Արթուր Սաքունց. Առաքել Մովսիսյանը դատաբժշկական եւ դատահոգեբանական փորձաքննություններ պիտի անցնի
10:51, August 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ամեն դեպքում, հանձնաժողովը հստակ պետք է պատասխան տա, արդյոք, պատգամավորի կողմից նման հրապարակային հայտարարությունները համարժեք են ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովի պատկերացումներին: Եվ շատ տարօրինակ կլինի, եթե հանձնաժողովը գտնի, որ նման արտահայտությունների հրապարակային տարածումը լիովին տեղավորվում է պատգամավորի էթիկայի շրջանակներում: Նման դեպքում, մենք կունենանք պաշտոնական փաստաթուղթ, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, ԱԺ պատգամավորի վարքագծի չափորոշիչները պլինտուսից ներքեւ է իջեցնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը`պատասխանելով հարցին, կարծում է որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամներն իրենց գործընկերոջ արարքը բացասաբար գնահատող որոշում կկայացնե՞ն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»: Պատգամավորի հայտարարությունից հետ, սույն թվականի հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են: Գլխավոր դատախազությունը նյութերն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար: ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը:
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, որն իրենք բողոքարկել էին գլխավոր դատախազություն եւ կրկին մերժում ստացել, պատրաստվում են բողոքարկել դատական կարգով: Դատարան ներկայացված դիմումում հիմնավորվում է, որ ՀՔԾ-ն առնվազն երկու տեսակի փորձաքննության պիտի ենթարկեր պատգամավորին` դատաբժշկական, պարզելու համար, թե Առաքել Մովսիսյանն իրապես ի վիճակի՞ է նման գործողություններ կատարել, թե՞ ոչ եւ դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու համար թե նման արտահայտություններ կատարած անձն ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել: Թե առանց այդ փորձաքննությունների անցկացման, Արթուր Սաքունցի համար առնվազն տարօրինակ է, թե ՀՔԾ-ն ինչպե՞ս է որոշել, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Երեկ Արթուր Սաքունցը դիմել է նաեւ ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողով: «Էթիկայի հանձնաժողովն այն մարմինն է, որի միջոցով խորհրդարանը ձեւավորում է իր վերաբերյալ հասարակական կարծիքը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ էթիկայի հանձնաժողովը պարտավոր է ձեւավորել մոտեցումներն այն մասին, թե ինչպիսին պիտի լինի ԱԺ պատգամավորի պահվածքը: Դիտարկմանը, որ հանրությունն առանց այդ էլ լավ գիտե խորհրդարանում ներկայացված յուրաքանչյուր պատգամավորի դեմքը, ի՞նչ պիտի փոխի Առաքել Մովսիսյանի «դիմակի» հերթական պատռումը, իրավապաշտպանն արձագանքեց. «Ունենք այն, ինչ որ կա: Բայց մենք չենք պատրաստվում հաշտվել դրա հետ»: