Հետախուզման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը շարունակում է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների հսկողության ներքո
16:16, September 4, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքՔննչական կոմիտեի քննիչը հրաժարվում է մեկնաբանություն տալ
2015թ. հուլիսի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Վարդանուշ Խեչիկյանը, ով հայտնել է, որ իր որդին՝ Գարիկ Լևոնի Խեչիկյանը, 2014թ. հունվարի 16-ին պայմանագիր է կնքել՝ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ, սակայն սոցիալական պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված՝ զեկուցագիր է ներկայացրել՝ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը պայմանագրային ծառայությունից զորացրվելու վերաբերյալ և չսպասելով համապատասխան հրամանի ընդունմանը՝ աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Դիմումատուն հայտնել է նաև, որ Գ. Խեչիկյանը հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ-ում:
Հետախուզում հայտարարելու հիմքերի և Գ. Խեչիկյանին Հայաստան չտեղափոխելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով Գ. Խեչիկյանի կինը՝ Ի. Խեչիկյանը և մայրը՝ Վ. Խեչիկյանը, գրությամբ դիմել են իրավասու պետական մարմիններին: Պատասխան գրության մեջ նշվել է, որ 2014 թվականի փետրվարի 3-ին Գ. Խեչիկյանը ներկայացել է ՀՀ ՊՆ 27229 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակ և զեկուցագիր է գրել, որի համաձայն ընդունել է իր պաշտոնը և պարտավոր է եղել 05.02.2014թ. ներկայանալ ծառայության, սակայն չի ներկայացել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի առաջին մասով, որով Գարիկ Խեչիկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ 2014թ. դեկտեմբերի 18-ին տեղեկատվություն է ստացվել նրա՝ ՌԴ-ում ձերբակալված լինելու մասին, որից հետո նրա վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են ՌԴ՝ վերջինիս՝ Հայաստանի Հանրապետությանը հանձնելու գործընթացն իրականացնելու նպատակով:
Ամիսներ շարունակ գործի վերաբերյալ այլ տեղեկություններ չստանալով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Հ. Ռ. Մելքոնյանին գրությամբ խնդրել է՝ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ պատճառներով է Գ. Խեչիկյանը մինչ օրս գտնվում ՌԴ իրավապահ մարմինների հսկողության ներքո, ինչ գործողություններ են կատարվել Գ. Խեչիկյանին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, և երբ է նախատեսվում նրան Հայաստան տեղափոխել՝ խնդրանքը հիմնավորելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով և <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով:
Պատասխան գրությամբ քննիչ Հ. Ռ. Մելքոնյանը, հակառակ օրենքի տրամաբանությանը, հրաժարվել է տրամադրել Գ. Խաչիկյանին Հայաստան տեղափոխելու ժամկետների մասին տվյալներ՝ դրանք համարելով նախաքննության գաղտնիք: