Արման Անտոնյանի գործով ներկայացված բողոքի քննությունը հետաձգվեց
21:24, July 31, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հուլիսի 31-ին, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Մ. Մակյանի, սկսվեց տուժողի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշյալ բողոքը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Գեղամյանի՝ Արման Անտոնյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ:
Բողոքի քննությանը ներկա էին բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը և Երևան քաղաքի դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հարություն Սարգսյանը:
Դատական նիստի ընթացքում պարզվեց, որ կարճված քրեական գործի նյութերը դատարանը դեռևս չէր ստացել: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը գրություն էր ներկայացրել դատարան, որով տեղեկացրել էր, որ վարույթն իրականացրած քննիչ Ա. Գեղամյանը գտնվում է արձակուրդում, իսկ քրեական գործի նյութերը հանձնվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ տուժող կողմը ծանոթ է քրեական գործի մի մասին, մասնավորապես՝ մինչ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տուժող կողմի ներկայացրած բողոքը բավարարելը կատարված նախաքննությամբ ձեռք բերված նյութերին, ուստի նշեց, որ քրեական գործի նյութերն անհրաժեշտ է ներկայացնել դատարան, և խնդրեց հետաձգել դատական նիստը:
Դատախազ Հ. Սարգսյանը նշեց, որ բողոքի քննության համար անհրաժեշտ են ինչպես քրեական գործի նյութերը, այնպես էլ՝ վարույթն իրականացրած քննիչ Ա. Գեղամյանի ներկայությունը:
Կարճված քրեական գործի նյութերը դատարան ներկայացնելու և բողոքի քննությանը վարույթն իրականացրած քննիչ Ա.Գեղամյանի մասնակցությունն ապահովելու նպատակով նախագահող դատավոր Մ. Մակյանը որոշեց հետաձգել դատական նիստը:
Այսպիսով, բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. օգոստոսի 18-ին, ժամը 12:30-ին:
Հիշեցնենք, որ Ա. Արտոնյանը 2010թ. հունվարի 17-ից մինչ փետրվարի 27-ը չբերության գանգատով բուժման կուրս է անցել Երևանի «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնում»: 2010թ. մարտ ամվսա վերջերին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 2010 թ. ապրիլի 1-ին՝ անգիտակից, կոմային վիճակում տեղափոխվել է Երևան քաղաքի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է «հեպատիտ B» հիվանդությունից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետագայում հիշյալ գործի վարույթը կարճվել է: Նախաքննությունը զոհի ընտանիքին հասանելի չլինելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ սահմանված կարգով բողոք է ներկայացվել նախ դատախազություն, ապա՝ դատարան: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այլև հանցագործության արդյունքում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, բավարարել է ներկայացված բողոքը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումից հետո ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների ընհանուր իրավասության դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից ներկայացված բողոքը և գործն ուղակել նոր նախաքննության: Նախաքննության արդյունքում, սակայն, կրկին կայացվել է քեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որը կրկին հանգեցրել է Ա. Անտոյանի կյանքի իրավունքի խախտմանը: Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին նշված որոշումն էլ այժմ բողոքարկվում է ընհանուր իրավասության դատարանում: