Վարույթն իրականացրած մարմինները չէին ներկայացել Հայկ Մովսիսիյանի գործով բողոքի քննությանը
20:10, August 3, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. օգոստոսի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մակյանի, սկսվեց Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ 2015 թ. փետրվարի 27-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել էր Ա. Սաքունցի և Ա. Զալյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, արձանագրելով, որ ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրակացության այն մասին, որ Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները խախտել են դատավարության մասնակից ճանաչելու մասին նախաքննության մարմնի գործողությունների (անգործության) բողոքարկման դատավարական կարգը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել էր Ա. Սաքունցի և Ա. Զալյանի բողոքը մերժելու մասին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2015 թ. օգոստոսի 3-ի նշանակված բողոքի քննությանը ներկա էր միայն Հ. Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը, վարույթն իրականացրած մարմինները, մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ. Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Բադալյանը չէին ներկայացել դատական նիստին: Փոխարենը, վերջիններս դատարան էին ներկայացրել գրություններ, որոնցով հայտնել էին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել էին բողոքը քննել առանց իրենց ներկայության: Միաժամանակ, ինչպես Մ. Բաբայանը, այնպես էլ Վ. Բադալյանը գտել էին, որ բողոքը ենթակա է մերժման: Վ. Բադալյանը դատարան էր ներկայացրել նաև բողոքի նյութերը:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ պարտադիր է համարում վարույթն իրականացնող մարմինների ներկայությունը բողոքի քննությանը, քանի որ տվյալ դեպքում խախտվել է Հ. Մովսիսյանի կյանքի իրավունքը և խնդրեց տրամադրել ինչպես դատարան ներկայացված գրությունների, այնպես էլ՝ նյութերի պատճենները:
Նախագահող դատավոր Մ. Մակյանը որոշեց այդ հիմքով հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով բողոքաբերի ներկայացուցչին ծանոթանալ Վ. Բադալայնի կողմից դատարան ներկայացված նյութերին: Դատարանը նշեց նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ուժով դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի ներկայությունը կարող է պարտադիր համարել դատարանը, հավելելով, որ այդպիսի անհրաժեշտության հարցը կքննարկվի բողոքի ներկայացումից հետո:
Բողոքի քննությունը կշարունակվի 2015 թ. օգոստոսի 20-ին, ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ Հ. Մովսիսյանը, ունենալով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, 2011թ. հունիսին զորակոչվել էր բանակ, այնուհետև ծառայության ընթացքում ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով ինքնավնասում կատարելու համար նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Սույն գործով դատավճռի հրապարակումից 7 օր անց ԼՂՀ քննչական մեկուսարանի 8-րդ խցում Հ. Մովսիսյանին գտել էին մահացած: Հ. Մովսիսյանի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որը մասով կարճվել էր՝ քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիքով, իսկ Հ. Մովսիսիյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ հարուցվել էր թիվ 62202513 քրեական գործը, որի վարույթումը հետագայում նույնպես կարճվել էր, սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում Հ. Մովիսիսյանը տուժող չէր ճանաչվել, որն էլ արգելք էր հանդիսացել նրա մորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար: