Ի վերջո, որտե՞ղ է կրելու Պերմյակովն իր պատիժը
10:47, August 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն արդեն հանձնվել է հայկական կողմին: Սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի փաստաբանի անունը դեռ հայտնի չէ: Ենթադրվում է, որ աշնան վերջին Հայաստանում կսկսվի Պերմյակովի դատավարությունը:
Իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննության ընթացքում Պերմյակովի փաստաբանը պետք է լինի Հայաստանի փաստաբանական պալատի ներկայացուցիչ:
Իրավապաշտպանը չգիտի, թե երբ Պերմյակովի նկատմամբ դատավճիռն արդեն ուժի մեջ մտնի և սկսվի Ավետիսյանների սպանության գործով քննությունը, այդ ժամանակ Պերմյակովը գտնվելու է հայկական կողմի ենթակայության տակ, թե՞ ռուսական կողմը կարող է լուծել նրա տեղափոխության հարցը, դատական նիստերի ընթացքում նրան տանելով և բերելով: Սաքունցը, սակայն, ընդգծում է, որ ըստ օրենքի պահանջի՝ Պերմյակովը պետք է գտնվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկի հսկողության տակ:
«Նա պետք է գտնվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկում և նրան ՀՀ դատարան պետք է բերի ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը: Սա է օրենքի տրամաբանությունը, բայց քանի որ այս գործով ի սկզբանե արդեն ամեն ինչ շիլա-շփոթ է եղել, հետևաբար հարցի լուծումն արդեն ոչ թե իրավական հարթության մեջ է գտնվում, այլ փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակներում»,-ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ հիմա հատնի չէ, թե, ի վերջո, որտե՞ղ է կրելու պատիժը Վալերի Պերմյակովը. «Այս պահին դեռևս Պերմյակովը գտնվում է ռուսական կողմում: Չգիտենք թե Պերմյակովին ո՞վ է բերելու ՀՀ դատարան, չգիտենք էլ թե դատարանի վճիռից հետո դատարանը ի՞նչ որոշում է կայացնելու: Եթե հիմա, օրինակ, որոշում է կայացվում, որ նա պատիժը պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում, դատարանի որոշումն, ըստ մեր օրենսդրության, ուղարկվում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, ինչն էլ ի կատար է ածվում: Բայց հիմա ՀՀ դատարանն իր որոշումն ո՞ւմ է ուղարկելու, ՌԴ քրեակատարողական ծառայությո՞ւն: Դա տարօրինակ բան է»:
Հիշեցնենք, որ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, և ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործի դատաքննության ողջ ընթացքում Պերմյակովը չպատասխանեց ոչ մի հարցի, ընթերցվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Իրավապաշտպանի կարծիքով Պերմյակովի այս լռությունը կարող է ռիսկային լինել արդեն Ավետիսյանների ընտանիքի սպանութան գործով դատաքննության ընթացքում: Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարելի է «կոտրել» Պերմյակովի լռությունը, իրավապաշտպանն ասաց. «Ես ամեն անգամ Պերմյակովին դատարանի դահլիճ բերելուց առաջ, անպայման կենթարկեի դատակենսաբանական փորձաքննության ուսումնասիրելու համար, թե արդյոք նա հոգեմետ դեղերի ազդեցություն տակ է գտնվում, թե՞ ոչ, որովհետև իմ կարծիքով նրա այդ տարօրինակ վարքագիծը նաև կարող է պայմանավորված լինել հենց որոշակի դեղամիջոցների ազդեցության հետևանքով:Ես չեմ էլ բացառում, նամանավանդ հաշվի առնելով ռուսական կողմի այսօրվա գործիքակազմը, նրանք ամեն ինչի էլ ընդունակ են»:
Արթուր Սաքունցի խոսքով՝ հայկական կողմը պետք է նշանակի Պերմյակովի դատահոգեբանական, դատակենսաբանական փորձաքննություն:
«Եթե ՀՀ-ի քննչական մարմինները չանցկացնեն Պերմյակովի դատահոգեբանական, դատակենսաբանական փորձաքննություն և հիմնվեն միայն ռուսական կողմից իրակացանված համապատասխան փորձաքննության վրա, ապա նման մոտեցումը նույնպես ես կորակեմ որպես հայկական կողմի գիտակցական անգործություն»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով գործի վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածությունները, հայ փորձագետներին թույլ կտա՞ն կազմել Պերմյակովի դատահոգեբանական նկարագիրը, Արթուր Սաքունցըը նկատեց. «Ի՞նչ է նշանակում թույլ կտա՞ն: ՀՀ քրեական մարմինը պետք է պահանջի, թեկուզ ուշ, չնայած չի արել ի սկզբանե ինչ պետք է աներ, բայց նույնիսկ այս պահին պետք է պահանջի, որպեսզի ռուսական կողմը բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության իրականացման համար համապատասխան պայմաններ ապահովի»:
Հարցին, թե կա՞ վտանգ, որ հայկական կողմը դա չի պահանջի, իրավապաշտպանը պատասխանեց. «Մինչև հիմա հայկական կողմը շատ-շատ գործողություններ կար, որ պարտավոր էր անել, բայց չի արել, այնպես որ առավել քան հիմքեր կան նման բան կարծելու»: