Ուշագրավ մանրամասներ. Ոչ թե Պերմյակովը, այլ ռուսական բազան սպանեց Ավետիսյանների ընտանիքին
22:10, August 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններShabat.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրսենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
-Պրն. Սաքունց տեղեկություններ կային, որ Պերմյակովի գործով առաջին դատավարությունը պետք է տեղի ունենար մինչև օգսոստոսի տասը, առաջին նիստը պետք է տեղի ունենա Գյումրու 102 ռուսական ռազմաբազայում: Եթե արդեն հետագա դատաքննությունը հանձնվելու է հայկական կողմին, ինչով է պայմանավորված ռուսական ռազմաբազայի ընտրությունը:
Ռուսական բազայում և ռուսական դատարանում քննվելու է Պերմյակովի նկատմամբ քրեական գործը, որը հարուցվել է ծառայության վայրը ինքնակամ լքելու, զենքը ապօրինի դուրս տանելու և կրելու փաստով: Ըստ ռուս-հայկական պայմանագրի, որը վերաբերվում է ՀՀ-ի տարածքում ռուսական զինվորական 102-րդ բազայի տեղեկայմանը, այն գործողությունները, որոնք կկատարվեն զինծառայողի կողմից ընդդեմ ՌԴ-ի, այդ գործերի քննությունը պետք է քննի ռուսական կողմը:
Մենք որևէ մասնակցություն այդ քրեական գործին որպես կողմ չունենք և չենք էլ կարող ունենալ, որովհետև դա ամբողջովին վերաբերվում է ռուսական բազայի իրավասությանը:
Եթե Պերմյակովը միայն այդ հանցագործությունը կատարած լիներ, դա մեզ կհետաքրքրեր այնքանով, որքանով խոսքը վերաբերվեր ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակին, բազա, որը, ըստ պայմանագրի, ապահովում է ՀՀ անվտանգությունը: Մենք պետք է հասկանայինք՝ Պերմյակովը եզակի՞ դեպք էր, թե դա կարող է նաև անընդհատ կրկնվել: Եվ այդ առումով, ռուսական կողմը պետք շահագրգռված լիներ հնարավորինս ապահովել հրապարակային բաց ու թափանցիկ դատավարություն, որպեսզի ՀՀ ներկայացուցիչները՝ այդ թվում նաև քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-երի ներկայացուցիչները կարողանային մասնակցել և հետևել այդ դատական պրոցեսին:
Իսկ ռուսական բազայի հետ կապված մենք առավել քան շատ մտահոգություններ արդեն ունենք, խոսքը Պերմյակովի կողմից հանցագործության կատարմանը նախորդած հանցագործությունների մասին է, որը վերաբերվում է նույն ռուսական բազայի զինվորների կողմից Գյումրիում քաղաքացիների սպանությանը, ռուսական բազայի զորավարժություններից հետո հակատանկային ականների դաշտում թողնելը, որոնց վրա պայթեցին անչափահաս երեխաները ու էլի շատ դեպքեր:
Պերմյակովի դեպքից հետո մենք տեղյակ ենք, որ բավական լուրջ ուսումնասիրություններ են կատարվել բազայում՝ Ռուսաստան տեղափոխված պարենի գծով տեղակալի նկատմամբ քրեական գործ էին հարուցել յուրացումների հիմքով, նաև ռուսական բազայի երկու զինծառայողներ տարբեր հանցագործություններ կատարեցին՝ մեկը ալկոհոլ օգտագործած վիճակում ավտովթարի հետևանքով նյութական վնաս էր հասցրել գյումրեցիներից մեկին, մյուսը դանակահարությամբ սպանել էր իր ծառայակցին էլի տարածքից դուրս:
Իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական նման դաշտում ռուսական կողմը եթե քիչ թե շատ խելամիտ լիներ, պետք է ապահովեր հրապարակային դատավարությունը, որպեսզի մարդիկ համոզվեին, որ ռուսական կողմը կամք ունի քննություն անցկացնել՝ կախելու հետագա նմանատիպ իրադարձությունները:
Քանի որ այս դեպքում նույն անձի կողմից կատարվել է նաև երկրորդ հանցագործությունը, այս դեպքում հրապարակային դատավարության նշանակությունն ավելի է մեծանում և դառնում ավելի անհրաժեշտ: Այն պատճառները կամ գործոնները, որոնք էական նշանակություն են ունեցել Պերմյակովին դրդելու թողնել իր զինվորական ծառայության վայրը և զենքով դուրս գալ/ ընդ որում ինչպե՞ս է կարողացել զենքով դուրս գալ ռազմական բազայի տարածքից/ էական նշանակություն կարող են ունենալ նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված որպես հնարավոր և կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք կօգնեին հասկանալու դրդապատճառը: Մինչև հիմա դրդապատճառը պարզված չէ, բայց արհեստականորեն չի կարելի տարանջատել Պերմյակովի կողմից զինվորական ծառայության վայրը թողնելուն հանգեցրած դրդապատճառները Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառներից:
Ռուսական տիրությում և ենթակայության տակ գտնվող այս քրեական գործը, հայկական կողմի պահանջով պետք է ամբողջությամբ ծանոթացվի հայկական կողմին:
Այս պահին նախաքննությունը ընթացքի մեջ է, ես չգիտեմ, թե մեր քննչական կոմիտեն և Հայաստանի գլխավոր դատախազությունը ինչ քայլերի են դիմում, որպեսզի այս հարցերի պատասխանները մենք ունենանք, որովհետև դա մենք կարող ենք իմանալ, երբ նախաքննության նյութերին ծանոթանանք, որում նաև պետք է առկա լինեն հնարավոր այդ իմ ներկայացրած հարցերի ուղղությամբ արված միջնորդությունները, ռուսական կողմին ուղղված գրությունները:
Մենք միջնորդություններ էինք ներկայացրել մեր քննչական խմբին քրեկան գործ հարուցել ռուս սահմանապահների նկատմամբ, ովքեր, ըստ էության, առևանգել են Պերմյակովին սահմանը խախտելու փորձի ժամանակ և չեն հանձնել հայկական կողմին, նաև միջնորդել ենք քրեական գործ հարուցել ռուսական բազայի ղեկավարության նկատմամբ, որովհետև նրանք առանց որևիցե հիմավորման պահում են հանցագործության մեջ կասկածվող անձին: Պերմյակովին ռուսական սահմանապահների կողմից բազայի տնօրինությանը հանձնելով, ըստ էության, ոչնչացվել են հանցագործության կարևոր հետքերը, որը կարող էր մնացած լինել Պերմյակովի վրա և վերջին հաշվով մեզ անընդհատ ցույց են տալիս Պերմյակովին զինվորական համազգեստով, բայց, ըստ որոշակի տվյալների, Պերմյակովը քաղաքացիական հագուստով է եղել, այսինքն իր զինվորական համազգեստը թողել է իբր դեպքի վայրում՝ փոխել է հագուստը: Մենք չենք էլ տեսել՝ քաղաքացիական հագուստո՞վ են նրան ռուսական սահմանապահները բռնել, թե զինվորական համազգեստով, որովհետև, սովորաբար, զինվորը միայն մեկ համազգեստ չի ունենում ՝ նա առնվազն կարող է ունենալ ամառային, ձեմռային համազգեստներ: Ավելի շատ հարցեր ունենք տալու, որոնց պատասխանների առումով , ցավոք սրտի, ակնկալիքներ չունենք ռուսական կողմից, որովհետև ռուսական կողմը ակնհայտ ոչ բարյացակամ է պահում իրեն այդ հարցերի պատասխանները ստանալու տեսակետից:
–Այժմ շրջանառվում է մեկ այլ վարկած, ըստ որի ռուսական կողմը շահագրգռված է Պերմյակովի շուտ փոխանցմամբ, գործը շուտ սկսել-ավարտելու հարցով:
-Այն, որ ռուսական կողմը ի սկզբանե հնարավորինս խոչընդոտեց Պերմյակովի փոխանցումը հայկական կողմին, խոսում էր այն մասին, որ իրենք թաքցնելու բան ունեն և , ըստ էության, այդ թաքցնելու վարքագիծը հանդիսանում էր նաև քննության օբյեկտիվության, արդյունավետության և ամբողջականության խոչընդոտող գործոն: Հիմա, այսքան ժամանակ անց, ենթադրենք որոշում են, ասում ՝ այո, պատրաստ ենք փոխանցել, չնայած ես խիստ կասկածում եմ մինչև հիմա , որ նրանք Պերմյակովին կփոխանցեն: Երբ Պերմյակովը մեզ մոտ լիներ սկզբում, երբ նրան փորձում էին թաքցնել , մեր կողմից քննչական գործողությունները հնարավորություն կտային վերոնշյալ հարցերի պատասխաններն ունենալ և հենց թաքցնելու հանգամանքը նաև դրանով է պայմանավորված:
Իմ կարծիքով, այն ժամանակ ռուսական կողմից մշակված որևէ տակտիկա չկար թե ինչպես վարվել: Կարծում եմ, հիմա արդեն մշակել են, բայց այդ դեպքում ես ունեմ մտավախություն՝ արդյոք արժե՞ Պերմյակովին հիմա՛ վերցնել: Կարծում եմ, Պերմյակովը բավական շատ տեղեկատվություն ունի Ավետիսյանների ընտանիքի սպանութան հետ կապված՝ ոչ միայն որպես կասկածյալ, այլ նաև շատ տեղեկություններ, որոնք հայկական կողմը կուզենար իմանալ և որը ռուսական կողմը չէր ուզենա, որպեսզի իմանայինք և ընդհանրապես դրա մասին տեղեկատվություն դուրս հորդեր: Կամ իրենք արդեն որոշակի մշակել են, թե ինչպես վարվել, այդ դեպքում ես արձանագրում եմ հիմա, որ Պերմյակովի կյանքը վտանգի տակ է:
Եվ այդ դեպքում եթե Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, ապա ի՞նչ երաշխիք, որ Պերմյակովը հայկական կողմում հանկարծ չի հիվանդանա կամ առողջական խնդիրներ չի ունենա, կամ ենթադրենք ինքնասպանություն չի գործի: Եվ այդ դեպքում ընդհանրապես պատասխանատվությունը կարող է ընկնել հայկական կողմի վրա: Քննությամբ հարցերի պատասխանները ստանալուց հետո, Պերմյակովի կյանքն ավելի անվտանգ կլիներ, բայց հիմա՝ այդ պատասխանների բացակայության պարագայում, երբ Պերմյակովն արդեն որոշակի մշակման է ենթարկվել, հայկական կողմին նրան հանձնելու պարագայում ամբողջ բեռն ու պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա և այստեղ հայկական կողմը բավականին խոցելի վիճակում կարող է հայտնվել, որովհետև ես որևէ երաշխիք չունեմ, որ ФСБ-ն իր ամբողջ ագենտուրային հնարավորություններով, որոնք ուղղակի վխտում են Հայաստանում, որևէ ազդեցություն չի ունենա այդ հարցի տեսակետից: Եվ այդ առումով, ես գտնում եմ, որ Պերմյակովը պետք է մնա ռուսական կողմում հիմա արդեն առավելևս և պատասխանատվությունը նրա կյանքի, առողջության համար պետք է կրի ռուսական կողմը: Բայց ռուսական կողմը պետք է ապահովի հայկական կողմի ազատ ելումուտը ռուսական բազա՝ քննչական գործողություններ իրականացնելու, քննելու, հարցաքննելու, բացատրություններ վերցնելու Պերմյակովի զինակիցներից, հրամանատարներից: Եվ ընդհանրապես եթե հայկական կողմը անհարժեշտություն ունենա Պերմյակովի՝ զինվորական ծառայության վայրը թողնելու, ապօրինի զենքով դուրս գալու ռուսական կողմի իրականացրած քրեական գործի համար լրացուցիչ քննություն իրականացնելու, որոնք ուղղակիորեն կապված են դրդապատճառների բացահայտման հետ, ապա պետք է ունենա այդ հնարավորությունը և այդ առումով, Պերմյակովի գտնվելը ռուսական կողմում ավելի տրամաբանական է:
Մենք ընդամենը մի կադր ենք չէ տեսել, որ Պերմյակովի հետ խոսում են և մեկ էլ գիտենք, որ ԱԺ պատգամավորը դռան անցքից տեսել է: Ես արձանագրում եմ, որ խնդիրն արդեն Պերմյակովը չէ: Այսքան ժամանակ անց արդեն նշանակություն ունի Պերմյակովից բացի հարցաքննել նաև նրա զինակիցներին, որոշակի հարցերի հետ կապված նաև առերեսումներ կատարել:
-Եթե, այնուամենայնիվ, փորձենք ամփոփել Պերմյակովի գործը, ի՞նչ ունենք մենք այսօր և ինչի՞ հանգուցալուծում կարող ենք կանխատեսել:
-Ես սա անվանում եմ ոչ թե Պերմյակովի գործ, այլ Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործ, որն իրականացվել է ռուսական բազայի կողմից: Ոչ թե Պերմյակովը, այլ ռուսական բազան սպանեց Ավետիսյանների ընտանիքին: Ռուսական բազայի ղեկավարությունը, նրանց քննչական, իրավապահ մարմինները այդպես էլ որևէ կամք չդրսևորեցին այս վեց ամսվա ընթացքում՝ փոխանցելու Պերմյակովին: Ավելին՝ սպանության հանգամանքների պարզաբանման հետ կապված իրենց վարքագիծը խոսում է այն մասին, որ նրանք հովանավորեցին սպանությունը:
Կարող եմ ասել, որ այս գործով շատ անակնկալ նորություններ կարող են ի հայտ գալ, որովհետև դրդապատճառը, վերջին հաշվով, պարզված չէ: Ես առավել քան վստահ եմ, որ անակնկալներ կլինեն: Եվ դրանք պայմանավորված են լինելու հենց դրդապատճառների բացահայտմամբ, որը շատ ավելի կոնկրետ է իմ կարծիքով, շատ բարդ չէ այնպես, ինչպես օրինակ դավադրությունների տեսության շրջանակներում էին դրանք փորձում բացահայտել: Շատ պրիմիտիվ, պարզ, կոնկրետ, բայց որն ուղղակի ակնհայտորեն կապ ունի ռուսական բազայում տիրող բարքերի և իրավիճակի հետ: Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառները գտնվում են ռուսական բազայում տիրող իրավիճակի և բարքերի մեջ և հենց դրանից է ռուսական կողմը առավել քան շահագրգռված այդ պատկերը թաքցնել հայկական իրականությունից, որովհետև դրա հետ կապված միանշանակ է հօդս ցնդում այն կոնցեպտը, որ ռուսական բազան կարող է հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր:
Եթե դիտարկենք հանցագործության ձեռագիրը՝ այն է ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում նաև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանի դաշունահարումը և համադրենք նմանատիպ այլ հանցագործությունների հետ, երբ ոչնչացվել են ամբողջ ընտանիքներ, հիշեցնեմ 2000թ.դեկտեմբերին Կախյանների ընտանիքի ոչնչացման փաստը, ապա կարող ենք միանշանակ պնդել, որ տեղի է ունեցել պատժից գործողություն, այսինքն նպատակային հրահանգ է եղել՝ պատժել մի ամբողջ ընտանիքի:
Եվ այդ տեսակետից մեկ այլ հարցն է առաջ գալիս՝ քանի որ Ավետիսյանները որևէ առնչություն չեն ունեցել ռուսական բազայի հետ, առաջ է գալիս մյուս հարցը՝ կամ պետք է ենթադրել, որ պատժից գործողության հրահանգը եղել է բոլորովին այլ ընտանիքի նկատմամբ, այսինքն շփոթել են: Այդ դեպքում նշանակում է, պետք է հասկանալ, թե Ավետիսյաններն ինչու են թիրախ ընտրվել, կրկնում եմ, ես բացառում եմ դավադրության տեսության բոլոր վարկածները: Ի դեպ, այս հրահանգը եղել է ռուսական բազայից, ես գտնում եմ, որ հենց ռուսական բազայից է հրահանգ եղել իրականացնել պատժիչ գործողություն կոնկրետ ընտանիքի նկատմամբ: Թե ինչ նպատակով, դա իմ կարծիքով, քննությունը պետք է պարզի, բայց որ ձեռագիրը միանշանակ վկայում և հիմնավորում է, որ դա ունեցել է պատժիչ նշանակություն ու իմաստ՝ ոչնչացնել մի ամբողջ ընտանիքի, դա միանշանակ է: Դա կարող է միայն լինել հրահանգով կամ պատվիրված գործողության տրամաբանության արդյունք, ուղղակի, այս դեպքում արդեն թիրախի ընտրության հարցում կան հարցեր, որոնց, կարծում եմ, որ քննությունը պետք է կարողանա պատասխանել: