Անի Բոշյանի ինքնասպանության փորձի ուղղությամբ քննություն չի կատարվել
23:40, August 3, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. օգոստոսի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, շարունակվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Անի Բոշյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից բերված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ վարույթն իրականացրած Ն. Բարսեղյանը գործի նյութերը բողոքաբերի ներկայացուցչին տրամադրել էր դատական նիստի նախորդ օրը, և Ա. Սաքունցը բավարար ժամանակ չէր ունեցել նյութերին ծանոթանալու համար: Բացի այդ, վարույթն իրականացրած մարմինը քրեական գործի նյութերը չէր ներկայացրել դատարան:
2015 թ. օգոստոսի 3-ի դատական նիստը կայացավ վարույթն իրականացրած Ն. Բարսեղյանի բացակայությամբ, վերջինս, կարճված քրեական գործի նյութերը ներկայացնելով դատարան, գրությամբ հայտնել էր, որ գտնվում է արձակուրդում և չի կարող մասնակցել բողոքի քննությանը:
Ա. Բոշյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ բողոքը գրավոր տեսքով ներկայացվել է դատարանին, անհրաժեշտ չհամարեց հրապարակել դրա բովանդակությունը, փոխարենը դատական նիստի ընթացքում ներկայացրեց դիմումի լրացում, որը կազմվել էր քրեական գործի նյութերին ծանոթանալու անդյունքում:
Ա. Սաքունցը մատնանշեց մի շարք խախտումներ, որոնք թույլ էին տրվել նախաքննության ընթացքում. քրեական գործով որևէ կերպ չէր պարզաբանվել այն հարցը, թե որտեղ է գտնվել Ա. Բոշյանը մինչ ՀՀ քննչական կոմիտե տեղափոխվելը, այն դեպքում, երբ շուրջ 3-4 ժամ Ա. Բոշյանը գտնվել է ոստիկանության բաժնում, չեն կատարվել առերեսումներ ոստիկանության բաժնի պետի և քրեական հետախուզության բաժնի պետի միջև, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ Ա. Բոշյանին քննչական կոմիտե տեղափոխելու հարցի վերաբերյալ: Բացի այդ, Ա. Սաքունցն ընդգծեց, որ կատարվածից հետո Ա. Բոշյանն ինքնասպանության փորձ է կատարել, սակայն այդ ուղղությամբ որևէ քննություն չի կատարվել, չի պարզվել՝ արդյոք Ա. Բոշյանի հոգեբանական վիճակը կարող էր դրդել նրան ինքնասպանության:
Միաժամանակ, Ա. Սաքունցը նշեց, որ քրեական գործի նյութերում հղումներ են կատարվել որոշ տեսագրությունների, որոնք վարույթն իրականացրած մարմինն չի տրամադրել տուժող կողմին:
Դատարանը, որոշեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով տուժող կողմին լիարժեք ծանոթանալ քրեական գործի նյութերին:
Այսպիսով, բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. օգոստոսի 17-ին, ժամը 15:30-ին: