Ըստ փորձաքննության ջրաշենցի 4-ամյա փոքրիկը մահացել է ինֆեկցիոն տոքսիկ շոկից. հարազատները համաձայն չեն
13:12, July 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Արմավիր» բժշկական կենտրոնում հունիսի 16-ին ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանը, ըստ դատաբժշական փորձաքննության, մահացել է ոչ թե բժշկական սխալի, այլ ինֆեկցիոն տոքսիկ շոկի հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը մահվան դեպքով հարուցված քրեական գործում ներգրավված է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
«Փորձագետի տված եզրակացության վրա զարմացած եմ: Ինձ համար շատ տարօրինակ ձեւով փորձագետը արձանագրել է, որ երեխայի մոտ ինֆեկցիա է հայտնաբերել, որը պատճառական կապի մեջ է մտնում մահվան հետ: Կատեգորիկ եզրակացություն է տվել, որն իմ մոտ տարակուսանք է առաջացնում: Նման կատեգորիկ եզրակացության առաջին անգամ եմ հանդիպում»,- ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ ինքը եւ երեխայի հարազատները եզրակացության հետ համաձայն չեն:
Արթուր Սաքունցը նշեց, որ դատաքննության փուլում իրենք հանդես կգան համապատասխան միջնորդություններով եւ փորձագետից կպահանջեն ներկայացնել, թե ինչի հիման վրա է նման կատեգորիկ եզրակացության հանգել:
Հիշեցնենք, որ փոքրիկի մահվան մեջ հարազատները մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին: Փոքրիկի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ երկրորդ անգամ ստամոքսի լվացում անելուց հետո երեխայի օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել, ինչից 10 րոպե անց երեխան մահացել էր: Անահիտ Պետրոսյանը հերքել էր փոքրիկի հարազատների` իր հասցեին հնչեցված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Աղբյուրը՝ www.news.am