Պերմյակովի դատավճիռը մտել է ուժի մեջ
16:19, August 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱվետիսյանների ընտանիքի սպանության և Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը զենքով ապօրինի լքած Վալերի Պերմյակովի դասալքության մասով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, և նա այժմ պահվում է ռուսական ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական դատարանի կողմից Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա բանտարկության՝ դասալքության, ապօրինի զենքի կիրառման և այդ զենքը ռազմաբազայի տարածքից դուրս բերելու համար: Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ պետք է մտներ հրապարակման պահից 10 օր անց, սակայն նույն վճռով սահմանված չէր, թե որտեղ պետք է կրի իր պատիժը Պերմյակովը, մինչև սկսվի հայկական կողմի դատավարությունը:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ ոչնչից տեղյակ չեն: Այդ մասով ռուսական կողմը իրենց որևէ հարցում տեղյակ չի պահել: Դեռ հայտնի չէ նաև ժամկետը, թե երբ է Պերմյակովը հանձվելու հայկական կողմին:
Ժամկետի առումով ինֆորմացիա չուներ նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե որտեղ է Պերմյակովը կրելու պատիժը, այլ այն, թե երբ է նա հանձնվելու հայկական կողմին, որպեսզի մեզ մոտ ավարտվի նախաքննությունը և Ավետիսյանների սպանության մասով գործը վերջապես գնա դատարան:
Նշենք, սակայն, Ռուսաստանի Փաստաբանների միության նախկին փոխնախագահ, «Բինեցկի և գործընկերներ» իրավաբանական ընկերության ղեկավար, հայտնի իրավաբան Ալեքսեյ Բինեցկին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ Պերմյակովը պետք է անմիջապես հանձնվի հայկական կողմին: «Սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում, կապ չունի, թե ինչ ազգի ներկայացուցիչ է՝ պետք է հանձնվի Հայաստանին: Նա պետք է հայկական մեկուսարան տեղափոխվի և ամբողջությամբ դատվի Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն: Վերջ, ուրիշ տաբերակ չկա: Հնարավոր է՝ ռուսական հյուպատոսությունը օգնություն ցույց տա, պարզապես փաստաբաններ հրավիրի, միայն այդքանը: Միանշանակ է՝ հենց վճիռը մտավ օրինական ուժի մեջ, Պերմյակովը պետք է ֆիզիկապես հանձնվի Հայաստանի արդարադատությանը»,-ասել էր Ալեքսեյ Բինեցկին:
Լուսանկարը՝ SputnikArmenia.ru-ի