Արման Անտոնյանի գործով բողոքի քննությունը կշարունակվի
19:10, September 2, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2015 թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Մ. Մակյանի, շարունակվեց Արման Անտոնյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը ներկա էին բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը, Երևան քաղաքի դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հ. Սարգսյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Գեղամյանը:
Ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը՝ Ա. Սաքունցը ուշադրություն հրավիրեց քրեական գործի անարդյունավետ նախաքննության վրա, որը պետք է փաստական տվյալների ամբողջական, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության հիման վրա հերքեր տուժողի իրավահաջորդի այն պնդումները, որ իր որդին մահացու հիվանդությունը ձեռք է բերել բժիշկ Ա. Բաղդասարյանի մոտ հետազոտվելու և բուժվելու ընթացքում:
Ա. Սաքունցը պնդեց, որ վարույթն իրականացնող մարմինն անմիջապես չի կատարել անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես, միջոցներ չի ձեռնարկել «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնից» Ա. Անտոնյանի վերաբերյալ փաստաթղթերը և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ պարագաներ առգրավելու ուղղությամբ, չեն պարզվել նաև Ա. Անտոնյանի հետ նույն կենտրոնում բուժում ստացած անձանց շրջանակը և նրանց ախտորոշումները:
Ըստ ներկայացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների՝ հիվանդության ձեռքբերման ժամանակահատվածը համընկնում է կենտրոնում բուժվելու ժամանակահատվածին: Ա. Սաքունցը հիմնավորեց նաև այն հանգամանքը, որ Ա. Անտոնյանը որևէ այլ ճանապարհով, քան բժշկական միջամտությունների միջոցով, չէր կարող վարակվել հեպատիտ «B» հիվանդությամբ: Բողոքով Ա. Սաքունցը ներկայացրեց մի շարք այլ հարցեր ևս, որոնք այդպես էլ չէին բացահայտվել կատարված նախաքննության արդյունքում և, պնդելով ներկայացված բողոքը, պահանջեց վերացնել բողոքաբերի իրավունքների և ազատությունների խախտումներն ու գործն ուղարկել նախաքննության:
Նախագահող դատավոր Մ. Մակյանի այն հարցին, թե ինչ նշանակություն ունի բժշկական քարտ չունենալու հանգամանքի պարզումը, Ա. Սաքունցը պատասխանեց, որ քարտի բացակայությունը կարող է դիտավորության հետևանք լինել:
Վարույթն իրականացրած քննիչ Գեղամյանը նշեց, որ քրեական գործի նյութերը կազմվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-ր հոդվածի պահանջների պահպանմամբ, ստուգվել են բոլոր հնարավոր վարկածները, միջոցներ են ձեռնարկվել ինչպես «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի», այնպես էլ Վանաձորի բժշկական կենտրոնի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ, այնուհետև հավելոց, որ Ա. Անտոնյանի բժշկական փաստաթղթերը չեն առգրավվել նյութերի՝ նախապատրաստման փուլում գտնվելու պատճառով, երբ հնարավոր չէր դա անել:
Նշվեց նաև, որ հեպատիտ «B» հիվանդությամբ, ըստ անձանց, որևէ վիճակագրություն չի կատարվում՝ բժշկական գաղտնիքի պահպանման պատճառով, իսկ հիվանդության պատմագիրը բուժումը ավարտելուց հետո տրվել է հիվանդին, ինչը հիմնավորվում է Կառավարության համապատասխան որոշմամբ:
Նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազ Հ. Սարգսյանը խնդրեց մերժել ներկայացված բողոքը՝ գտնելով, որ գործով նշանակված երեք փորձաքննությունների ընթացքում փորձագետները մասնագիտական պարտականությունների խախտման փաստեր չեն արձանագրել:
Ա. Սաքունցն անհրաժեշտ համարեց հավելել, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ առաջադրվել են մի շարք հարցադրումներ, որոնք չէին բացահայտվել սկզբնական նախաքննության ընթացքում, նա ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները՝ նշելով, որ հիշյալ որոշման կայացումից հետո կատարված նախաքննությունը կրկին չի տվել այդ հարցերի պատասխանները:
Ի պատասխան՝ վարույթն իրականացրած Ա. Գեղամյանը նշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված խախտումները հետագայում վերացվել են:
Նախագահող դատավոր Մ. Մակյանը հայտարարեց, որ դատարանը որոշակի ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում՝ բժշակական քարտը հիվանդին հանձնելու մասով և հետաձգեց դատական նիստը:
Սույն գործով բողոքի քննությունը կշարունակվի 2015 թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 16:30-ին:
Հիշեցնենք, որ Ա. Անտոնյանը 2010թ. հունվարի 17-ից մինչ փետրվարի 27-ը չբերության գանգատով բուժման կուրս է անցել Երևանի «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնում»: 2010թ. մարտ ամվսա վերջերին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 2010 թ. ապրիլի 1-ին՝ անգիտակից, կոմային վիճակում տեղափոխվել է Երևան քաղաքի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է «հեպատիտ B» հիվանդությունից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետագայում հիշյալ գործի վարույթը կարճվել է: Նախաքննությունը զոհի ընտանիքին հասանելի չլինելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ սահմանված կարգով բողոք է ներկայացվել նախ դատախազություն, ապա՝ դատարան: