Անպատասխանատո՞ւ. կառավարությունը քննադատության է արժանանում նախարարի պաշտոնը երկար ժամանակ թափուր թողնելու համար
11:05, September 2, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի հավանական թեկնածուներից մեկն է` հաղորդել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ նոր նախարարը կնշանակվի առաջիկա 10-15 օրերի ընթացքում:
Անցյալ տարվա ապրիլին արդարադատության նախարար նշանակված Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին երկրի նախագահի հրամանագրով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Ասվում էր, թե արձակուրդում գտնվող Մանուկյանն ինքն էր հրաժարականի դիմում ներկայացրել, սակայն պատճառների մասին այդպես էլ չխոսվեց:
Մանուկյանի հրաժարականից հետո օգոստոսի 31-ին տեղի ունեցավ կառավարության արդեն 7-րդ նիստը, որում, չնայած շատերի ակնկալիքներին, դարձյալ չհրապարակվեց նոր նախարարի անունը:
Կառավարության պաշտոնների երկարաժամկետ թափուր տեղերը արդեն նորություն չեն. 2014-ի ապրիլին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո նոր նշանակում տեղի չունեցավ: 2014-ի հոկտեմբերին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականից մեկ ամիս հետո միայն Վաչե Գաբրիելյանը նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով` սա կապված է կառավարող մարմինների հաշվետվողականության և թափանցիկության բացակայության հետ:
«Շատերն են ազատվում իրենց պաշտոնից կամ նշանակվում նոր պաշտոնի, բայց հանրությունը չի իմանում պատճառների, փոփոխությունների, հիմնավորումների մասին, մի բան, որը իշխանության ոչ պատասխանատու գործելակերպի արդյունքն է»,- ասաց նա:
Սաքունցը նշեց, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատանքում կարևորը աշխատակազմն է, բայց քաղաքականության իրականացման և մշակման պատասխանատուն նախարարն է:
«Քանի որ մենք ամիսներ շարունակ չունենք նախարար, արդարադատության նախարարության գործառույթներում իրականացվող քաղաքականության մասով չունենք պատասխանատու, չունենք այս ոլորտում իրականացվող քաղաքականություն, մի բան, որը լիովին համապատասխանում է ներկայիս իշխանությունների գործելակերպին»,- եզրափակեց Սաքունցը:
Աղբյուրը՝ http://armenianow.com/hy/news/politics/65884/armenia_justice_minister_post_artur_sakunts_vacant