Սերժ Սարգսյանը տանելու է պյուրոսյան հաղթանակ
11:06, October 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Առաջին լրատվական»-ի զրուցակից ՀՔԱՎԳ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիտարկումներ արեց՝ անդրադառնալով նոր սահմանադրական նախագծի հետ կապված գործընթացներին: «Սերժ Սարգսյանը բարոյապես իրավունք չուներ սահմանադրական փոփոխություններ կատարելու: Կարևոր է, թե ով է նախաձեռնողը: Այդ նախաձեռնող անձը սահմանադրական դրույթները ոչ միայն խախտողն է, այլ նաև սահմանադրական դրույթները խախտած վիճակը չվերականգնողն է»:
«Հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը և հարցազրույց է տալիս, և այդ անձը, որ Մարտի 1-ի հանցագործության հիմնական պատասխանատուն է, նույնիսկ համարձակվում է գնահատականներ տալ,- նշեց Ա. Սաքունցը և հավելեց. «Իսկ Շարմազանովը մոռանում է, որ արատավոր համակարգի հիմնական կրողը հենց հանրապետական կուսակցությունն է: Կա ոչ թե սահմանադրական ճգնաժամ, այլ կա վստահության ճգնաժամ քաղաքական ուժերի նկատմամբ: Քաղաքացին իր անտարբերությամբ իր գնահատականը ցույց է տալիս:
Սերժ Սարգսյանը տանելու է պյուրոսյան հաղթանակ, բովանդակային որևիցե բան չի փոփոխելու: Եթե փորձի էլ նույնիսկ իր իշխանության շարունակության համար, հանձինս պառլամենտական կառավարման, ստեղծի այդպիսի համապատասխան կառավարման համակարգը, դա կլինի ուղղակի հաղթանակ ավերակների վրա այս անվստահության ամբողջ մթնոլորտում: Սերժ Սարգսյանը խախտելու է նաև իր սահմանադրությունը»:
Արթուր Սաքունցը զրույցի ավարտին հավաստիացրեց, որ ճգնաժամի առաջացման հետ միաժամանակ ձևավորվում են նաև ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու ելքերը, և կարևոր իրադարձությունները դեռ առջևում են:
Տեսանյութը՝ www.youtube.com