Միջազգային արդարադատության համաշխարհային օր
16:42, July 17, 20152015 թ. հուլիսի 17-ին նշվում է միջազգային արդարադատության համաշխարհային օրը, կամ այլ կերպ՝ Միջազգային քրեական արդարադատության օրը: 1998 թ. այս օրն է ընդունվել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Փաստաթղթով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային ամբողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ: Միջազգային քրեական դատարանի իրավասությունը տարածվում է հետևյալ հանցագործությունների վրա. ցեղասպանության հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ (ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ), ագրեսիայի հանցագործություն:
Հայաստանը ստորագրել է Կանոնադրությունը 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն դեռևս չի վավերացրել, ինչը նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի կողմից ճանչված չէ: Իսկ 2004 օգոստոսի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Կանոնադրության մի շարք դրույթներ չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:
Ելնելով Կանոնադրությամբ սահմանված հանցագործությունների անպատժելիության անթույլատրելիությունից և յուրաքանչյուր դեպքում արդարադատության իրականացման անհրաժեշտությունից, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, դրանով իսկ ճանաչելով Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: