Խուդոյանների գործը՝ կրկին ՀՀ Վճռաբեկ դատարանում
17:50, September 17, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՆախկինում տեղեկացրել էինք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ: Հիշեցնենք, որ վերջիններս իրենց բնակարանի շուրջ ծագած խնդրով 2013 թ. նոյեմբերի 28-ից նստացույց էին սկսել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, որտեղից էլ օրեր անց ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ հեռացվել էին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի պատճառով:
Դեպքի առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հ. Մակարյանի կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ.Ռ.Հարությունյանը 2014 թ. մարտի 3-ին կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ ոստիկանության ծառայողների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Հիշյալ որոշումը բողոքարկվել էր նախ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, սակայն թողնվել էր օրինական ուժի մեջ: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ Ա. Սաքունցը և Հ. Մակարյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացրել էին վճռաբեկ բողոք ՀՀ Վճռաբեկ դատարան:
Ներկայացված բողոքը, սակայն, ՀՀ Վճռաբեկ դատարանի 2014 թ. սեպտեմբերի 18-ի որոշմամբ թողնվել էր առանց քննության, քանի որ այն չէր ստորագրվել փաստաբանի կողմից:
Հետագայում՝ 2015թ. մարտի 17-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթները, որոնք պարտադիր պահանջ էին նախատեսում վճռաբեկ բողոքը փաստաբանի կողմից ստորագրված լինելու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Հ. Մակարյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը, նոր հանգամանքի հիմքով 2015 թ. հունիսի 20-ին կրկին վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թ. հուլիսի 16-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Քննարկելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2014 թ. սեպտեմբերի 18-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու հարցը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 2015 թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ գտել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Տ. Սիրադեղյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը համապատասխանում է նոր հանգամանքի հիմքով գործի վերանայմանը ներկայացվող պահանջներին և որոշել է նոր հանգամանքի հիմքով հարուցել իր՝ 2014 թ. սեպտեմբերի 18-ի որոշման վերանայման վարույթ:
Այսպիսով՝ Ա. Խուդոյանի և Հ. Մակարյանի իրավունքների պաշտպանության նպատակով դեռևս 2014 թ. օգոստոսի 8-ին ՀՀ Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքը կրկին կքննության կառնվի ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից: