«Նախագիծը ոչ թե էական նահանջ է, այլ բոլորովին այլ պետության կոնցեպցիա». Սաքունց
10:45, September 2, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Իրականություն է այն, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը լուրջ հակասության մեջ է մտնում հենց հայեցակարգի հետ, որը նույն հանձնաժողովը դեռևս անցյալ տարի էր հրապարակել, լուրջ հակասության մեջ է մտնում գործող Սահմանադրության հետ և լուրջ հետընթաց ենք արձանագրում նաև մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով սահմանված նորմերից»,- այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով այդ հակասություններին՝ Սաքունցն ասաց. «Առաջին հերթին հենց հայեցակարգում նշվում է, որ իբր իրավունքների ու ազատությունների վերաբերյալ սահմանափակումները գործող Սահմանադրության մեջ հստակ չեն, բայց երբ նայում ենք, թե իրենք ինչ են առաջարկել այդ սահմանափակումների վերաբերյալ հոդվածում, ապա տեսնում ենք, որ ոչ թե էական, այլ սկզբունքային շատ մեծ նահանջ կա գործող Սահմանադրության նկատմամբ: Վերջինիս մեջ ասվում է, որ իրավունքի սահմանափակումը պետք է անհրաժեշտ լինի և ի շահ ժողովրդավարական հասարակության: Առաջարկվող նախագծում ընդհանրապես ժողովրդավարական հասկացությունը գոյություն չունի: Սա ոչ թե էական նահանջ է, այլ բոլորովին այլ պետության կոնցեպցիա»,- նշեց նա:
Ա. Սաքունցը նաև ասաց, որ ներկայացված նախագծով խախտվում է աշխարհիկ պետության սկզբունքի փաստը, ինչը, ըստ նրա, լուրջ մարտահրավեր է. «Նախագծով սահմանվում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ նշանակությունը հենց այսօրվա հայ ժողովրդի հոգևոր զարգացման և այլ հարցերում, բայց գործող Սահմանադրության մեջ նշվում է նրա բացառիկ դերը պատմական տեսակետից: Ստացվում է՝ Սահմանադրությունն իմ մտքի, խղճի, հոգու տնօրինման իրավունքը վերագրում է Հայ առաքելական եկեղեցուն՝ մի կրոնական կազմակերպության, որը հենց Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող դրույթ է, այսինքն՝ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական պետության գաղափարին»:
Ըստ Սաքունցի՝ սրանք այն երկու հիմնական, արմատական խնդիրներն են, որոնք սահմանադրական փոփոխությունների այս նախագծով ամրագրվում են. «Սրանով մենք արձանագրում ենք էական նահանջ ոչ միայն գործող Սահմնադրությամբ ամրագրված սկզբունքներից ու մոտեցումներից, այլև միջազգային պարտավորություններից»,- ասաց նա:
Աղբյուրը՝ http://armtimes.com/hy/read/69347