Ուղղակի ձեւական շարադրություն է
22:57, August 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեքշաբթի երեկոյան հրապարակեց իր հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի եւս ութ գլուխները: 1-7 գլուխները հրապարակել էր հուլիսի 15-ին, որոնցում ներկայացված էին կառավարման համակարգում առաջարկվող առանցքային փոփոխությունները: Վերջին ութ բաժինները վերաբերում են դատախազությանն ու քննչական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Վերահսկիչ պալատին եւ այլն: Hraparak.am—ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադառնալով, մասնավորապես, Գլխավոր դատախազի նշանակման փոփոխությանը նկատեց, որ ընտրության շեմի բարձրացումը կարելի էր դրական համարել, բայց խորհրդարանում կայուն մեծամասնության իրողությունը, որը պարտադիր նորմ է դառնալու նոր Սահմանադրության համաձայն, փոխում է իրավիճակը: Նշենք, որ ըստ Սահմանադրության նախագծի Գլխավոր դատախազին նշանակում եւ պաշտոնանկ է անում խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Գործող Սահմանադրությամբ նախագահն է խորհրդարանին առաջարկում դատախազի թեկնածու, ինչպես նաեւ բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը: Հիմա դրա համար պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է անհրաժեշտ: «Առաջարկվող երեք հինգերորդ շեմը առաջարկվում է այն տրամաբանությունից ելնելով, որ իբր առանց հնարավոր ընդդիմության ներկայացուցիչների հնարավոր չլինի Գլխավոր դատախազ նշանակել, բայց իրապես կայուն մեծամասնության կոնցեպտի պարագայում երեք հինգերորդ ձայները որեւէ սահմանափակող նշանակություն չեն ունենում եւ դա ուղղակի ձեւական շարադրություն է», – ասաց Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանը այլ խնդրահարույց դրույթների անդրադառնալով առանձնացրեց կրկին քննչական մարմինների եւ գլխավոր դատախազությանը՝ ԱԺ-ին տարեկան հաշվետվություն, հաղորդում ներկայացնելու վերաբերյալ նորմի բացակայությունը. «Ի տարբերություն մնացած սահմանադրական մարմինների, որն առաջարկվում է նոր նախագծով, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի, որոնք տարեկան հաղորդումներ պետք է ներկայացնեն ԱԺ, Գլխավոր դատախազության դեպքում տարեկան հաղորդում ներկայացնելու դրույթը բացակայում է: Նույն կերպ քննչական մարմինների, ներկայիս պարագայում ՀՔԾ-ի եւ Քննչական կոմիտեի, մինչդեռ սա կարեւոր է այն պատճառով, քանի որ այդ հաղորդումների հիման վրա ԱԺ-ն պետք է որոշում ընդունի՝ հավանություն տալու կամ չտալու մասին: Ի վերջո, պառլամենտական ինստիտուտի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ ոչ միայն հաշվետվություն պետք է ներկայացվի ԱԺ-ին, այլեւ այդ հաշվետվության հիման վրա կայացված որոշումների ինստիտուտն է կարեւոր,որպեսզի վստահության կամ անվստահության քվեարկությամբ լիազորելու համապատասխան պետական մարմնին շարունակելու կամ չշարունակելու իր գործունեությունը: Ընդհանրապես նոր նախագծով առաջարկվող գրեթե բոլոր փոփոխությունների դեպքում կարծես գործել է կայուն մեծամասնության, բացարձակ իշխանության ապահովման տրամաբանությունը»: Սաքունցի խոսքով ամենախնդրահարույց դրույթն այդուհանդերձ մնում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման նորմի ամրագրումը, որի նպատակը կայուն մեծամասնություն ձեւավորելն է.«Ասյտեղ խնդիրը ոչ թե կառավարման մոդելի հարցում է՝ նախագահական, թե պառլամենտական, այլ ինչպիսին էլ որ լինի, բացարձակ եւ անվերահսկելի իշխանության ապահովումն է»: Նյութի աղբյուրը ` hraparak.am