Ուշագրավ մանրամասներ. Պերմյակովը երաշխիք չունի, որ եթե ասի ճշմարտությունը, խնդիրներ չի ունենա
11:07, August 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններShabat.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը
-Պրն. Սաքունց, Գյումրիի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում այսօր լսվեց Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, և ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը: Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ թեև Պերմյակովը իրեն ամբողջովին մեղավոր է ճանաչում, hրաժարվեց պատասխանել հարցերի, ցուցմունք տալ, ընթերցվեց նրա նախաքննական ցուցմունքը:
-Քանի որ դատավարությունը արագացված ընթացակարգով է տեղի ունեցել, դատաքննության մի մասը, որտեղ պետք է տեղի ունենան հարցեր-պատասխաններ, դուրս է գալիս և հիմա միանգամից անցնում են ապացույցների ներկայացմանը: Բայց մյուս կողմից էլ եթե նայենք զուտ օրենքի տրամաբանությանը, ապա մեղադրյալը իրավունք ունի հրաժարվել ցուցմունքներ տալ իր դեմ: Այնպես որ իրավական տեսակետից ֆորմալ առումով այստեղ որևիցե խոցելի տեղ չկա:
Պարզապես ինձ համար մի փոքր հարցականների հետ են կապված այն պատճառները կամ պայմանները, որոնց արդյունքում Պերմյակովը համաձայնվել է արագացված դատաքննության: Դրանց մասին երևի թե պետք է առաջին հերթին հենց Պերմյակովին կամ նրա փաստաբանին հարցնել, որը պետք է պատշաճ տեղեկություն ունենա, եթե իհարկե ունեցել է նաև պատշաճ հնարավորություն բոլոր այդ համաձայնությունների ժամանակ Պերմյակովի կողքին լինելու:
Պերմյակովը անցած ամիսների ընթացքում մշտապես գտնվել է ռուսական բազայի հսկողության ներքո, որքան հասկացա, նա գտնվել է զինվորական մեկուսարանում, այնպես որ նրա որոշումների վրա բազայի հրամանատարների և դատախազության, և քննչական մարմինների ազդեցությունը բավական ահռելի պետք է լինի, որի արդյունքում էլ նա պետք է տված լինի նման համաձայնություն:
Բացի այդ, նաև իհարկե ռուսական կողմը անցած ամիսների ընթացքում իր վարքագծով միանշանակ մեզ տալիս է հիմքեր պնդելու, որ ամենևին շահագրգռված չէ, որպեսզի իրապես լիարժեք դատաքննություն տեղի ունենա, որի ընթացքում ներկաները կարող են առնվազն տեղեկություններ ստանալ այն հանգամանքների կամ պատճառների մասին, որոնց հետևանքով Պերմյակովը դիմել է զենքով դասալքության, զինամթերք հափշտակել և ապօրինի զենք կրել:
Շատ կարևոր էր այդ հանգամանքների պարզաբանումը, բայց, ըստ էության այդ դրդապատճառները, որոնց մասին նաև Պերմյակովի նախաքննության ցուցմուքները հիմք ընդունվեցին, ամենևին հիմնավոր չեմ կարող համարել որպես տրամաբանական պատճառներ:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հիմնավորումը, որ Պերմյակովը դասալքության է դիմել ու զենք է վերցրել` մարդկանցից գումար հափշտակելու և Ռուսաստան մեկնելու նպատակով:
-Միանշանակ անտրամաբանական եմ համարում և առավել անհեթեթ հիմնավորում չեմ գտնում, որովհետև այդ արտահայտությունները կատարել է մի մարդ, որը ողջամիտ է, ինտելեկտուալ որևիցե խնդիր չունի: Չգիտեմ, որքան անգրագետ պետք է լինել չհասկանալու համար, որ առաջին հերթին Թուրքիայով Ռուսաստան գնալը արդեն իսկ անհեթեթություն է և որ Թուրքիայում հայտնվելու պարագայում նրան անմիջապես կվերադարձնեին Ռուսաստանի իրավապահ մարմիններին, իսկ եթե սահմանը ապօրինի հատած լիներ, նրան նվազագույնը կդատապարտեին: Մյուս կողմից՝ ունենալով այդ հինգ հազար դրամը և հայ-թուրքական սահմանը հատելու մտադրությունը, փորձը, նույնպես անհեթեթություն է, որովհետև հայկական դրամով Թուրքիայում հաստատ որևէ բան չէր կարող անել: Եթե ոսկեղեն էր փնտրում, ապա , ըստ էության, իր մտադրությունը չի կարողացել տեղ հասցնել և այդ դեպքում պետք է անպայման միջոցներ հայթահայթելու փորձ աներ, որպեսզի առնվազն անցներ Թուրքիայի սահմանը: Բայց, մյուս կողմից էլ նման բացատրությունը ակնհայտ հակասության մեջ է գտնվում մանկահասակ երեխաների սպանության փաստի հետ, որովհետև եթե դու եկել ես ինչ-որ բանի հետևից, այդ դեպքում ինչո՞ւ ես երեխաներին սպանում: Նա դաշույնով որոշել է սպանել մի երեխայի, որը, իրապես, որևէ վկայություն տալու հնարավորություն չուներ: Այնպես որ Ավետիսյանների տուն գնալու վերաբերյալ նպատակաների իր այդ պատճառաբանությունները համարում եմ լիովին անհիմն:
-Ստացվում է, որ այս ցուցմունքներից հետո մենք ունենք ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Եթե ամփոփենք այսօրվա դատաքննությունը, ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ կարող ենք սպասել արդեն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննությոնից:
-Գոնե ինձ համար պարզ դարձավ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննության հետ կապված մենք ունենք լուրջ մտահոգություններ կապված Պերմյակովի ռուսական բազայի հսկողության տակ գտնվելու հետ:
Մարդը, որը գիտի որ ամեն մի դատական պրոցեսից առաջ գտնվում է ռուսական բազայում, դատական պրոցեսից հետո վերադառնալու է նորից ռուսական բազա, մշտապես գտնվելու է ռուսական իրավապահ մարմինների, բազայի հրամանատարության հսկողության ներքո այն իմաստով, որ եթե ՀՀ դատարանը դատաքննության ընթացքում կատարի հայտարարություններ և այլն, ապա այդ հայտարարությունների բնույթից կախված, նա կարող է ենթարկվել որոշակի ճնշումների: Այսինքն մենք չենք կարող հույս ունենալ, որ տեղի կունենա օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ դատաքննություն եթե Պերմյակովը շարունակի գտնվել ռուսական կողմի հսկողության տակ: Մյուս կողմից էլ նրա փոխանցումը հայկական կողմին ՀՀ դատարանի դատաքննության ընթացքում նույնպես բավական լուրջ խնդիր է այն տեսակետից, թե որքանով է հայկական կողմը կարողանալու ապահովել Պերմյակովի անվտանգությունը և հնարավոր ճնշումների բացառումը, որպեսզի նա լինի լիովին ազատ:
Այն հանգամանքները և դրդապատճառները, որոնց հետևանքով Պերմյակովը ստիպված է եղել թողնել իր ծառայության վայրը և զենքով լքել ռազմական բազայի տարածքը, ուղղակի կապ ունեն Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառների հետ և հիմա, ըստ էության, այս դատաքննությամբ հանցագործության դրդապատճառների չբացահայտումն ու չհիմնավորումը վկայում է այն մասին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառների պարզաբանման հետ կապված որևէ հնարավոր հարցի պատասխան չունեցանք:
Ըստ էության, այս դատաքննությունը որևէ ներդրում չունեցավ Ավետիսյանների սպանության գործով դատաքննության հարցում:
-Պրն. Սաքունց, մեր նախորդ զրույցի ընթացքում նշել էիք, որ մինչ այս ռուսական կողմը չուներ որոշակի մշակած տակտիկա, հիմա նրանք այդ տակտիկան ունեն և մտահոգություն էիք հայտնել, որ Պերմյակովի կյանքը հիմա գուցե վտանգի տակ է: Այդ դատաքննությունից հետո կարո՞ղ եք նույնը պնդել, հիմա Պերմյակովի կյանքը որքանո՞վ կարող է վտանգի տակ լինել:
-Այս դատաքննությամբ իմ մտահոգությունը, ցավոք սրտի, ոչ թե հերքվեց կամ բացառվեց, ընդհակառակը ավելի խորացավ, որովհետև այս դատաքննության ժամանակ Պերմյակովի վարքագիծը ամբողջովին այնպիսին էր, ինչպես որ կարելի էր ենթադրել: Նրա վարքագծի տրամաբանությունը պարզ էր և լիովին տեղավորվում էր հենց ռուսական կողմի վարքագծի տրամաբանության մեջ, որովհետև նրանք, ըստ էության, այսքան ժամանակ այն ինը հատորներից բացի, որ փոխանցեցին Ավետիսյանների սպանության գործի քննության ուղղությամբ իրենց կողմից ձեռք բերված նյութերը, այդպես էլ այլ քայլ չկատարեցին: Մենք իհարկե հայկական կողմի նախաքննության ավարտից հետո կիմանանք, թե որքանով է հայկական կողմը հնարավորություն ունեցել անմիջականորեն քննչական գործողություններ կատարելու, բայց մտահոգությունս Պերմյակովի անվտանգության տեսակետից ավելի խորացավ, որովհետև ինձ համար միանշանակ պարզ է, որ Պերմյակովը մտահոգվելու խնդիր ունի՝ եթե ինքը պարզ խոսի, ասի ճշմարտությունը, ապա կարծում եմ, երաշխիք չունի, որ խնդիրներ չի ունենա:
Այս դատաքննության ժամանակ պարզ դարձավ, որ ռուսական կողմն առնվազն ժամը երեքին իմացել է Պերմյակովի՝ ռազմական բազայի տարածքը լքելու մասին: Այսինքն ժամը երեքին արդեն իրենք իմացել են, որ Պերմյակովը բացակայում է ռազմական բազայից: Հայկական կողմի տվյալներով՝ Պերմյակովը առավոտյան ժամը վեցին արդեն եղել է Ավետիսյանների տանը:
Նրանք ասացին մի շատ կարևոր բան, որ սկսել են փնտրել, հայկական կողմին չեն հայտնել, հայկական կողմը փնտրման աշխատանքները սկսել է առավոտյան ժամը տասին, երբ հայտնաբերվել են Ավետիսյանների դիակները: Այսինքն երեքից տասն ընկած ժամանակահտվածում ռուսական բազայի հրամատարությունը պարտավոր էր դեպքի մասին հայտնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Սա կարևոր խախտում է:
Երկրորդը՝ իրենք հայտնեցին նաև, որ արդեն լայն ուժեր են ներդրել ռազմական բազայի տարածքից դուրս Պերմյակովին հայտնաբերելու ուղղությամբ: Սա ընդհանրապես արտառոց է՝ առանց հայկական կողմին իրազեկելու, ռուսական կողմը առանց մեր իրավապահների Գյումրիում սկսել է փնտրել իր զինվորին:
Մյուս հանգամանքը կարևոր է ելնելով այն տվյալից, որ Պերմյակովին գիշերը ժամը տասներկուսի մոտ են հայտնաբերել: Առավոտյան ժամը երեքից մինչև գիշերը ժամը տասներկուսը առնվազն քսանմեկ ժամ մարդը գտնվել է դրսում /ենթադրենք մեկ ժամ Ավետիսյանների տանը վառարան է վառել, տաքացել/, բայց առավոտվա ժամը վեցից հետո մինչև գիշերը տասներկուսը՝ տասնութ ժամ սոված-ծարավ, այդ ձմեռվա ցրտին, ինչ-որ քաղաքացիական համազգեստով որտե՞ղ է գտնվել Պերմյակովը:
Իսկ գուցե Պերմյակովին իրենք շո՞ւտ են բռնել: Այնպես ինչպես չէին հայտնել Հայաստանի իրավապահ մարմիններին, որ Պերմյակովը առնվազն յոթ ժամ գտնվում է ռազմաբազայից դուրս, նույն տրամաբանությամբ չէին էլ հայտնի Պերմյակովին հայտնաբերելու մասին:
Դատաքննությունը այս հարցերին պատասխաններ պետք է տար, այս հարցերին մենք պատասխաններ չունենք, բայց այս հարցերը հենց այս դատաքննության ընթացքում չպարզբանելով հանդերձ ևս մեկ կարևոր հիմնավորում է նրա համար, որ հայկական քննչական խումբը ռուսական կողմից պահանջի Պերմյակովի՝ բազայի տարածքը լքելու, զենքը ապօրինի վերցնելու և հայկական տարածքում գտնվելու քրեական գործի նյութերը, որովհետև սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն վերաբերում են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի նախաքննությանը: Ավելին՝ սրանք հարցեր են, որոնք վերաբերվում են ռուսական կողմի վարքագծին, պահվածքին և գործողություններին, որոնց տրամաբանությունը մեկն է՝ կոծկել հանցագործությունը, թաքցնել հանցագործին:
Բնականաբար այս հարցերին, այս դատաքննության ընթացքում պատասխաններ չստանալով, հիմնավորվում է իմ այն կասկածը, որ Պերմյակովը, գտնվելով ռուսական կողմի ամբողջական հսկողության տակ, լավ մշակվել է: