Զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
21:45, September 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք2015 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում, նախագահությամբ դատավոր՝ Հ. Պետրոսյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն բողոքով Ա. Սաքունցը պահանջել է՝ վերացնել թիվ 91153414 քրեական գործով տուժող Գրիշա Խաչատրյանի իրավունքների խախտումը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Սաքունցը, վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանը և կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանը:
2015 թ. սեպտեմբերի 28-ի դատական նիստի ընթացքում Ա. Սաքունցը ներկայացրեց բողոքը, ինչպես նաև՝ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո կազմված բողոքի լրացումը: Այնուհետև հիմնավորումներ ներկայացրեց Գ. Խաչատրյանի կյանքի իրավունքի խախտման և մահվան դեպքով մի շարք հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չկատարելու վերաբերյալ և խնդրեց՝ վերացնել տուժող Գ. Խաչատրյանի իրավունքների խախտումը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:
Վարույթն իրականացրած մարմին Լ. Եղոյանը և վերահսկող դատախազ Ա. Հարությունյանը խնդրեցին հետաձգել դատական նիստը՝ Ա. Սաքունցի կողմից ներկայացված բողոքի լրացմանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Սույն գործով բողոքի քննությունը կշարունակվի 2015 թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Գ. Խաչատրյանը 2014 թ. հունիսի 20-ին` ժամը 10:35-ի սահմաններում մահացել է զորամասի մարտական հենակետի դիտակետում՝ գլխի աջ մասից կրակահերթով արձակված վնասվածներից: Դեպքի առթիվ 2014 թ. հունիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, որի շրջանակներում Գ. Խաչատրյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության արդյունքում, սակայն, կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Տես նաև՝ hcav.am