Փաստաբանների գործունեության խոչընդոտման հիմքով հաղորդում է ներկայացվել
17:04, July 8, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 6-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ Ոստիկանության Նոր-Նորքի և Մալաթիայի բաժինների պետերի և պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:
2015թ.-ի հունիսի 23-ի առավոտյան 05:30-06:00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց իրականացնող ցուցարարների նկատմամբ, կիրառելով ջրցան մեքենաներ, որի արդյունքում մի շարք քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ առևանգման միջոցով 237 անձ բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժիններ:
Ոստիկանության աշխատակիցները ցույցի մասնակիցներին անօրինական կարգով զրկել են ազատությունից, հարցաքննել են վկայի կարգավիճակով, նույն կարգավիճակով Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում պահել են 13 ժամ, իսկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում 9 ժամ, ինչպես նաև առգրավել են նրանց բջջային հեռախոսները:
Քաղաքացիները ժամեր շարունակ ստիպված են եղել սպասել որպես վկա հարցաքննվելու իրենց հերթին, որից հետո խումբ-խումբ տարվել են ՀՀ հանրապետական նարկոլոգիական կլինիկա՝ փորձաքննություն անցնելու որպես կասկածյալներ, մինչդեռ վերջիններս չեն տեղեկացվել, որ իրենք ներգրավված են որպես կասկածյալներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խաղաղ ցույց իրականացնող անձանց խախտված իրավունքերի պաշտպանության նպատակով ներգրավել է ՀՀ փաստաբանների պալատի անդամներ՝ փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Անահիտ Չիլինգարյանին: Փաստաբաններն այցելել են ՀՀ Ոստիկանության Մալաթիայի և Նոր-Նորքի բաժիններ, բերման ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն տրամադրելու, սակայն վերջիններիս գործունեությունը խոչընդոտվել է և նրանց բավականին ուշացումով է հնարավորություն ընձեռվել հանդիպել տուժած քաղաքացիների հետ:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին փաստաբանները ժամանել են հունիսի 23-ին, ժամը 14:30-ի սահմաններում, տվյալ բաժնում պահվել են 20-ից ավելի անձինք: Փաստաբաններ Ա. Հարությունյանին և Ա. Չիլինգարյանին անմիջապես թույլ չեն տվել տեսակցել իրենց վստահորդներին: Փաստաբանները, որոշ ժամանակ անց, մուտք են գործել Ոստիկանության բաժին: Ա. Հարությունյանը և Ա. Չիլինգարյանը հանդես են եկել որպես Տիգրան Հակոբյանի և Դավիթ Սելիմյանի փաստաբաններ և մասնակցել են Դ. Սելիմյանի հարցաքննությանը, մինչդեռ Տ. Հակոբյանի հարցաքննությունը տեղի էր ունեցել մինչ փաստաբանների ժամանումը:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժին փաստաբաններն այցելել են հունիսի 23-ին ժամը 17:30-ի սահմաններում, սակայն բաժնում պահվող իրենց վստահորդների հետ անմիջապես հանդիպել կրկին չի թույլատրվել: Հերթապահ մասում նրանց առաջարկել են սպասել, մինչև իրենք ճշտումներ կկատարեն: Քանի որ ճշտումներ կատարելու գործընթացը չափազանց երկար ժամանակ է տևել, փաստաբանները կապ են հաստատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որի միջնորդությամբ, վերջապես, հրավիրվել են ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի տեղակալի մոտ, որն էլ ներկայացրել է ցույցը ցրելու արդյունքում բաժին բերված քաղաքացիների հետ կապված բաժնում տիրող իրավիճակը, հայտնել է նաև այն մասին, որ ՀՀ դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել 258-րդ (Խուլիգանության) հանցակազմի հիմքով:
Ելնելով վերոհիշյալ հանգամանքներից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Ոստիկանության Նոր-Նորքի և Մալաթիայի բաժինների պետերի և պաշտոնատար անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով և այն հիմքով, որ 2015թ.-ի հունիսի 23-ին Ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկված անձանց անօրինական կարգով Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում պահել են 13 ժամ, իսկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում 9 ժամ, ինչպես նաև խոչընդոտել են ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ՝ Ա. Հարությունյանի և Ա. Չիլինգարյանի լիազորությունների իրականացումը: