Ուշագրավ բացահայտումներ
12:20, August 8, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր կառավարության նիստից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով անօրինական է համարում որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալությունը: Նա ասել է, որ չի կարողանում հասկանալ՝ ինչու իր որդին ձերբակալվեց, քանի որ որդին դրան տեղյակ չէր:ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ Սուրիկ Խաչատրյանը մի շարք ուշագրավ բացահայտումներ է կատարել: Առաջինը, ըստ Արթուր Սաքունցի, այն է, որ Սուրիկ Խաչատրյանը գտնում է, որ իր որդուն անօրինական են ձերբակալել և կալանավորել: Սա ուղղակի խոստովանություն է, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ընդհանրապես չի կարելի ձերբակալել, նույնիսկ եթե մարդը հանցագործության մեջ էլ կասկածվի, բայց քանի որ նա Սուրիկ Խաչատրյանի որդին է, ապա նրան ձերբակալելը կամ կալանավորելը ի սկզբանե հանդիսանում է անօրինական«Սա ուշագրավ խոստովանություն է: Այն լիովին տեղավորվում է այսօրվա իշխանության տրամաբանության մեջ, որ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրենքը չպետք է կիրառվի», ասաց նա։Երկրորդ. ըստ նրա՝ ակնհայտ հակասություն կա Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու փաստաբանի հրապարակային հայտարարությունների մեջ։ Փաստաբանը օրերս հայտարարել է, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում եղել է, և եթե իր որդին առնչվում է գործին, ապա ցանկացած հայր պետք է անպայման հետաքրքրվի: Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանն իր մեկնաբանության մեջ պնդում է, որ իր որդին կապ չունի այդ ամենի հետ։ Այսինքն՝ ակնհայտ հակասություն կա փաստաբանի և Սուրիկ Խաչատրյանի խոսքերի միջև: Երրորդ հակասությունը, Արթուր Սաքունցի դիտարկմամբ, մարզպետի որդու առողջական վիճակի հետ է կապված։ «Այն, ինչ ՊՆ մամուլի խոսնակն էր հայտարարել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունի Սուրիկ Խաչատրյանի որդին, դրա համար է ազատվել զինվորական ծառայությունից, հիմա Սուրիկ Խաչատրյանն ասում է, որ ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի, ուղղակի իր տղան մի փոքր նյարդայնացել էր կալանքի հետ կապված, այսպես ասած հուզվել էր և դրա համար տարկետում էր տրվել։ Ավելին նշեմ, որ կալանքից ազատվելուց հետո, երբ քրեական հետապնդումից հետո քրեական հետապնդումը դադարեցվել է, արդեն անձը իրավական տեսակետից հանդես է գալիս որպես տուժող, ապա դա խոչընդոտ չէ նրան զորակոչելու։ Հետևաբար ՊՆ-ն լուրջ հարց ունի պարզելու, թե ինչպես է եղել, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ արդեն որպես տուժող կարգավիճակում գտնվելով, արդեն քանի զորակոչի ընթացքում չի զորակոչվել ԶՈւ։ Ես սա համարում եմ աղաղակող խախտում, և լավ կլիներ, որ մամուլի խոսնակը հարցը տեղափոխեր իրավական հարթություն, որ ՊՆ-ն այդ հարցին հստակ ուշադրություն դարձներ, որովհետև տեղի է ունեցել քրեական հանցագործություն այն մարմինների կողմից, որոնք որոշում են կայացրել տարկետում տրամադրել: Կրկնում եմ՝ տուժողի կարգավիճակում գտնվող անձը զորակոչվում է և դա խոչընդոտ չէ նրան զորակոչելու համար: Իսկ տվյալ պարագայում Սուրիկ Խաչատրյանն ասում է, որ դա դատական պրոցեսների հետ էր կապված, որ նրան չեն զորակոչել, և այստեղ հրապարակային կեղծիք է տեղի ունենում։Ինչևէ, ըստ իրավապաշտպանի, կարող ենք արձանագրել, որ Զաքարյան եղբայրների հանդեպ հանցագործության պարագայում իշխանությունները միանշանակ չեն կանգնած Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելու դիրքում, և կա Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալների և իր կողմից լուրջ դիմադրություն գործի արդարացի քննության նկատմամբ: Բայց, ըստ նրա, հակասությունները վկայում են, որ արդյունքի հասնելու շանսերը բավական քիչ են, բայց միաժամանակ էլ բացահայտում են իշխանական ամբողջ խոհանոցը, որի էությունը հովանավորչությունը, իրավական նորմերի կեղծումը և հանցագործ մեթոդներով սեփական խնդիրների լուծումն է։
Աղբյուրը՝ www.lragir.am