Ինչո՞ւ է ձգձգվում Պերմյակովի ֆիզիկական հանձնումը հայկական կողմին
10:40, August 31, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕգոստոսի 12-ին Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում ռուս զինծառայող Պերմյակովին մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ և դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:
Վալերի Պերմյակովի գործով կայացված վճիռը արդեն մի քանի օր է,ինչ մտել է օրինական ուժի մեջ: Սպասվում էր, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տեղի կունենա նրա արտահանձնումը հայկական կողմին, որպեսզի արդեն սկսվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննությունը:
Այս մասին Shabat.am-ը զրուցել է իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հետ:
՛’՛Խնդիրը կայանում է նրանում, որ ի սկզբանե Պերմյակովը չպետք է գտնվեր այնտեղ: Ի սկզբանե թույլ է տրվել կոպիտ խախտում, որովհետև Պերմյակովը սահմանի խախտման փորձի հիմքով ձերբակալվել է և նա,հայ-ռուսական սահմանապահ զորքերի մասին պայմանագրի համաձայն, պետք է հանձնվեր հայկական կողմին: Բայց երբ արդեն հայտնի է դառնում, որ նա նաև մեղադրվում է ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման հանցագործության կատարման մեջ, նաև հայ-ռուսական մյուս՝ ռուսական բազայի տեղակայման հետ կապված պայամագրով նա պետք է հանձնվեր հայկական կողմին: Այսինքն երկու պայմանագրերի տրամաբանությունը հուշում է, որ Պերմյակովը, այսպես թե այնպես, պետք է հանձնվեր հայկական կողմին իր կողմից կատարված հանցագործությունների կասկածանքի հիմքով: Այն ինչ չի արվել մինչ այժմ, պետք է արվի հիմա, բայց քանի որ մենք տեսնում ենք, որ կան ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, ենթատեքստ այդ չհանձնելու հիմքում, դա ,կարծում եմ, մինչև հիմա չի հաղթահարվել: Երևի թե ռուսական կողմը ակնկալում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը արդեն ուշադրություն չի դարձնի, բայց, կարծում եմ, չարաչար սխալվում է՛՛,-ասաց նա:
Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե երբ Պերմյակովը ֆիզիակապես կհանձնվի հայկական կողմին, սակայն այնտեղի տեղեկավտության և հասարակայնության կապերի բաժնից ասացին, որ նախաքննությունն իրականացնող մարմինը չի զբաղվում այդ հարցով և պետք է դիմել այլ պատկան մարմինների, չհստակեցնելով կոնկրետ թե որ մարմինների մասին է խոսքը:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, սակայն, նկատում է ՝ Պերմյակովի արտահանձման մասին հարցին պետք է պատասխանի ՀՀ Քննչական կոմիտեն, քանի որ Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարն է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարի հետ ստորագրել համաձայնագիր Ավետիսյանների սպանության գործով համագործակցելու նպատակով:
՛՛Ես դա կարող եմ գնահատել, այսպես կոչված, ազնիվ պատասխան, որ իրենցից ոչինչ կախված չէ և այդ պատկան մարմինները քաղաքական մարմիններ են՛՛,-ասաց Սաքունցը, անդրադառնալով քննչական կոմիտեից ստացված պատասխանին:
Նշենք, որ նույն հարցի վերաբերյալ մենք նաև գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը: