Աշխատանքային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ
21:21, July 31, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. հուլիսի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարությունների, Կառավարությանն առընթեր մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում Ծրագրի իրականացման համար պատասխանատու գործադիր իշխանության մարմինների կողմից ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության Ծրագրի իրականացման արդյունքները: Բարձրացվեցին խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր չի եղել իրագործել մի շարք գործողություններ: Դրանք պայմանավորված էին, թե՛ ֆինանսական և թե՛ կազմակերպաիրավական գործոններով: Խոսվեց նաև Ծրագրով սահմանված գործողությունների անորոշ և ոչ չափելի ձևակերպումների մասին:
Միջազգային կառույցների կողմից հնչեցվեցին առաջարկություններ ապագայում մշակվելիք 2016-2017թթ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության Ծրագրի վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է հետագայում ներառել այնպիսի միջոցառում, որը կապահովի սննդի իրավունքի իրացումը՝ ելնելով ՀՀ-ում առկա աղքատության/կարիքավորության մակարդակից: Միջազգային մի շարք կազմակերպություններ պատրաստակամություն հայտնեցին օժանդակություն ցուցաբերել կրթության, երիտասարդության զբաղվածության, հաշմանդամության, խտրականության վերացման և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցերում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվել է Ծրագրի մոնիթորինգ և մոնիթորինգի արդյունքների հիման վրա պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների Ծրագրի իրականացման վերաբերյալ ուսումնասիրություն, որի նախնական արդյունքները ներկայացվեցին քննարկման մասնակիցներին: Կազմակերպության նախագահը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են. պատասխանատու մարմինների կողմից իրականացված գործողությունների անարդյունավետությունը, յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ Տեղեկանքը: