Անի Բոշյանի գործով բողոքը մերժվեց
12:52, September 3, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2015 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, շարունակվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Ա. Բոշյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից բերված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ վարույթն իրականացրած մարմնի արձակուրդում գտնվելու պատճառով:
Սույն դատական նիստին մասնակցում էին Ա. Բոշյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը և ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանը: Վերջինս բողոքի դեմ ներկայացված առարկություններում նշեց, որ քրեական գործի նյութերով բավարար տվյալներ ձեռք չեն բերվել Ա. Բոշյանից ցուցմունքներ կորզելու վերաբերյալ, վերջինիս կողմից վարույթն իրականացնող մարմնին հայտնված յուրաքանչյուր փաստարկ ուշադրության է արժանացել և արդյունքում կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ն. Բարսեղյանը հայտնեց նաև, որ Ա. Բոշյանի գործով դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություններ նշանակելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ առաջինի դեպքում բողոքաբերների կողմից մատնանշված՝ Ա. Բոշյանի կամքը կոտրելը պարզել հնարավոր չէր, իսկ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու դեպքում հնարավոր չէր պարզել Ա. Բոշյանի նկատմամբ ճնշումեր գործադրելու հանգամանքը:
Վարույթն իրականացրած մարմնի առարկությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալով՝ Ա. Սաքունցը նշեց, որ բողոքում բարձրացված բազմաթիվ հարցերի այդպես էլ պատասխաններ չտրվեցին, արձանագրեց, որ գործով ներգրավված վկաների ցուցմունքներում եղել են ակնհայտ հակասություններ, քննություն չի կատարվել Ա. Բոշյանի հոր՝ Հակոբ Բոշյանի՝ ոստիկանության բաժնում գտնվելու պատճառները պարզելու ուղղությամբ:
Այսպիսով, բավարար համարելով դատարան ներկայացված հիմքերը, Ա. Բոշյանի ներկայացուցիչը խնդրեց բավարարել դիմումը և վերացնել դիմումատուի իրավունքների ու ազատությունների խախտումները:
Դատարանն անցավ բողոքի վերաբերյալ նյութերի հրապարակմանը, որից հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Քիչ անց հրապարակված որոշմամբ նախագահող դատավոր Ա. Մկրտչյանը մերժեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Անի Բոշյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի ներկայացրած բողոքը:
Ա. Բոշյանի ներկայացուցիչները Դատարանի որոշման դեմ բողոք կներկայացնեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Կից նյութը տես՝ http://archive.hcav.am/events/03-08-54154215/