շարժառիթները տարբեր են ու դրանց ուղղությամբ կատարված ցանկացած ընտրություն որոշում է, որի արդյունքում սահմանվում են առաջնահերթություններ, զոհաբերվում են որոշ հնարավորություններ:
Հայաստանի Հանրապետությունում կատարվող իրադարձություններին Վանաձորցիները միշտ արձագանքում էին, ուղղակի հոգու խորքում, ընկերական շրջապատում, ֆեյսբուքի պատին, բայց ոչ փողոցում: Ասում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի առաջին օրերին Երևանում պաստառ կար՝ «Ցածր խոսեք, Վանաձորը քնած է»:
Կա մի կարևոր ու օբյեկտիվ գործոն, ըստ սեփական արժեհամակարգի ու հնարավորությունների մարդիկ իրենք են որոշում անարդարության իրենց համար տանելի սահմանը, ոլորտը, Վանաձորում այդ սահմանի անսահմանությունն ապշեցնող է, բայց դա էլ այլ հարց է: Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ նախկինում թատրոնում ամաչում էին առաջինը ծափահարել, դրա համար թատրոններն ունեին վարձու ծափահարողներ, որոնք գիտեին որտեղ ծափահարել, իսկ մյուսներն էլ արդեն հանգիստ հետևում էին նրանց: Առաջինը չլինելու բարդույթը թվում է, թե ոչ մի դեպքում չի հաղթահարվում, այն աստիճանի չի հաղթահարվում, որ միանգամից մտածում են, թե առաջինը անպայման վարձու էր: Սեփական անգործությունը կամ գործողությունն արդարացնելու բազմաթիվ մեթոդներ ու պատճառաբանություններ կան, խիղճը հանգիստ պահելը բոլորիս համար արդիական է:
Էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման մասին լուրերի ի հայտ գալուց ի վեր մարդիկ բողոքում են. Երևանում՝ հրապարակավ, Վանաձորում՝ նեղ շրջապատով: Այս ընթացքում Վանաձորում կազմակերպվել են տարբեր ակցիաներ, որոնց մասին լսել կամ պատահական նկատել ենք լուրերում: Ակցիաներին միանալ չմիանալու որոշումներն անհատական են եղել, անկախ նրանից թե դրա համար ինչ պատճառներ են բերվել` աշխատանք, հարևաններ, բարեկամներ և այլն: Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումն իհարկե լիովին անհիմն եմ համարում, բայց այդ որոշումն իմ կարծիքով հերթական հետևանք էր այն ամբողջ անպատասխանատվության և անպատժելիության, որ տիրում է մեր երկրում ու համարում եմ, որ բողոքը պետք է լինի հենց այդ կոնտեքստում: Հենց այս սկզբունքից ելնելով՝ ինձ համար անարդարության սահմանը հունիսի 23-ի հարձակումն էր խաղաղ ցուցարարների վրա, որից հետո ինձ համար պարտադիր համարեցի, ոչ միայն ցույցերին մասնակցելը, այլ նաև ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատվություն պահանջելը: Դուրս գալու որոշումն իրականում հեշտ չէր, ես հասկացել եմ, որ ինձ համար ավելի հեշտ է ելույթ ունենալ տարբեր երկրների պատվիրակությունների կամ ՀՀ իշխանությունների առաջ ու քննադատել նրանց գործողությունները, քան համախոհներ հավաքել սեփական քաղաքում, ոչ թե այն պատճառով, որ վստահ չեմ ուժերիս, այլ ուղղակի մտածում եմ, որ խնդիրների լուծումն ավելի բարձր ատյաններում պետք է որոնել ու դա եմ անում, իսկ Վանաձորցուն փողոց դուրս բերելու առաջին նպատակը հենց փողոց դուրս բերելն եմ համարում՝ սեփական իրավունքների պաշտպանության, ոչ թե ինչ-որ մեկի հորինած խնդրի համար:
Մի խոսքով, ամենուր հնչող՝ «չէ վանաձորցին դուրս չի գա», «մեզնից ի՞նչ բողոքող», «մեկ ա բան չի փոխվի» տեքստերի կողքին հայտնվեցին մի քանի «եկեք հավաքվենք»-ներ: Պարզվեց պահը հասունացել է ու մարդիկ հավաքվեցին, պարզվեց բոլորը առաջին ծափ տվողին էին սպասում: Առաջին երկու օրվա ընթացքում հստակ ձևակերպվեցին պահանջները: Ինքնաբուխ ինքնակազմակերպումը ցույց տվեց իր արդյունավետությունը: Բայց փոքր քաղաքում կան մեծ կրքեր ու ամբիցիաներ: Ակցիայի երրորդ օրվանից սկսվեցին «Առաջինը ծափ տվողը վարձու է» շարքից մեղադրանքներ, որոնք թարգմանաբար նշանակում էին՝ «եթե մենք չենք անում ուրեմն կեղծ է»: Չեմ բացառում, որ մեղադրողների մի մասն իրոք անկեղծ էին սեփական մոլորության մեջ, չեմ բացառում, որ իրոք մարդիկ կան, որ անկեղծ հավատում են, թե հասարակական կազմակերպությունները գրանտակերներ են ու աշխատում են սեփական պետության դեմ, նման կազմակերպություններ երևի կան, չեմ ժխտում: Եթե չեմ սխալվում, գրանտակեր նշանակում է կազմակերպություն կամ անհատ, որը դրամաշնորհներ է գրպանում, առանց որևէ գործողություն իրականացնելու: Պարզից էլ պարզ է, որ իրական գրանտակերների մասին ոչ ոք երբեք չի լսում, որովհետև նրանք հանրային տեղեկացման արժանի ոչ մի գործողություն չեն անում, նրանք ուղղակի հանգիստ թաքուն լվանում/ուտում են պետական բյուջեից կամ այլ տեղերից ստացված դրամաշնորհները, իսկ այն կազմակերպությունները ում պրոիշխանական մեդիան ու անձինք գրանտակեր են հռչակել, իրականում թափանցիկ են աշխատում ու աշխատում են այն նպատակների ուղղությամբ, որոնք նշված են իրենց կանոնադրություններում ու որոնք հաստատված են ՀՀ Արդարադատության նախարարության կողմից: Միամիտ չլինենք, այն մարդիկ (օրինակ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը), ում «ավանդաբար» գրանտակեր եք անվանում, բացարձակապես այս իշխանությունների սրտով չեն և հովանավորությունը չեն վայելում, հետևաբար նրանց գրանտակերությունը կամ «արտասահմանյան ագենտ» լինելը ապացուցող ցանկացած առիթ հիմք կհանդիսանար նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Այնուամենայնիվ, Վանաձորի ակցիաների ընթացքում տարբեր խմբեր՝ սեփական շահերից, կամ միանգամայն ազնիվ մղումներից ելնելով սկսեցին վարկաբեկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին և Խաղաղության երկխոսություն ՀԿ-ին՝ թաքնված օրակարգ ունենալու և արևմուտքի պատվեր կատարելու մեջ: Բացի այն, որ նման մեղադրանքը կատարյալ միամտություն է և իրավիճակի ոչ սթափ գնահատում, (ես կասեի անձիս կատարյալ գերագնահատում), այն նաև մի սարսափելի համոզմունք ի հայտ բերեց: Պարզվեց, որ ես, որ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում աշխատում եմ հենց այն պատճառով, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը համարում եմ մարդու/քաղաքացու ամենակարևոր գործունեությունը, ինքս դրա իրավունքը չունեմ: Պարզվեց, որ հեշտությամբ կարելի է առանձին ինտենսիվ զրույցներով մարդկանց մոլորեցնել , թե ՀԿ-ներն ու կուսակցությունները նույնն են, իրենց նպատակը երկրում անկայունության ու իշխանափոխության հասնելն է ու այդ ամենը միայն պատվերի շրջանակներում: Այսինքն իմ ծննդավայրում, ինչ-որ մարրդիկ իրենց իրավունք վերապահեցին համոզելու իրենց և մյուսներին, որ ես իմ քաղաքի լիիրավ քաղաքացի լինելու իրավունք չունեմ, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը սահմանափակվում է իմ ստացած աշխատավարձով և պայմանագրային պարտավորություններով: Հետաքրքիր է, որ այդ սահմանափակումը դնում է ոչ թե գործատուս, ինչպես ընդունված է մյուս ոլորտներում, այլ ինչ-որ մարդիկ, ովքեր սեփական ստրկամտության ու անգործության սանդղակով են չափում ինձ՝ պնդելով, թե առանց պատվերի խոսելու համարձակություն չէի ունենա: Ավելի մեծ վիրավորանք դեռ չէի ստացել:
Ամեն դեպքում ցույցերին հավաքվեցին բազմաթիվ վանաձորցիներ: Տարբեր մարդիկ ու խմբեր փաստեցին, որ չէին սպասում նման ակտիվություն, որ հպարտանում են քաղաքով: Պարզվեց, որ մենք ունենք հրաշալի ազատ ու պահանջատեր երիտասարդություն: Միաժամանակ, տարբեր ուժերի միջամտության ու հաջողված հակաքարոզչության շնորհիվ, Վանաձորի քաղաքապետը իրեն թույլ տվեց ծաղրել ցուցարարներին՝ կոչ անելով տարբերվել մյուսներից և ցրվել տներով, ոստիկանությունն առաջարկեց՝ «հազիվ հավաքվել եք, եկեք շաբաթօրյակ անենք», իսկ Լոռու մարզպետարանն ավելի հեռուն գնաց՝ առանձին ու խմբակային զրույցներով հավաքված երիտասարդներին հորդորելով միանալ մարզպետին կից երիտասարդական խորհրդին, մասնակցել մշակութային միջոցառումների, մի խոսքով՝ դառնալ հանրապետական երիտթևի պես խամաճիկների մի խումբ ում համոզել են, թե կուսակցական ղեկավարության պաշտամունքը հայրենասիրության արտահայտման գերագույն ձևն է:
Իշխանության որոշումների դեմ ցանկացած պայքար առաջին հերթին պայքար է ներքին ու արտաքին ստրուկների դեմ: Այս ընթացքում ես հասկացա, որ ներքին ստրուկիս վաղուց եմ հաղթահարել, իսկ արտաքինների դեմ դեռ անզոր եմ: Սա պայքարից հրաժարում չի նշանակում, ուղղակի այս դասերը մարսելու համար ժամանակ է պետք, մինչ այդ կշարունակենք այն մեթոդներով, որոնցով աշխատել ենք մինչ այժմ՝ Հայաստանի իշխանություններին միջազգային հարթակներից հիշեցնելով, որ երկրի տերը ժողովուրդն է ու նրա արժանապատվության հաշվին այլ տերերի ծառայելը դավաճանություն է:
Վարդինե Գրիգորյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգողն է:
Աղբյուրը՝ www.medialab.am