«Դա դատաքննության նմանակում էր, ներկայացում, բայց ամեն դեպքում՝ մի քանի կարևոր հանգամանքներ բացահայտվեցին». Իրավապաշտպան
11:04, August 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար նշանակություն ուներ ոչ թե այն, թե ինչ ժամկետով են ազատազրկելուՎալերի Պերմյակովին, այլ բուն դատաքննության ընթացքը: Այն, թե ինչ նոր հանգամանքներ, տեղեկություններ կարող են ի հայտ գալ այդ դատաքննության ընթացքում, որոնք էական նշանակություն կարող են ունենալ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությանը՝ Ա. Սաքունցը նկատեց, որ դատավարությունը տևեց մի քանի ժամ, և, նրա գնահատմամբ՝ այն տեղի ունեցավ՝ ըստ մշակված սցենարի:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին գնդակահարած Վալերի Պերմյակովի դատավարության մի մասը՝ դասալքության, զենքի հափշտակության և զենքը ապօրինի կրելու մասով, որի համար Վ. Պերմյակովը դատապարտվեց 10 տարի ազատազրկման: Այս գործում որպես տուժող կողմ էր հանդես գալիս Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:
«Դա դատաքննության նմանակում էր, ներկայացում, բայց այդ ներկայացման ընթացքում, ամեն դեպքում, մի քանի կարևոր հանգամանքներ բացահայտվեցին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը լուրջ մտահոգված է թաքցնելու ինչ-ինչ հանգամանքներ, երկրորդը, որ այդ դատաքննությամբ այդպես էլ նույնիսկ Պերմյակովի կողմից զինվորական ծառայության վայրը լքելու, զենքն ապօրինի դուրս բերելու այդ հանցագործության դրդապատճառը չբացահայտվեց: Այն պատճառաբանությունները, որոնք հնչեցին դատարանում, նույնպես հակասության մեջ էին մտնում մինչ այդ եղած տեղեկությունների հետ: Պարզ չդարձավ՝ Պերմյակովը ջուր խմելու համա՞ր էր մտել Ավետիսյանների բնակարան, թե՞ գողություն կատարելու համար: Անգամ իր բերած այդ պատճառաբանություններից հետո հասկանալի չէ մանկահասակ երեխաների սպանության հարցը, այդպես էլ, վերջին հաշվով, չբացահայտվեց, թե Պերմյակովին երբ և ինչպես են բռնել, որովհետև ոչ միայն կարևոր է, թե երբ է նա զորամասից դուրս եկել, այլև՝ երբ է հայտնաբերվել»,- նշեց մեր զրուցակից:
Մեր այն հարցին, թե դրանք ուղղակի բացթողումնե՞ր էին, թե՞ դիտավորյալ էին աչքաթող արվում այդ հակասությունները, իրավապաշտպանը պատասխանեց, որ դրանք բացթողումներ չէին. «Դրանք այն հարցերն էին, որոնց պատասխանները հնչեցնելու դեպքում՝ իրենք ավելի կխճճվեին, և ամենալավ տարբերակը մտածել էին՝ ուղղակի աչքաթող անել»:
Ըստ նրա՝ ի սկզբանե մշակված սցենար կար, որ հնարավորին չափով Պերմյակովը չխոսի. «Ավելի խորացրեցին իրավիճակն այն տեսակետից, որ հարցերն ավելի շատ ավելացան, քան պակասեցին, և ավելի հիմնավորվեց ռուսական բազայի տարածքը լքելու վերաբերյալ գործի քննության նյութերն անպայման հայկական կողմին հանձնելու անհրաժեշտությունը»:
Ա. Սաքունցը հիշեցրեց, որ ինքը նախկինում էլ է ասել, որ կարծում է՝ եղել է սպանության հրահանգ, որը տրվել է ռուսական բազայից, և այս դատաքննության ընթացքն ապացուցեց իր մտահոգությունները:
Անդրադառնալով 10 տարվա ազատազրկման դատավճռին՝ Ա. Սաքունցը նշեց, որ դասալքության, զենքին ապօրինաբար տիրելու և տեղափոխելու հանցանքի համար դա շատ մեծ պատիժ էր, բայց կարծում է՝ դա ավելի շատ պոպուլիստական քայլ էր՝ «իբր հաճոյանալու հայ հասարակությանը, թե՝ տեսեք, մենք էլ բավական խիստ դատապարտում ենք Պերմյակովի վարքագիծը»:
«Այդտեղ նաև մեղադրողը շատ կարևոր արտահայտություն է հնչեցնում, որ Պերմյակովն իր հանցագործությամբ ստվեր նետեց հայ-ռուսական բարեկամության վրա, կարծես՝ հայ-ռուսական բարեկամության վրա ստվեր նետելն իրավական կատեգորիա է: Դրանով մեղադրողն ավելի շատ խոստովանեց, որ Պերմյակովի դատավարությունը թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմում ընթանալու է քաղաքական ենթատեքստով, ոչ թե իրական արդարադատություն է լինելու»,- նշեց իրավապաշտպանը:
Աղբյուրը http://168.am