Առաքել Մովսիսյանի գործով. Դատարանը մերժեց Ա. Սաքունցի կողմից ներկայացված բողոքը
18:28, October 2, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015թ. հունիսի 26-ի որոշման դեմ բերված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով՝ խնդրելով վերջինիս նկատմամբ հարուցել քրեական գործ, սակայն ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով կողմերը դատական նիստին չէին ներկայացել՝ խնդրելով բողոքի քննությունը շարունակել իրենց բացակայությամբ:
Դատարանը, հիմք ընդունելով կողմերի՝ պատշաճ կերպով ծանուցված լինելը և ներկայացված հիմնավորումները, որոշեց դատական նիստը շարունակել բողոքաբերի և վարույթն իրականացնող մարմնի բացակայությամբ:
Նախագահող դատավոր Լ. Ավետիսյանն անցավ գործում առկա ապացույցների հետազոտմանը, որից հետո, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Քիչ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով ներկայացված բողոքը՝ հաստատելով հիշյալ որոշման օրինականությունը:
Տես նաև՝ hcav.am